Երևանն ու Բաքուն մոտ են տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում վերջնական համաձայնությանը, մոտեցրել են նաև խաղաղության պայմանագրի շուրջ դիրքորոշումները, երեկ Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ եռակողմ հանդիպումից հետո հայտարարել էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ այդպես էլ չմանրամասնելով, թե կոնկրետ որ հարցերում են կողմերի դիրքորոշումները մոտեցել։
Պաշտոնական Երևանն ու Բաքուն մոսկովյան բանակցություններից հետո նույնանման հաղորդագրություններ տարածեցին, թե «տեղի է ունեցել մտքերի կառուցողական փոխանակում այն հարցերի շուրջ, որոնց վերաբերյալ կողմերն ունեն տարաձայնություններ»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանն ու Բաքուն մոտեցրել են դիրքորոշումները խաղաղության պայմանագրի շուրջ. ԼավրովԹեև Ռուսաստանում կայացած հանդիպումներից շատ մանրամասներ դեռ հայտնի չեն, ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, հիշեցնելով բրյուսելյան բանակցությունների արդյունքները, կարծում է, որ Հայաստանի շահերից չի բխելու հայ-ադրբեջանական բանակցություններում որևէ պայմանավորվածություն կամ առաջընթաց։
«Բրյուսելյան հանդիպումներից հետո հնչող հայտարարություններով, մասնավորապես, միմյանց տարածքային ամբողջականությունները ճանաչելու և միաժամանակ նաև այդ տարածքները քառակուսի կիլոմետրերով ընդգծելու հանգամանքը ցույց էր տալիս, որ Հայաստանը, ըստ էության, Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում, Ադրբեջանի կողմից ներկայացված ութ հայտնի գյուղերի հետ կապված պայմանը, ըստ էության, կատարվում է, որովհետև դրանք այդ քառակուսու մեջ տեղավորվում էին, և Ադրբեջանը մեծ առումով բավարարված էր այդ հանդիպումներից։ Իսկ կողմերն արձանագրում են, նկատի ունեմ միջնորդներին, եթե Հայաստանն ու Ադրբեջանը այդ հարցով ունեն համաձայնություն, նաև քառակուսի կիլոմետրերով է ֆիքսվում, դա արձանագրվում է որպես հանգուցալուծման հարցում առկա առաջընթաց։
Իմ կարծիքով՝ այդ «առաջընթացը» չի բխում հայկական կողմերի շահերից, որովհետև դա Հայաստանի համար ոչ միայն ենթադրում է, այլ արդեն ուրվագծում է այն հնարավոր հսկայական տարածքային կորուստները, որի մասին երկար ժամանակ խոսվում է։ Դա վերաբերում է և՛ Հայաստանի Հանրապետությանը, և՛ Արցախի Հանրապետությանը», - նշեց ընդդիմադիր պատգամավորը։
«Քանի դեռ մանրամասներ չեն հանրայնացվել, ցանկացած մեկնաբանություն հեռու է իրականությունից», - Տիգրան Աբրահամյանին հակադարձում է իշխանական պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։ Նա իրատեսական չի համարում Աբրահամյանի պնդումը, թե վտանգ կա, որ Հայաստանը տարածքային կորուստներ կունենա՝ հաշվի առնելով բրյուսելյան հանդիպումներից հետո հնչած հայտարարությունները։
«Ինչ վերաբերում է նրան, որ հայտարարվել է փոխադարձ տարածքային ամբողջականություններն ընդունելու մասին և ոչ առաջին անգամ, պարզապես այս անգամ այո, ճիշտ եք, հնչել են քառակուսի կիլոմետրեր։ Սրանից ենթադրություն է հնչում, որ տարածքներ ենք կորցնելու, կներեք, բայց սա տրամաբանական չէ, որովհետև բրյուսելյան հանդիպումից հետո հայտարարության մեջ հստակ նշվում է Հայաստանի Հանրապետության 29 հազար 800 քառակուսի կիլոմետր սուվերեն տարածքի ճանաչելու մասին։ Այս դեպքում ի՞նչ տարածքների մասին է խոսքը։ Եթե խոսքը գնում է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ ճանաչելու մասին, ապա այս թեման առանձին քննարկման թեմա է, և արդեն իսկ խոսել ենք, նաև նրա մասին, որ օրինակ՝ ԱՊՀ կազմ մտնելուց նաև, ըստ էության, Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունները, բայց դրանից չի փոխվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը։ Սա Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի փակուղի մտցնելու ճանապարհ չէ», - պնդեց Արթուր Հովհաննիսյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լավրովը ԱՄՆ-ին ու դաշնակիցներին է մեղադրում «ռուսներին ՀՀ-ից քշելու» ծրագրերի համար. Երևանը դեռ չի արձագանքել«Ռուսաստանը լուրջ շահեր ունի Կովկասում, և վստահ է, որ դաշնակիցները հասկանում են դա», երեկվա հանդիպման ընթացքում ասել էր Ռուսաստանի արտգործնախարարը։ Սերգեյ Լավրովի այս հայտարարությունն ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը համարում է ուղերձ այն մասին, որ Ռուսաստանը ոչ միայն այս տարածաշրջանից հեռանալու միտք չունի, այլև փորձում է ուժեղացնել սեփական դիրքերը Հարավային Կովկասում։ Արթուր Հովհաննիսյանը կիսում է Աբրահամյանի այս կարծիքը, բայց նշում՝ դա ոչ թե տարածաշրջանային գործոններով է պայմանավորված, այլ աշխարհաքաղաքական։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բայդեն. «ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Ադրբեջանի և Հայաստանի խաղաղությանը»Հայ-ադրբեջանական ինտենսիվ բանակցություններն առաջիկայում շարունակվելու են։ Վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ ընդունել է Ռուսաստանի նախագահի առաջարկը՝ մայիսի 25-ին Մոսկվայում Ալիևի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու վերաբերյալ։ Հունիսի 1-ին էլ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպում է նախատեսված Քիշնևում՝ Եվրոպական խորհրդի նախագահի, ինչպես նաև Ֆրանսիայի ու Գերմանիայի առաջնորդների մասնակցությամբ։ Եվրոպական միջնորդությամբ Փաշինյան-Ալիև ևս երկու հանդիպում նախատեսված է հուլիսին և հոկտեմբերին։