Ըստ փորձագետների՝ մոսկովյան հարթակը, որպես Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարթակ, իրեն սպառել է

Մոսկովյան հարթակը, որպես Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարթակ, իրեն սպառել է, «Ազատության» հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմաքաղաքական հերցերով փորձագետ Արմինե Մարգարյանը՝ նկատելով՝ Ռուսաստանի դիրքերը հետզհետե թուլանում են տարածաշրջանում։

Հետևաբար, նույնիսկ կոմունիկացիաների բացման խնդիրը, որը, ըստ Մարգարյանի, թերևս ռուսական հարթակում այսօր ամենաշոշափելի օրակարգային հարցն է, Հայաստանը այն հետզհետե պետք է կարողանա տեղափոխել այլ հարթակներ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումն ավարտվել է առանց համատեղ հայտարարության, կողմերը որևէ փաստաթուղթ չեն ստորագրել 

Քաղաքագետ Հրաչյա Արզումանյանը ևս կարծում է, որ մոսկովյան հարթակից Հայաստանը նոր բան սպասելու հնարավորություն չունի՝ պարզաբանելով՝ այն իր լուծումները փորձել է ձևավորել 2020 թվականին՝ արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում։

«Երբ մենք կորցրել ենք հողեր, երբ Հայաստանին ասում են, որ Արցախի պրոբլեմն արդեն գոյություն չունի, Արցախի հարցը լուծված է, Արցախի հայության պրոբլեմ չկա, Հայաստանը պիտի համաձայնի հանձնել Ռուսաստանին աշխարհաքաղաքական առումով խիստ կարևոր Սյունիքը, Արցախը և դուրս գա այդ պրոբլեմներից, մի խոսքով, հրաժարվի պետական ինքնիշխանությունից։ 2020 թվականից սկսած ուղղակի Ռուսաստանը, Թուրքիան փորձում են իրականացնել այդ ռազմավարությունը, և սպասել ինչ-որ նորությունների, իմ կարծիքով պետք չէ», - ասաց քաղաքագետը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ղարաբաղի հայերին մնում է մեկ ճանապարհ՝ ենթարկվել Ադրբեջանի օրենքներին. Ալիև

Նշելով, որ Ռուսաստանը, Թուրքիան թուլանում են և դրա պատճառը ուկրաինական պատերազմն է, Թուրքիայում փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժը, քաղաքական և տնտեսական ճգնաժամը, Արզումանյանը շեշտեց՝ Հայաստանն օգտագործել է այդ հնարավորությունը և ստեղծվել է երկրորդ՝ Արևմուտքի հարթակը, որտեղ Հայաստանը կարող է գտնել ուրիշ լուծումներ։

«Կարող է գտնել լուծումներ, որը պահպանում է իր պետական ինքնիշխանությունը, որը պահպանում է Արցախի ինքնությունը և Արցախում կառուցված պետականությունը», - եզրափակեց քաղաքագետը։

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․