ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանողներից մեկը, որ ցանկացավ անանուն մնալ, ասաց՝ իրենք անակնկալի չեն եկել, երբ լսել են դեկանի կալանավորման լուրը։ Կաշառք ստանալու մեղադրանքով օրերս կալանավորվել են այս ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը, դոցենտ Գագիկ Տոնոյանն ու դեկանի տեղակալ Արմեն Ներսիսյանը։ Եվս հինգ հոգի ձերբակալվել, ապա երկրից բացակայելու արգելքով ազատ է արձակվել կաշառք տալու համար։
«Կաշառք տված անձանցից մեկի՝ դեկանի տեղակալի նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը», - ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանն՝ այլ տեղեկություն չհայտնելով։
Ավելի վաղ կոմիտեն հրապարակել էր՝ արդեն 23 տարի դեկանի պաշտոնը զբաղեցնող 75-ամյա Հայկ Սարգսյանը նույն ֆակուլտետի ամբիոնի դոցենտի և այլ դասախոսների հետ այս տարվա փետրվարից մարտն ընկած ժամանակահատվածում, ուսանողներից պահանջել և ստացել են տարբեր չափի գումարներ: Ըստ հաղորդագրության՝ դոցենտն առանց ուսանողի գիտելիքները ստուգելու, դրական գնահատական նշանակելու դիմաց, յուրաքանչյուր քննության համար ուսանողից 120.000-ական դրամ է պահանջել, ընդհանուր՝ 480.000։ Պաշտոնական հաղորդագրությունում նաև կոնյակի և 4000 ԱՄՆ դոլար կաշառքի մասին է նշված։
Իրավապահների այս հաղորդագրությունը նաև ֆակուլտետի ուսանողներն են ուշադիր կարդացել, ներկայանալ չցանկացող մեր զրուցակիցն ասաց՝ ծանոթ մեխանիզմ է, նորություն չէ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ձերբակալվել են ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանը, նրա տեղակալը, նույն ֆակուլտետի դասախոսներ«Իմ կուրսից և այլ կուրսերից 2-3 անգամ բախվել են տենց դեպքերի, բայց իրենց կամքով: Եթե մնում էինք իր մասնագիտական առարկան, ասում էր՝ պարապմունքներ ենք անելու մի քանի դաս, այսինքն գումարը հատկացվում էր պարապմունքների համար, բայց իրականում գումարը վերցնում էր, ասում էր՝ մի 3-4 նյութ, օրինակ, սովորեք, լիկվիդին կամ քննությանը կգաք, ես հենց էդ կհարցնեմ: Կոկրետ ես չեմ բախվել տենց դեպքի, որովհետև ես սովորել ստացել եմ, բայց մեր կուրսից տվել են գումարն ու ստացել են», - պատմեց ուսանողը:
Ընդունում է արդյո՞ք իրեն առաջադրված մեղադրանքը ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 75-ամյա դեկան Հայկ Սարգսյանը, հարցի պատասխանը չկարողացանք ստանալ նրա փաստաբան Տիգրան Ղազարյանից, ասաց՝ այս փուլում լիազորված չէ խոսել։ Մյուսների փաստաբանների մասին դեռ տեղեկություն հայտնի չէ:
Դասախոսների կալանավորումից հետո նախկին ուսանողներ գրեցին «Ազատությանը»՝ կրկին խնդրելով՝ չհայտնել իրենց անուն ազգանունը։ Ներկայացնում ենք մեզ ուղարկած հաղորդագրությունից մեկը. «Ես 2010-ին եմ Տնտեսագիտական ֆակն ավարտել, դա ֆակուլտետ չէր, դա բանկ էր, որտեղ ընդունվում էին տարբեր երկրների արժույթներ: Հատուկենտ դասախոսներ կային, որ կաշառք չէին վերցնում, բայց բոլորն այդ հարցում ենթարկվում էին դեկանին: Դասախոսներ կային, որ քննությունից առաջ հարցնում էին՝ ով ինչ գնահատական է ուզում, հետո ասում էին՝ առաջին շարքում նստածները 80 հազար, երկրորդ շարքում՝ 100 հազար, երրորդ շարքում՝ 120 հազար դրամ: Նույնն էր նաև պետական քննություններին. որ քո ուզած տոմսը քաշեիր, նախապես վճարում էիր, գները տարբեր էին՝ ըստ քննության բարդության, և ընտրում հակառակ կնիքով տոմսը, ասենք, մի քանի հարյուր հարցից 20-ը սովորում էիր, ու դրանք տարբերվող կնիքով տոմսեր էին լինում»:
«Բուհական համակարգում՝ կաշառքի համակարգ»
Այս ֆակուլտետում առաջիկայում դեկանի ընտրություններ են։ Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը մտահոգիչ է համարում այն, որ այսպիսի շղթայական ձերբակալությունները դրան ընդառաջ են արվում, ասում է՝ իրավապահների բացահայտումները պետք է մշտական լինեն։ Ընդգծում է՝ կաշառքը բուհերում թեև նվազում է, բայց չի վերանում ու հիմնականում դրանք տարիներով արմատացած սխեմայով ու կուռ անձնակազմի միջոցով է լինում։ «Բուհական համակարգում՝ կաշառքի համակարգ», -փորձագետն այսպես է նկարագրում արատավոր այս օղակը:
«Երբեմն այդ բացահայտումները, որ լինում են այնքան ուշացած են լինում, որ մարդիկ, որոնք այդտեղ աշխատում են, այդ ամեն ինչը ծիծաղելի է դառնում: Սա է, որ ինձ մտահոգում է, այդ ընտրողական մոտեցումը՝ ինչ-որ պահի ինչ-որ մեկի դեմ ինչ-որ բան անելը այն դեպքում, երբ որ վստահ եմ, որ իրավապահ մարմինները վաղո~ւց էդ ինֆորմացիան իրենց ձեռքի տակ պետք է որ ունեցած լինեին: Եթե շարքային մարդիկ, ուսանողները, դասախոսները գիտեն, էդ ինչպե՞ս է լինում, որ հատուկ ծառայությունը ինչ-որ մի օր է իմանում», - ընդգծեց Սերոբ Խաչատրյանը:
«Բայց, եթե դասախոսն օրենքից դուրս գործունեություն չծավալի, ապա ոչ իրավապահները, ոչ էլ որևէ մեկը երբեք ու որևէ պահի չեն կարող նրան բանտ տանել», - ասում է կրթության փորձագետը։ Սերոբ Խաչատրյանն ինքն էլ դասախոս է, պատմում է՝ բուհ ընդունվելը հեշտ է ու հաճախ գիտելիքի լուրջ պակաս ունեցող ուսանողներ են մտնում համալսարան, որին կա՛մ պետք է անբավարար նշանակել ու դուրս թողնել, կա՛մ աչք փակել ու փոխադրել հաջորդ կուրս։ Ըստ նրա՝ կան նաև այնպիսի դասախոսներ, որ գերադասում են կաշառքի դիմաց գնահատել վատ սովորողներին։
Բուհի հիմնական հասույթն ուսանողի վարձավճարն է, եթե դասախոսները խիստ սկզբունքային լինեն, ապա ուսանողների ավելի քան 30 տոկոսին դուրս կթողնեն ինստիտուտից՝ ֆինանսական լուրջ խնդիրներ առաջացնելով բուհի համար, նկատում է փորձագետը։ Համակարգային մոտեցում է պետք. ըստ նրա, առաջին քայլն, աշխատավարձի բարձրացումն է:
«Այն կարծիքին չեմ, որ այն մարդիկ, որոնք կաշառք են վերցնում անապահով մարդիկ են, հաճախ հակառակն է, բայց ընդհանուր համակարգի համար բարձր աշխատավարձը կարևոր է: Շատ դեպքերում այդ գործելակերպը ծաղկում է մյուսների լռության պատճառով: Եվ իհարկե, պետք է նաև վերադասի կողմից շատ խիստ վերահսկողություն լինի», - նշեց Խաչատրյանը:
Կաշառք տալու ու վերցնելու մեղադրանքով, մայիսի սկզբին էլ Գյումրու պոլիտեխնիկի մասնաճյուղի դասախոսներ, ուսանողներ ու գործավարներ էին հայտնվել մեղադրյալի աթոռին՝ ընդհանուր 22 հոգի։ Կրթության փորձագետ Սերբ Խաչատրյանն ասում է՝ հայաստանյան շատ բուհերում կա այս արատավոր երևույթը, հետևաբար իրավապահները չպետք է սպասեն հարմար պահի, այլ առաջին իսկ տեղեկության դեպքում պետք է գործի անցնեն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղից 22 հոգի հայտնվել է մեղադրյալի աթոռին