Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն այսօր ժամանել է Մոլդովա՝ մայրաքաղաք Քիշնևից ոչ հեռու գտնվող Բուլբուակա գյուղակ, որտեղ գումարվում է Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովը:
Նա ասել է, որ մեծ կարևորություն է տալիս այդ միջոցառման շրջանակներում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այսօր երեկոյան նախատեսված հանդիպմանը:
«Շաբաթներ առաջ (մայիսի 14-ին) ես ունեի երկու լիդերների հետ Բրյուսելում հանդիպելու հնարավորություն: Մենք գրանցեցինք որոշակի առաջընթաց: Ես հուսով եմ, որ այս հանդիպումն էլ կդառնա երկու պետությունների միջև հարաբերությունները կարգավորելու մեր ընդհանուր քաղաքական կամքի վերահաստատումը», - հայտարարել է Միշելը:
Մի քանի ժամ անց այդ գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված է հնգակողմ հանդիպում, որին Միշելից, Փաշինյանից և Ալիևից զատ պետք է մասնակցեն նաև Եվրոպական միության երկու առաջատար պետությունների ղեկավարները՝ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը: