Մատչելիության հղումներ

Արցախի ԱԺ խոսնակը նախագահին առաջարկում է Պաշտպանության պետական կոմիտե ստեղծել


Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյան, արխիվ
Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյան, արխիվ

Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն այսօր հայտարարությամբ է հանդես եկել խորհրդարանի նիստի ժամանակ՝ նախագահ Արայիկ Հարությունյանին առաջարկելով Պաշտպանության պետական կոմիտե ստեղծել: Այդ կառույցում Թովմասյանը կոչ է անում ընդգրկել նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին և Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանին:

«Ուզում եմ դիմումով, կոչով, հորդորով, խնդրանքով դիմել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին: [...] Պարո´ն նախագահ, ես երբեք չեմ խառնվել Ձեր գործերին, դուք էլ` Ազգային ժողովի: Ես մոդել եմ առաջարկել, որը հետևյալն է՝ ոչ թե ամորֆ մարմին եմ առաջարկել, այլ այն մարմինը, որը մեզ փրկել է 90-ականներին, այն է՝ պաշտպանության պետական կոմիտեն: Ես երկրի նախագահին առաջարկել եմ այդ կազմում երկու մարդու ընդգրկել՝ Ռուբեն Վարդանյանին և Սամվել Բաբայանին: Ես չգիտեմ նրանց կարծիքը, շատ հնարավոր է, որ հրաժարվեն», - հայտարարել է Թովմասյանը:

«Ինչո՞ւ, հարցեր մի տվեք: Պարո´ն նախագահ, եթե այդ մոդելը չաշխատեց, հիմա կարող է առաջին անգամ որևէ անձի ցավ պատճառեմ: Հրաժարականի դիմում ներկայացրեք, պարո´ն Նախագահ, կամ դրեք ձեր վստահության հանրաքվեն: Եթե ժողովուրդը չի վստահում, որ ընտրվել եք, ապա կհեռանաք», - ասված է Արցախի ԱԺ նախագահի հայտարարությունում:

Սակայն դա չի նշանակում, ընդգծել է նա, «որ ձեր հրաժարականի դեպքում Արթուր Թովմասյանը կլինի երկրի նախագահի պաշտոնակատար». - «Եթե ժողովուրդը ձեզ չվստահեց՝ ես էլ եմ հեռանալու»:

XS
SM
MD
LG