Հայաստանի ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի դասախոսներ, ուսանողներ ու գործավարներ՝ ընդհանուր 22 հոգի, մեղադրյալի աթոռին են հայտնվել կաշառք տալու ու վերցնելու համար։ Գումարն, ըստ նախաքննական մարմնի, ուսանողից դասախոսին փոխանցվել է միջնորդների՝ գործավարների միջոցով։
ՔԿ Շիրակի մարզային վարչության քննիչ Միքայել Ավետիսյանը ներկայացնում է այն սխեման, որով, ըստ իրավապահների, իրականացվել է այս հանցանքը. - «Մի շարք դասախոսներ միջնորդների միջոցով պահանջել և ստացել են տարբեր չափերի՝ 10 հազարից մինչև 100 հազար դրամի չափի կաշառք-գումար: Անձինք կան, ում ներկայացվել է շուրջ 11 դրվագ հանցանքի կատարում, անձինք ունեն՝ երկու, անձինք ունենք՝ մեկ»:
38 դրվագով հարուցված քրեական գործում ներգրավված են բուհի 11 դասախոսները, 2 գործավար ու 9 ուսանող։ Ըստ նախաքննության՝ 2021 թվականի փետրվարից հունիսը ուսանողները ստուգարքների, քննությունների ու դիպլոմային աշխատանքների գնահատականներ նշանակելու համար են 10-100 հազար դրամ կաշառք տվել։
Փաստաբան Հայկ Հարությունյանը, որ չորս մեղադրյալների շահերն է ներկայացնում, պնդում է, թե նախաքննական մարմինը ճնշումների միջոցով է ցուցմունքները կորզել իր վստահորդներից։ Հարությունյանի պաշտպանյալների շարքում և՛ դասախոսներ կան, և՛ ուսանողներ։
«Ճնշումը վիրավորանք կամ ֆիզիկական ուժ գործադրել չի եղել, բայց որ՝ աշխատանքից հանել կտանք: Անմիջապես ասում էին՝ եթե մեր ուզած ցուցմունքները չեք գրում այս պահից, ուրեմն ձեզ ձերբակալում, միանգամից տանում ենք ձերբակալվածներին պահելու վայր, հետո՝ կալանքի երկու ամիս, և որոշ դասախոսների վրա այդպիսի ազդեցություն գործադրելով նախնական ցուցմունքներ վերցրել, նաև ուսանողներից որոշներից կորզեցին նման կերպ ցուցմունքներ», - ասաց փաստաբան:
Թեև նախաքննական մարմինը նախաքննական գաղտնիությունն ու անմեղության կանխավարկածը պատճառաբանելով շատ հարցերի չի պատասխանում, բայց քննիչը հաստատեց, որ կան անձինք, ովքեր մեղքն ընդունել են։
«Անձինք եղել են, ովքեր աջակցել են նախաքննությանը, աջակցման ընթացքում գործով ապացույցներ ձեռք բերելուն ակտիվ օժանդակություն են ցուցաբերել», - նշեց Միքայել Ավետիսյանը:
Փաստաբան Հայկ Հարությունյանն ասում է՝ քրեական գործը հիմնված է մի քանի ձայնագրությունների վրա։ Իր վստահորդներն իրենց մեղավոր չեն համարում։
«Խոսակցություններ, ձայնագրումներ կան, որոնցից հստակ, կոնկրետ բան չի հասկացվում, և կարելի է ենթադրել, որ՝ այո, այդ խոսակցությունը գնում է դրա մասին, բայց նաև կարելի է ենթադրել, որ այլ բանի մասին են խոսում: Այսինքն՝ ասում է՝ «սա վերցրա, ըսիգ ընիգ է», էդպես մի խորաթա, իրենք արդեն դա ուղղակիորեն մեկնաբանում են, որ՝ այո, ասում է՝ սա վերցրու, դա 10 հազար դրամ է, դա էսինչի քննության փողն է: Այսինքն՝ կոնկրետ խոսակցություններ, հստակություն չկա մեծ մասամբ, և բոլոր ենթադրություններ են», - Ընդգծեց Հարությունյանը:
Նախաքննական մարմինը շտապել է գործն արագ փակել ու ուղարկել դատարան, պնդում է փաստաբանը, քանի որ հիմա նոր Քրեական դատավարության օրենսգրքով հստակ ժամկետներ է սահմանված վարույթն ավարտելու համար։
«Հունիսին լրանում է ժամկետը, իրենք պետք է կա՛մ գործը կարճեին, կա՛մ ուղարկեին դատարան: Իրենք նախընտրեցին, որ՝ ավելի լավ է նույնիսկ էս թույլ ապացույցներով մենք ուղարկենք դատարան: Ես համոզված եմ, որ եթե քրեական դատավարությունը նման սահմանափակումներ չդներ, իրենք դեռ չէին ուղարկի, նույնիսկ կարող է նախաքննությունը շարունակեին և այսպիսի ընթացք չստանար», - ասաց փաստաբանը:
Քննիչ Միքայել Ավետիսյանը հակադարձում է, թե ապացույցները բավարար են եղել. - «Ձեռք բերված տվյալների բավարարության շեմը առնվազն նախաքննության փուլում հիմնավորվել է, նախաքննությունից հետո կազմվել է մեղադրական եզրակացություն և ուղարկվել Շիրակի մարզի դատախազություն՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու»:
Եթե հսկող դատախազը քրեական գործը հաստատի, այն կուղարկվի դատարան։