Մատչելիության հղումներ

Եթե Տիգրանաշենը տրվի Ադրբեջանին, ճանապարհի հետ լուրջ խնդիր ենք ունենալու. քարտեզագիր


Քարտեզագիր Ռուբեն Գալչյան
Քարտեզագիր Ռուբեն Գալչյան

«Անկլավների հետ պետք է զգույշ վարվել», - շեշտում է քարտեզագիր Ռուբեն Գալչյանը՝ զգուշացնելով, որ Տիգրանաշենը հանձնելու դեպքում Երևանը Վայոց ձորին, Սյունիքին, այնտեղից էլ Իրանին կապող միջպետական մայրուղու մի հատվածի վերահսկողությունը կանցնի Ադրբեջանին՝ դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով:

Մոլդովայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը անդրադառնալով հարցին, թե 1975 թվականի քարտեզով, որով Հայաստանը ցանկանում է Ադրբեջանի հետ դելիմիտացիա անցկացնել, Տիգրանաշենը Հայաստանի՞նն է, թե՞ Ադրբեջանինը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր՝ եթե կպարզվի, որ այդ քարտեզով Ադրբեջանինն է՝ Հայաստանը ոչ մի խնդիր չունի։

Փաշինյանը պնդել էր, որ չկա այնպիսի անկլավ, որի հանձնումը անլուծելի ճանապարհային խնդիրներ առաջացնի. - «Ես ուզում եմ, որ մենք էդ հարցի արժեքը չգերագնահատենք։ Որովհետև տենց անկլավ չկա, որը մեզ համար առաջացնի ճանապարհային էնպիսի պրոբլեմ, որը անլուծելի ա։ Չկա տենց հարց»։

Մինչդեռ Գալչյանը հենց քարտեզի վրա կետ առ կետ ցույց է տալիս այլընտրանքային այդ ճանապարհը, որն անցնում է գյուղերով, նախատեսված է միայն մարդատար, այլ ոչ թե բեռնատար մեքենաների համար. - «Տիգրանաշեն անկլավը Ադրբեջանին եթե տանք, այս ճանապարհը կդադարի աշխատելուց։ Եթե դադարի, ուրեմն մենք պիտի գնանք Արարատում գյուղական ճանապարհներով, երկար ճանապարհ անցնենք։ Ես անցյալ ամառ քանի անգամ անցել եմ այդ ճանապարհը, շատ գեղեցիկ ճանապարհ է, նեղ ճանապարհ է, գյուղական ճանապարհ է։ Եվ եթե երկու մարդատար ավտո դեմ դիմաց են գալիս, պիտի զգույշ անցնեն, որ տեղ լինի անցնելու, իրար չբախվեն»։

Գալչյանը նշեց, որ եթե անկալվների փոխանակման հարցը ակտիվ քննարկաման փուլ է մտել, արդեն երեկ պետք է սկսվեր այդ այլընտանքի կառուցումը. - «Այդ ճանապարհը մինչև լայնացնի, դարձնի միջազգային ստանդարտի ճանապարհ, տարիներների խնդիր է։ Մեկ տարի, երկու տարի կտևի դա։ Նվազագույնը ամիսներ՝ վեց ամիս-մեկ տարի, կտևի, Պարսկաստանի հետ մեր բեռնատարների կապը կկտրվի։ Հսկայական տնտեսական վնասներ կկրենք»։

Կա՞ արդյոք նման ծրագրի, ե՞րբ է սկսվելու այդ այլընտրանքային ճանապարհի կառուցումը՝ եթե, իհարկե, նման նպատակ կա։ «Ազատության» այս հարցերին Տարածքային կառավարման նախարարությունից չպատասխանեցին։

Քարտեզագիր Գալչյանը ահազանգում է՝ անկլավների հնարավոր փոխանակման դեպքում դա չպետք է թողնել վերջին պահին, ինչը տեղի ունեցավ Ադրբեջանի վերհսկողության տակ անցած Գորիս - Կապան ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածի հետ։ Հայաստանի իշխանությունները այն ժամանակ հայտարարեցին, որ արագ կբարեկարգեն այլընտրանքային գրունտային ճանապարհը։ Բայց այն, օրինակ, հարմար չէր իրանցի բեռնափոխադրողների համար. - «Յոթանասուն տարի է գիտեինք, որ էդ կտորը Ադրբեջանի միջով է անցնում։ Երբ որ գրավել էինք էդ տարածքները, մտածում էին, դա մերն է, պետք չի ոչինչ անել, ավելորդ ճանապարհ կառուցել։ Բայց չէինք մտածում, որ օրերից մի օր եթե Ադրբեջանը էդ հողերը հետ վերցնի, մենք ի՞նչ ճանապարհով պիտի հասնենք Կապան։ Մենք ամեն տեղ տարբերակ պետք է ունենանք ճանապարհների համար, քանի որ նման մի հարևան ունենք։ Եթե նույնիսկ անկլավները չենք տալու, մենք այլընտրանքի ճանապարհը պիտի կառուցենք»։

90-ականների պատերազմից հետո Տավուշի մարզում ադրբեջանական 7 անկլավային գյուղ է մնացել, Արարատի մարզում էլ՝ Տիգրանաշենը, իսկ ադրբեջանական կողմում մնացել է երբեմնի հայաբնակ Արծվաշենը։

Փաշինյանն անկլավների մասին խոսլեիս միշտ ընդծում է՝ փոխանկման հարցում վերջնական որոշում չկա։ Ադրբեջանի մեջ մխրճված հայկական Արծվաշենը, սակայն, փորձագետների կարծիքով ռազմավարական որևէ նշանակություն չունի։ Եվ եթե կշեռքին դրված է Արծվաշեն, թե Տիգրանաշեն, հայկական կողմը պետք է պահի Տիգրանաշենը։

XS
SM
MD
LG