Բելգրադը Էրդողանին կոչ է անում միջնորդի դեր ստանձնել սերբերի և ալբանացիների միջև

Բելգրադը դիմում է Թուրքիայի նախագահին՝ Կոսովոյում սերբերի և ալբանացիների միջև լարվածության թուլացմանը նպաստելու և միջնորդի դեր ստանձնելու հորդորով։ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը նման խնդրանքով Ռեջեփ Թայիփ Էրդողանին է դիմել երեկ կայացած հեռախոսազրույցի ընթացքում, որի մի զգալի մասը նվիրված է եղել Կոսովոյում ստեղծված կացությանը։

«Նախագահ Վուչիչը դիմել է թուրքական պետության ղեկավարին՝ խնդրելով նրան գործի դնել իր երկրի հեղինակությունն ու ազդեցությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման համար», - նշված է Սերբիայի նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ։

Բուն Կոսովոյում իրադրությունը շարունակում է փակուղային մնալ։ Մասնակիորեն ճանաչված հանրապետության ոստիկաններն արդեն մի քանի օր է, ինչ գտնվում են Կոսովոյի հյուսիսի մի շարք սերբական բնակավայրերի քաղաքապետարանների շենքերում՝ շրջապատված KFOR-ի՝ ՆԱՏO-ի խաղաղապահների ուժերով, որոնք էլ իրենց հերթին շրջապատված են սերբ ցուցարարներով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կոսովոյի հյուսիսում սերբերով բնակեցված ավաններում ծայրաստիճան լարված վիճակ է

«Սերբիան կանի հնարավորն ու առավելագույնը լարվածությունը թուլացնելու համար։ Մենք կփորձենք համոզել [Կոսովոյի] սերբերին, որպեսզի նրանք բացառապես խաղաղ բողոքի ակցիաներ կազմակերպեն թեև նրանք, իհարկե, շատ վճռական են տրամադրված։ Լարվածության թուլացմանը, սակայն, առաջին հերթին կնպաստի ոստիկանության հատուկ ջոկատայինների դուրսբերումը այդ բնակավայրերից», - այսօր Քիշնևում հայտարարում էր Սերբիայի նախագահը։

Իրադրությունը Կոսովոյում սրվեց այն բանից հետո, երբ Պրիշտինան երկրամասի հյուսիսի սերբական բնակավայրերում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ անցկացրեց, որոնք սակայն տեղի բնակիչների ավելի քան 96 տոկոսը բոյկոտեց։ Չնայած դրան, առաջադրված ալբանացի թեկնածուները, որոնք ընդամենը մի քանի տասնյակից մի քանի հարյուր ձայն էին ստացել՝ հաստատվեցին Կոսովոյի կառավարության կողմից և այս շաբաթ փորձեցին սկսել իրենց պաշտոնավարումը։

Արևմուտքում, սակայն, վստահ են՝ նման ընտրությունների արդյունքում ընտրված քաղաքապետերի լեգիտիմությունը խիստ կասկածելի է։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մակրոնի համոզմամբ` Կոսովոյի վերջին ճգնաժամում մեղավոր են ալբանացիները

«Մենք հստակ ազդակներ էինք ուղարկել Կոսովոյի իշխանություններին, որ գրեթե լիակատար բոյկոտի պայմաններում [սերբական բնակավայրերում] ընտրությունների անցկացումը սխալ էր», - Սլովակիա կատարած այցի ընթացքում հայտարարում էր Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը։

«Վերջին ճգնաժամի մեղավորը Կոսովոյի ալբանացիներն են», - իր հերթին պնդում է Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերը։

«Սերբիան Արևմտյան Բալկաններում չափազանց կարևոր դեր ունեցող երկիր է՝ հատկապես լարվածությունը թուլացնելու տեսանկյունից։ Հակառակ կողմը, սակայն, ևս պետք է ցանկանա թուլացնել այդ լարվածությունը, բայց Կոսովոյի իշխանությունների գործողությունները դրան չեն նպաստում», - այսօր Քիշնևում հայտարարում էր ավստրիական կառավարության ղեկավարը։

Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին այս քննադատությունը չի ընդունում՝ նշելով, թե եվրոպական այն նույն մայրաքաղաքները, որոնք այսօր կասկածի տակ են դնում սերբական բնակավայրերի ալբանացի քաղաքապետերի լիազորությունները, ընդամենը մի քանի շաբաթ առաջ նրանց հետ որևէ խնդիր չունեին։

«Մենք չենք կարող ասել, որ այդ մարդիկ քաղաքապետ չեն։ Միջազգային հանրությունը՝ համընդհանուր կոնսենսուսի հիմա վրա ընդունել է թե՛ ընտրությունների գործընթացը և թե՛ դրա արդյունքները։ Ինչպե՞ս է ստացվում, որ այժմ նրանք սկսել են վիճարկել այդ քաղաքապետերի լիազորությունները, երբ նրանք փորձում են իրենց աշխատավայր մուտք գործել», - հայտարարում է Կոսովոյի վարչապետը։