Մատչելիության հղումներ

Միջազգային հանրությունից տեսնում ենք հասցեական հայտարարություններ, բայց ոչ գործողություններ. Արցախի ՄԻՊ


Արցախում երեկվանից մի քանի սոցիալական ցանցեր չեն աշխատել, «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» շրջանակներում ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ Իրենց փոխանցված տեղեկությունների համաձայն՝ պատճառը տեխնիկական խնդիրն է եղել։ «Ղարաբաղ տելեկոմից» էլ այսօր հայտնել էին, որ խնդիրը տեխնիկական է եղել, և որ դրանք արդեն հասանելի են հանրությանը։

«Շատ հստակ է նաև մեզ համար՝ որպես կառույցի, որի թիրախային լսարանը նաև արտաքին աշխարհն է, որ սա շատ լուրջ խնդիր է ստեղծում մեզ համար։ Շրջափակման իրավիճակում հայտնվել նման իրավիճակի մեջ, երբ արտաքին աշխարհի հետ շփման հնարավորությունները բացակայում են կամ սահմանափակված են, շատ բացասական է ազդում Արցախի վրա՝ խորացնելով աշխարհից մեկուսացումը», - նշեց ՄԻ պաշտպանը։

Պաշտպանության պետական կողմիտե ստեղծելու առաջարկի մասին

Լինելով Արցախում ապրող քաղաքացի՝ տեսնո՞ւմ է հնարավոր փոփոխություններ Արցախի ներքաղաքական կյանքում, օգտատերերից մեկի այս հարցին Գեղամ Ստեփանյանը պատասխանեց, որ իր պաշտոնից ելնելով չի կարող քաղաքական զարգացումների վերաբերյալ մեկնաբանություն տալ։

Մեկնաբանելով Արցախի խորհրդարանի նախագահի առաջարկը նախագահին՝ Պաշտպանության պետական կողմիտե ստեղծել, դրա կազմում ընդգրկել Ռուբեն Վարդանյանին, Սամվել Բաբայանին, օմբուդսմենն ասաց. - «Քաղաքական իշխանությունների դաշտում է՝ ընտրելու, որոշումը այն գործիքակազմը և այն մեխանիզմները, որով, այո, իրապես պետք է պաշտպանվեն մարդու իրավունքները Արցախում։ Թե դա ինչպես պետք է իրականացվի, այդ առումով որքանով տեղեկացված եմ, քաղաքական կոնսուլտացիաներ են սկսված, և որոնք որ պետք է ավարտվեն որոշակի համաձայնությունների և մեխանիզմների ներդրմամբ։

Կարծում եմ, որ այո, քաղաքական իշխանություններն էլ հենց պարտավոր են շահագրգռված լինել ոչ թե սեփական քաղաքական օրակարգով, այլ Արցախի ժողովրդի՝ շրջափակման մեջ արդեն 160 օր ապրող և տարբեր զրկանքների ու տառապանքների միջով անցնող ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցով։ Իմ խորին համոզմամբ՝ Արցախում ապրող մարդն արդեն զզվել է քաղաքական ինտրիգներից, տարբեր շահարկումներից և ընդամենը ցանկանում է, որ բոլոր պոտենցիալ ունեցող անհատներն ու ուժերը միավորեն իրենց ջանքերը հանուն Արցախի փրկության»։

Ըստ Գեղամ Ստեփանյանի՝ միջազգային դերակատարները, մի կողմ դնելով շահերը, պիտի առաջնային տեղ տան մարդու իրավունքներին

Մեկ այլ օգտատեր էլ հետաքրքրվել էր՝ միջազգային հանրության, այդ թվում՝ Ռուսաստանի, Կարմիր խաչի աջակցություն զգո՞ւմ են։

«Միջազգային դերակատարների հետ մեր տարբեր հանդիպումների ընթացքոմ նկատում եմ, որ իրավիճակի պատկերացման առումով փոփոխություն կա, եթե մինչև շջափակումը իրավիճակը պատկերացվում էր շատ ավելի ոչ առարկայական, օրինակ՝ եթե իմ կողմից բարձրաձայնվում էին Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության օրինակների մասին փաստորեն, և երբեմն ես նկատում էի, որ զրուցակիցներիս մոտ կա տարակուսանք կամ պատկերացում, թե ես իբր ուռճացված եմ ներկայացնում իրավիճակը, ապա շրջափակման ընթացքում իմ ունեցած հանդիպումներից իմ տպավորությունն այնպիսին է, որ իրավիճակն ավելի լավ են սկսել հասկանալ, և կարծես, այլևս ոչ մեկի համար կասկածելի չէ, որ Ադրբեջանի վերջնանպատակը էթնիկ զտման ենթարկելն է», - շեշտեց Գեղամ Ստեփանյանը։

Սակայն, միաժամանակ նկատեց, որ միջազգային հանրությունը, այդ թվում՝ շատ հաճախ խոսքերից գործերի անցնելու լուրջ խնդիր ունեն. - «Սա շատ մեծ պրոբլեմ է մեզ համար, որովհետև այդ անտարբերության պատը, կարծես թե, ջարդվել է, մենք տեսնում ենք հասցեական հայտարարություններ, բայց հասցեական գործողություններ չենք տեսնում»։

Գեղամ Ստեփանյանի խոսքով՝ իրենց հաջորդ քայլը պետք է լինի այնպես անել, որ այդ խոսքերը վերածվեն գործի, և միջազգային դերակատարները, մի կողմ դնելով տնտեսական կամ քաղաքական շահագրգռվածություններն ու շահերը, առաջնային տեղ տան մարդու իրավունքների պաշտպանությանը։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ Արցախում համագործակցություն կա, տարբեր հարցերի վերաբերյալ պարբերաբար հաղորդակցության մեջ են, ասաց արցախցի պաշտոնյան. - «Հիմնական խնդիրը, որ առկա է, ԿԽՄԿ-ն խոչընդոտների է հանդիպում Ադրբեջանի իշխանությունների կողմից, որոնք հակասում են միջազգային հումանիտար իրավունքով ամրագրված սկզբունքներին, և այդ խոչընդոտները քաղաքականապես մոտիվացված խոչընդոտներ են, որոնք կասկածի են դնում անգամ հումանիտար հարցերում Ադրբեջանի կառուցողականությունը»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG