Մինսկում անցկացվող ՀԱՊԿ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավար Սերգեյ Շոյգուն Արևմուտքին մեղադրել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին միջամտելու, ռուսական խաղաղապահ առաքելությունը վարկաբեկելու փորձերի մեջ։
«Ինչ վերաբերում է Կովկասյան տարածաշրջանի իրավիճակին, ապա այն մեծապես պայմանավորված է հայ - ադրբեջանական հակամարտության կարգավորման աստիճանով։ Հիմա Լեռնային Ղարաբաղում անվտանգության ապահովմանը աջակցում է ռուսական խաղաղապահ զորակազմը։ Սակայն Արևմուտքը ցանկանում է ամեն կերպ միջամտել իրավիճակին, մեծացնել իր ներկայությունը և վարկաբեկել ռուսական խաղաղապահ քաղաքականությունը», - հայտարարել է Շոյգուն։
Նրա խոսքով՝ Արևմուտքի գլխավոր նպատակը Հարավային Կովկասից Ռուսաստանին դուրս մղելն է, այլ ոչ թե տարածաշրջանի անվտանգության ապահովումն ու բարգավաճումը երկարատև հեռանկարում։
«Դրա օրինակը Եվրամիության այսպես կոչված քաղաքացիական առաքելությունն է Հայաստանում, որի կազմում ընդգրկված են զինծառայողներ ու հատուկ ծառայությունների աշխատակիցներ։ Կարծում եմ՝ հարկ չկա բացատրելու, թե իրականում ինչով են նրանք զբաղված», - ասել է Շոյգուն և ընդգծել. - «Դրա համար գտնում ենք, որ անհրաժեշտ է շարունակել աշխատանքը ՀԱՊԿ-ի առաքելություն տարածաշրջան ուղարկելու ուղղությամբ»։
Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Մինսկ չի մեկնել ու չի մասնակցում ՀԱՊԿ-ի նիստին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պապիկյանը չի մեկնել Մինսկ՝ ՀԱՊԿ նիստին