Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը երեկ ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Դերեք Հոգանի հետ հեռախոսով քննարկել է տարածաշրջանային անվտանգությանն ու կայունության հարցեր։
Ըստ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության՝ հունիսի 12-ին Վաշինգտոնում նախատեսվող քննարկումներին ընդառաջ Միրզոյանն ու Հոգանն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի առանցքային հարցերին, այդ թվում՝ սահմանազատման ու սահմանային անվտանգության ապահովման, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի պատշաճ հասցեագրման շուրջ:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է սահմանազատման գործընթացում հնարավոր առավելագույն որոշակիության ապահովման, մասնավորապես, 1975թ. քարտեզի շուրջ հանձնառության կարևորությունը:
Օրերս խորհրդարանում Միրզոյանը հայտարարել էր՝ չկա վերջնական պայմանավորվածություն, թե որ քարտեզներով պետք է Հայաստանն ու Ադրբեջանը սահմանազատում իրականացնեն՝ միևնույն ժամանակ տեղեկացնելով, որ Քիշնևում Նիկոլ Փաշինյանի հետ վերջին հանդիպմանը Իլհամ Ալիևը կարծես դեմ չի եղել 1975 թվականի քարտեզներին, թեև մինչև այդ մշտապես մերժել է դրանք։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վերջնական պայմանավորվածություն չկա, թե որ քարտեզով պետք է սահմանազատում կատարվի․ Արարատ Միրզոյան ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Կոնկրետ քարտեզի հիման վրա սահմանազատման պայմանավորվածություններ չեն եղել»․ Բաքվի արձագանքը՝ ՀՀ ԱԽ քարտուղարինԱրարատ Միրզոյանը ևս մեկ անգամ ամերիկացի գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել բանակցային գործընթացին զուգահեռ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից հնչող ագրեսիվ հռետորաբանության վրա՝ շեշտելով ուժի կիրառման սպառնալիքի բացառման և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգման անհրաժեշտությունը:
Հունիսի 12-ին Վաշինգտոնում կմեկնարկի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը։ Վերջին անգամ նրանք հանդիպել են մայիսի սկզբին կրկին ԱՄՆ-ում։ Այդ բանակցություններին կհաջորդի Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը Բրյուսելում՝ հուլիսի 21-ին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նախարարներն «ունեցել են փոխըմբռնման առաջընթաց», «մի շարք հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամետ»