Կոսովոյի հյուսիսային սերբաբնակ տարածքներում կարող են տեղի ունենալ նոր ՏԻՄ ընտրություններ

ՆԱՏՕ-ի խաղաղապահները հսկում են Կոսովոյի հյուսիսային սերբաբնակ ավանների վարչական շենքերը

Մակրոնը, Շոլցը և Բորելը զրուցել են Օսմանիի և Վուչիչի հետ

Կոսովոյի սերբաբնակ հյուսիսային չորս շրջաններում վիճակը համեմատաբար կայուն է, բողոքի ակցիաներ կան, սակայն ՆԱՏՕ-ի խաղաղապահների և տեղացի սերբերի միջև խոշոր բախումներ չեն գրանցվել:

Տեղական իշխանության մարմինների թեման քննարկվել է երեկ Մոլդովայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովում, որտեղ Կոսովոյից ներկա էր նախագահ Վյոսա Օսմանին, իսկ Սերբիայից՝ նախագահ Ալեքսանդար Վուչիչը:

Նրանց հետ զրուցել են Եվրամիության երկու ծանրքաշային պետությունների ղեկավարները՝ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն, ինչպես նաև Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոլդովայում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը

Ինչպե՞ս կլուծվի ՏԻՄ ընտրությունների հանելուկը

Եվրոպան Կոսովոյին կոչ է անում ՏԻՄ նոր ընտրություններ անցկացնել: Կոսովոն ապրիլին այդ անհանգիստ տարածքում տեղական ընտրություններ է նշանակել: Պրիշտինայի փոխարեն Բելգրադն իրենց մայրաքաղաքը համարող սերբերը հրաժարվել են քվեարկությունից, ենթադրելով, որ դա ոչ միայն նվաստատցուցիչ է, այլև հակասում է ազգային շահերին:

Դրա արդյունքում ընտրողների ընդհանուր սոսկ 3.5 տոկոսն է քվեարկել, և ալբանացի թեկնածուներն ընտրվել են տեղական իշխանության գրասենյակներ:

Երբ եկել է պաշտոնները ստանձնելու ժամանակը՝ սերբերը վրդովվել են, ասելով, թե «էդ ի՞նչ իրավունքով մեզ պետք է ղեկավարեն մարդիկ, ովքեր մեծամասնության կողմից չեն ընտրվել»:

Երեկ Միտրովիցայում մի խումբ ալբանացիներ Ալբանիայի և Կոսովոյի դրոշները պարզելով՝ փոքր հանրային ակցիան են կազմակերպել:

«Այս ամենն անում են քրեական խմբերը Սերբիայից և Ռուսաստանից, նրանք գալիս են, որ այստեղ խռովություն հրահրեն», - ասել է ալբանացի ցուցարար Մևլուդ Իլազին:

Սերբերն էլ գանգատվում են, որ խաղաղապահների և ոստիկանների հսկողության տակ գտնվող թաղամասերում նույնիսկ սեփական տներ չեն կարող հանգիստ մտնել:

«Ես այս տան բնակիչներից մեկն եմ, անցած ուրբաթ օրվանից շրջապատման մեջ ենք, չենք կարողանում գնալ տուն, դուրս գալ տնից, մեզ միշտ պետք է խաղաղապահները կամ ոստիկաններն ուղեկցեն: Շենքում շատ էին երեխաներն, իսկ հիմա գրեթե մարդ չի մնացել, սարսափելի ճնշող լռություն է»,- ասել է Զվեչանի սերբ բնակիչ Ստեֆան Իվանովիչը:

Այժմ եվրոպացիներն առաջարկում են անցկացնել նոր ՏԻՄ ընտրություններ, պայմանով, որ տեղացի սերբերը մասնակցեն: Պրիշտինան պատասխանել է, թե պատրաստ է քննարկել այդ առաջարկ:

Տեսականորեն այդ մեխանիզմը կարող է դառնալ յուրօրինակ նախադեպ և կիրառվել նաև այլ հակամարտությունների պարագայում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կոսովոյի հյուսիսում կարող են նոր ՏԻՄ ընտրություններ անցկացնել

Երկու ղեկավարների փոխադարձ մեղադրանքները

«Կոսովոյի հյուսիսում իրավիճակը լարված է, թեպետ անցած երկու օրում փոքր-ինչ կայունացել է: Լարվածությունը հրահրում է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը: Նա է քաղաքական և ֆինանսական աջակցություն տրամադրում ապօրինի կառույցներին, ավազակախմբերին: Դրանք շատ վտանգավոր են և բռնություն են գործադրել ՆԱՏՕ-ի խաղաղապահների նկատմամբ», - Մոլդովայում ասել է Կոսովոյի նախագահ Օսմանին:

Սերբիայի ղեկավարն էլ ալբանական կողմին է դատապարտում լարվածության համար: Նրա պնդմամբ, այս ամենը կանխատեսելի էր, բայց կանխել չհաջողվեց, քանի որ ալբանացիների շատ կողմը համառ է և անպատասխանատու:

«Ամենակարևոր քայլը կլինի՝ հեռացնել ապօրինաբար ընտրված քաղաքապետերին, նրանք նշանակվել են Պրիշտինայի կողմից, նրանք ունեն 3.4 տասնորդական տոկոս, ընդ որում դա ոչ թե քվեների, այլ քվեարկողների թիվն է: Այդպիսի բան ոչ մի տեղ աշխարհում չի եղել: Դա է առաջին պայմանը, այդ դեպքում մենք կկարողանանք շարունակել մեր քննարկումները ոչ միայն կացությունը բարելավելու, այլև ինչ-որ քայլ առաջ անելու համար»,- ասել է Վուչիչը:

Եվրամիության տեսակետը երեկ ներկայացրել է կառույցի բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

«Կոսովո և Սերբիա: Բռնությունը պետք է դադարեցվի, մեղավորներն էլ պետք է պատասխանատվության ենթարկվեն: Բոլորը պետք է փորձեն խուսափել ցանկացած էսկալացիայից և անխոհեմ քայլերից»,- ասել է բարձր ներկայացուցիչը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մենք չենք կարող թույլատրել ևս մեկ հակամարտություն․ Բորելը կոչ է արել թուլացնել լարվածությունը Կոսովոյում

Պրիշտինան պնդում է, որ բողոքները Բելգրադն է կազմակերպում

Մինչդեռ, Պրիշտինան պնդում է, որ բողոքի ակցիաների բուն կազմակերպիչը Բելգրադն է, այդ է ասել Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին:

«Սովորաբար, բողոքի ակցիաները կազմակերպվում են ներքևից, շարքային մարդկանց կողմից, բայց այս դեպքում կազմակերպիչները Բելգրադի իշխանավորներն են: Այն, ինչ տեսնում ենք, իսկական անկեղծ բողոքներ չեն: Այդ մարդիկ ոչ թե իրենց կամքն են արտահայտում, այլ Բելգրադի կարգադրություններն են կատարում: Ցավում եմ սերբերի համար, որոնց պարտադրել են ներքաշվել այս ամենի մեջ, իմ կարծիքով, նրանք են Կոսովոյի ամենաանազատ մարդիկ»:

ՆԱՏՕ-ն որոշել է ևս 700 խաղաղապահ ուղարկել Կոսովոյի հյուսիսային սերբաբնակ 4 տարածքներ: