Փաշինյանը Ռեյկյավիկում վերահաստատել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը

Նիկոլ Փաշինյանը Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովի բացմանը

Հայաստանի վարչապետը Ռեյկյավիկում ընթացող Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովի ընթացքում վերահաստատել է՝ Երևանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

Նիկոլ Փաշինյանը մեկ քայլ առաջ է համարել կիրակի օրը Բրյուսելում Երևանի ու Բաքվի միջև միմիյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու վերաբերյալ պայմանավորվածությունը. - «Երեք օր առաջ Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ մենք մեկ քայլ ևս առաջ գնացինք՝ ընդգծելով, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կիլոմետր տարածքը, Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29,8 հազար քառակուսի կիլոմետր տարածքը»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի 86,600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը. դրա մեջ մտնում է նաև Լեռնային Ղարաբաղը

Բրյուսելյան բանակցություններից հետո Եվրոպական խորհրդի նախագահն էր հայտարարել՝ Հայաստանն ու Ադրբեջանը վերահաստատել են միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու հանձնառությունը։ Շառլ Միշելը հատուկ ընդգծել էր երկու երկրների տարածքը՝ Հայաստանի 29 հազար 800 և Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կիլոմետրը, որի մեջ մտնում է նաև Լեռնային Ղարաբաղը։

Երևանը Փաշինյան - Ալիև - Միշել բանակցություններից հետո դեռ հրապարակավ ուղիղ չի հաստատել, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս։

Փաշինյանն այսօր կրկնել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը դեռ հոկտեմբերին համաձայնել են հարաբերությունները կարգավորել Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա. - «2022 թվականի հոկտեմբերի 6-ին, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի աջակցությամբ Ադրբեջանի նախագահի հետ եկանք համաձայնության, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները կարգավորում ենք 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, համաձայն որի Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի վարչական սահմանները դառնում են պետական սահմաններ»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մեկնարկել են Փաշինյանի ոչ պաշտոնական հանդիպումները Էրդողանի ու Ալիևի հետ

Ռեյկյավիկում Հայաստանի վարչապետը խոսել է նաև արդեն 5 ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախից։ Շեշտել՝ Լեռնային Ղարաբաղի հայերը հումանիտար ճգնաժամի պայմաններում են ապրում։ Փաշինյանը վերստին կարևորել է Ստեփանակերտ-Բաքու բանակցությունների մեկնարկը միջազգային հովանու ներքո՝ առանց հստակեցնելու՝ ո՞ր երկիրը կամ միջազգային կազմակերպությունն է պատրաստ նման պարտականություն ստանձնելու, ու արդյո՞ք Բաքուն կողմ է դրան. - «Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելն անհրաժեշտություն է: Իսկ Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների ապահովման համար Բաքու-Ստեփանակերտ բանակցությունների մեկնարկը միջազգային հովանու ներքո՝ կենսական: Այս հարցերի հասցեագրմանը աջակցելով, ԵԽ-ն կաջակցի ժողովրդավարության ու կայունության հաստատմանը Հարավային Կովկասում»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ղարաբաղի բնակիչները բախվել են ավտորիտար շրջափակման, մինչ աշխարհը կենտրոնացած է Ուկրաինայի վրա. Freedom houseԼենցովի և ադրբեջանական կողմի քննարկումների ընթացքում պայմանավորվածության հասնել չի հաջողվել. պետնախարարԱդրբեջանի կառավարությունը Հակարիի կամրջի անցակետը ներառել է իր պետական սահմանի անցակետերի ցանկում

Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովին ելույթ է ունեցել նաև Ադրբեջանի արտգործանախար Ջեյհուն Բայրամովը։ Ադրբեջանցի դիվանագետը պնդել է, թե սեփական անվտանգային մարտահրավերներ ունեցող երկրից վերածվել է գլոբալ անվտանգությանը նպաստող երկրի։ Բայրամովը հայտարարել, թե 44-օրյա պատերազմից հետո Բաքուն ակտիվ աշխատում է Հայաստանի հետ տևական խաղաղություն ապահովելու համար։

Ստեղծվելու է Ռուսաստանի ագրեսիայի հետևանքով պատճառված վնասների ռեգիստր

Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովի վերջում, ի դեպ, կազմակերպության 46 անդամ երկրներ որոշել են ստեղծել Ռուսաստանի ագրեսիայի հետևանքով պատճառված վնասների ռեգիստր՝ որպես փոխհատուցման միջազգային մեխանիզմի առաջին քայլ: Այս բանաձևի ընդունմանը տարածաշրջանից միացել է միայն Վրաստանը, չեն միացել Հայաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան։

Ըստ Եվրոպական խորհրդի, ռեգիստրում կհավաքագրվի Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո տուժած բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև Ուկրաինային պատճառված վնասի, կորստի մասին ապացույցների և պահանջների վերաբերյալ տեղեկատվություն։