Երկկողմ հարաբերություններն ունեն առաջընթացի մեծ ներուժ, այսօր հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ընդունելով Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթիին:
Փաշինյանը կարևորել է Միացյալ Թագավորության հետ տարբեր ոլորտներում սերտ համագործակցությունն ու զարգացումը:
Ըստ Փաշինյանի գրասենյակի՝ Դոքերթին նշել է, որ արդեն իսկ հայտարարվել է Հայաստանի հետ ռազմավարական երկխոսություն սկսելու մասին և հավելել, որ իրենք հետաքրքրված են տարբեր ուղղություններով կապերի ընդլայնմամբ:
Մասնավորապես, քննարկվել են առևտրատնտեսական փոխգործակցությանը, արևային էներգետիկայի և այլ ոլորտներում ծրագրերի իրականացման հնարավորություններին վերաբերող հարցեր:
Վարչապետը հավելել է, որ Հայաստանի կառավարությունը շահագրգիռ է հայկական շուկա բրիտանացի ներդրողների ներգրավմամբ:
Փաշինյանն ու Դոքերթին անդրադարձել են նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին, տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության ապահովման աշխատանքներին, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին, մասնավորապես, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության միջազգային մեխանիզմի ներդրմանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Դա խաթարում է խաղաղության գործընթացը»․ դեսպանը վերահաստատեց անցակետի առնչությամբ ԱՄՆ մտահոգությունըՎարչապետը նշել է, որ ոչ միայն միջանցքը շրջափակելու, այլ նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդին գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումներից զրկելու Ադրբեջանի քաղաքականության նպատակն է էթնիկ զտման ենթարկել ԼՂ հայությանը:
Դոքերթին Հայաստան է ժամանել երեկ, հանդիպել արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վաշինգտոնում խաղաղության պայմանագրի ևս երկու հոդված է հնարավոր եղել համաձայնեցնել. Միրզոյան