Ալեն Սիմոնյանը բացառում է 29,8 հազար քառակուսի կմ-ից պակաս տարածքով խաղաղության պայմանագրի կնքումը

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը բացառում է 29 հազար 800 քառակուսի կմ-ից պակաս տարածքով խաղաղության պայմանագրի կնքումը։ Լրագրողների հետ զրույցում խորհրդարանի խոսնակը հայտարարեց՝ իրեն անհետաքրքիր է Ադրբեջանի 86 հազար քառակուսի կմ-ը. դրա մեջ նաև Լեռնային Ղարաբաղն է ու Հայաստանը պատրաստակամություն է հայտնել ճանաչել այն։ Այդ թվերը Սիմոնյանին հետաքրքիր են այնքանով, որ դրանից, ինչպես ասաց, բխում է Հայաստանի 29 հազար 800 քառակուսի կմ-ը։

«Բացառվում է 29 հազար 800 քառակուսի կմ-ից դուրս՝ ավել-պակաս, խաղաղության պայմանագիր կնքել», - ասաց Սիմոնյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը պատրաստ է ճանաչել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս. Նիկոլ Փաշինյան

Հայաստանն ադրբեջանական զորքերի դուրս բերումը, ինչպես պաշտոնյաների հայտարարություններից է պարզ դառնում, խաղաղության պայմանագրի կնքման նախապայման չի դարձնում։ Ըստ Սիմոնյանի՝ սահմանագծում-սահմանազատումից հետո պետք է տեղի ունենա երկու կողմից զորքերի հետքաշում. Ի՞նչ երաշխիք, որ պայմանագրի ստորագրումից հետո Ադրբեջանը դուրս կհանի իր զորքերը:

«Մենք էլ դուրս չենք գա այն տարածքից, որտեղ հիմա մեր զորքերն են կանգնած: Կան ինչ-որ մասեր, որոնք Հայաստանի տիրապետության տակ են, չէ՞», - ընդգծեց խորհրդարանի խոսնակը:

Հայաստանի համար սկզբունքային է արցախցիների իրավունքների ու ազատությունների հարցը, ու որ արդեն ստորագրված խաղաղության պայմանագրի իրականացման համար լինի երաշխավոր, ասում էր Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին՝ ի՞նչ օրակարգով է Հայաստանը գնացել քիշնևյան այսօրվա բանակցություններին։

«Եթե այդ երկխոսությունը տեղի չունենա, խնդիրը նույնիսկ Ադրբեջանի տեսակետից չի լուծվելու, այսինքն, այլ տարբերակը ցեղասպանությունն է, այսինքն, ուղղակի պետք է ցեղասպանություն իրագործեն, վստահ եմ, որ թույլ չենք տա, որ նման բան տեղի ունենա, այլ տարբերակ ուղղակի Ադրբեջանին ձեռնտու չի լինի և ադրբեջանական իշխանությունները պետք է մտածեն, որ այդ հարցն իրենց համար շատ ավելի կարևոր է, քան մեր», - ընդգծեց Ալեն Սիմոնյանը:

Այնուհանդերձ, Բաքուն չի համաձայնում Ստեփանակերտի հետ միջազգային հովանու ներքո քննարկել արցախցիների իրավունքների ու անվտանգության հարցերը, ինչը Ալեն Սիմոնյանի պնդմամբ՝ Հայաստանի համար սկզբունքային է, ուստի Երևանը կստորագրի՞ խաղաղության պայմանագիր առանց այդ երկխոսության։ ԱԺ նախագահը ուղիղ՝ այո կամ ոչ չասաց. - «Դրանք բանակցությունների հարց են»:

«Նոյեմբերի 9-ի հայտարարությունը ինձ չի բավարարում»

Իսկ կա՞ն միջազգային խաղացողներ, որ պատրաստ են խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո երաշխավորել դրա կատարումը։ Որևէ երկիր կամ կառույց նման պատրաստակամություն հրապարակավ չի հայտնել, Ալեն Սիմոնյանը, սակայն, այլ պնդում էր անում:

«Կարևորը, որ լինի այնպիսի երաշխավոր, որը հետամուտ լինի պայմանավորվածության պահպանմանը, որը ձեռք կբերվի: Նոյեմբերի 9-ի հայտարարությունը ինձ չի բավարարում և վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության ժողովրդին էլ չի բավարարում մեր գործընկերների թե՛ հայտարարությունը, թե՛ պահվածքը: Նոյեմբերի 9-ի փորձը ունենք, չէ՞, մենք էդ նույն սխալները չենք անելու: Ես որևիցե մեկին նկատի չունեմ, ես նկատի ունեմ, որ երաշխավորման մեխանիզմները ավելի հստակ պետք է ձևակերպված լինեն: Բայց ես վստահեցնում եմ ձեզ՝ թե՛ Եվրամիությունը, թե՛ Ամերիկայի Միացյալ Նահանգները, թե՛ Ռուսաստանը պատրաստ են, որպեսզի խաղաղության կնքման երաշխավոր հանդիսանան և այլն, բայց մենք պետք է ընտրենք հնարավորինս ավելի պինդ մեխանիզմը: Կարծում եմ՝ ավելի լավ կլինի, որ մի երկիր լինի», - ընդգծեց ԱԺ նախագահը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ղարաբաղի հայերին մնում է մեկ ճանապարհ՝ ենթարկվել Ադրբեջանի օրենքներին. Ալիև

Ինչ վերաբերում է Ալիևի վերջին հայտարարություններին, ԱԺ նախագահը դա պայմանավորեց քիշնևյան բանակցություններով։

Միայն Հայաստանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու՝ Երևանի պատրաստակամությունը Ալիևին չի բավարարում։ Նա խաղաղության պայմանագրի ստորագրման համար այլ նախապայմաններ է առաջ քաշում՝ Արցախի պետական ինստիտուտները լուծարելու սպառնալիքներից զատ, Ադրբեջանի նախագահը հայտարարում էր, թե սահմանազատումը պետք է տեղի ունենա Ադրբեջանի պայմաններով։

«Մարտավարությունը, իմ ընկալմամբ, ինչ-որ սանդղակ է դնում, որպեսզի այդտեղից սկսի սակարկել», - ասաց Սիմոնյանը:

Բանակցություններից առաջ պաշտոնական Երևանը Ալիևի հայտարարությունը համարել էր Արցախում էթնիկ զտում իրականացնելու և Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ նկրտում։