Տոյվո Կլաարը Երևանում է. քննարկվել են տարածաշրջանային զարգացումները

Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Երևանում է, նրան այսօր ընդունել են վարչապետը, փոխվարչապետը, արտգործնախարարը։

Նիկոլ Փաշինյանն ու Տոյվո Կլաարը քննարկել են, մասնավորապես, Բրյուսելում և Քիշնևում տեղի ունեցած եռակողմ ու հնգակողմ հանդիպումներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Վարչապետ Փաշինյանը կարևորել է դրանց հետևողական իրականացումը, փոխանցում են կառավարությունից։

«Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին, միջազգայնորեն երաշխավորված երկխոսության մեխանիզմի ներքո Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրմանը վերաբերող հարցերի», - ասված է հաղորդագրության մեջ:

Արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ, վերահաստատելով հայկական կողմի՝ տարածաշրջանում համապարփակ ու երկարատև խաղաղության հաստատման հանձնառությունը, ընդգծել է համապարփակ կարգավորման նպատակով առկա առանցքային խնդիրների հասցեագրման փոխադարձ հանձնառության պահպանման և այդ ուղղությամբ միջազգային գործընկերների շարունակական ջանքերի կարևորությունը, հավելում են ԱԳ նախարարությունից։

Ըստ փոխվարչապետի գրասենյակի՝ Գրիգորյանն ու Կլաարը քննարկել են տարածաշրջանային զարգացումները, այդ թվում՝ Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղային հաղորդակցության վերականգման և կազմակերպման հեռանկարները, սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի հետագա աշխատանքների հետ կապված հարցեր:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվայում «ձեռք է բերվել ընդհանուր փոխըմբռնում Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղու վերականգման հարցում»

Նախքան ժամանումը Կլաարը Թվիթերում գրել էր՝ «մեկնում Երևան՝ շարունակելու Եվրամիության բարձր մակարդակի ներգրավվածությունը»։

ԵՄ հատուկ ներկայացուցիչը Երևանից կմեկնի Բաքու։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ հատուկ ներկայացուցիչը ժամանում է Հայաստան