Թուրքիայի նորանշանակ փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը այսօր հայտարարել է, որ նորանշանակ կառավարության առաջնահերություններից մեկը լինելու է տնտեսական կացության կայունացումը, մասնավորաբար, պայքարը գնաճի դեմ, հաղորդում է Reuters գործակալությունը։
«Իմ պաշտոնավարման ընթացքում առաջնահերությունները լինելու են պայքարը գնաճի դեմ և երկրում ներդրումային մթնոլորտի բարելավումը», - նշել է Յըլմազը, որը փոխնախագահի պաշտոնում փոխարինել է Ֆուադ Օքթային։
Յըլմազը 56 տարեկան է, նախկինում նա կառավարության տնտեսական բլոկում մի շարք կարևոր պաշտոններ է զբաղեցրել։
2009-ից 2011 թվականներին Յըլմազը աշխատել է որպես պետնախարար, 2015-16 թվականներին՝ զարգացման նախարար։
Բացի այդ 2015 թվականին, Ահմետ Դավութօղլույի վարչապետության շրջանում, Յըլմազը մոտ երեք ամիս զբաղեցրել է փոխվարչապետի պաշտոնը։ Թուրքիայի նորանշանակ փոխնախագահը ազգությամբ թուրք չէ, նա քրդերին մոտ համարվող զազա էթնիկ խմբի ներկայացուցիչ է։