Միացյալ Նահանգներն արդյունավետ հանդիպում է ակնկալում Քիշնևում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև, հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։
ԱՄՆ վարչակազմը գոհ է, որ «Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները շարունակվում են», ասված է նրա տարածած գրավոր հայտարարությունում։
«Ինչպես հայտարարել էր պետքարտուղար Բլինքենը, Հարավային Կովկասում խաղաղություն հնարավոր է։ Վերջերս մենք բարձր ենք գնահատել վարչապետ Փաշինյանի հավատարմությունը խաղաղությանը, և մենք ողջունում ենք նախագահ Ալիևի վերջին հայտարարությունները [Ղարաբաղի նկատմամբ] համաներում քննարկելու մասին»,- նշել է Միլլերը և շարունակել․ - «Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն այս շաբաթավերջին Քիշնևում կհանդիպեն մեր եվրոպացի գործընկերների հետ: Եվ մենք հուսով ենք, որ դա արդյունավետ քայլ կլինի բանակցությունների սեղանի շուրջ այս խնդիրները լուծելու ուղղությամբ, այլ ոչ թե բռնության կիրառմամբ»,-ասել է Միլլերը:
Նրա խոսքով՝ «ագրեսիվ հռետորաբանությունը կարող է հանգեցնել միայն անցյալի բռնության շարունակականության, կառուցողական երկխոսությունը՝ ինչպես հրապարակային, այնպես էլ փակ, կարող է ստեղծել խաղաղություն, հնարավորություններ և հույս»։
«Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել երկու կողմերի ջանքերին՝ կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագիր կնքելու համար», - հավաստիացրել է Միլլերը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Վերջնական համաձայնագիրը տեսանելի է»․ Պետդեպարտամենտի ներկայացուցիչՄոսկովյան բանակցություններից մի քանի օր անց Ադրբեջանի նախագահը Լաչին կատարած այցի ընթացքում դարձյալ սպառնալից հայտարարություններ արեց. մասնավորապես, պնդեց, թե «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելուց բացի, Հայաստանը պետք է կատարի իրենց մի քանի այլ նախապայմաններ, այդ թվում՝ երկրների միջև սահմանազատումը պետք է տեղի ունենա Ադրբեջանի պայմանների հիման վրա»։
Իլհամ Ալիևը նաև շեշտեց՝ Հայաստանը «չպետք է մոռանա, որ Լաչինից երևում են Հայաստանի գյուղերը»։
Ի պատասխան՝ պաշտոնական Երևանը հայտարարեց՝ Ալիևը կասկածի տակ է դնում Հայաստանի անկախությունը և տարածքային ամբողջականությունը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հրաժարվում է արդյո՞ք Ադրբեջանի նախագահը բրյուսելյան պայմանավորվածություններից. Փաշինյանը պարզաբանում է պահանջում ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն կոչ է անում Հայաստանին ոչ թե խոսքով, այլ գործով հարգել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը