Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ եռակողմ հանդիպմանը քննարկվել է նաև երկու կողմում ձերբակալվածների հարցը։
Ձերբակալվածների փոխանակման մասին Եվրոպական խորհրդի նախագահի երեկվա հայտարարությունը նոր հույս է տվել ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների հարազատներին։
Պաշտոնական տվյալներով, Ադրբեջանում 33 հայ ռազմագերի կա, նրանցից 26-ը Խծաբերդի պահեստազորայիններն են։ Ընկերների հետ միասին 30-ամյա Հրայր Հերաբյանը երկու տարի առաջ 6 տարվա ազատազրկման դատապարտվեց, ըստ Բաքվի՝ «հայկական ահաբեկչական զինված խմբի կազմում մարտերին մասնակցելու համար»։
Հորեղբոր՝ Վանիկ Հերաբյանի խոսքով, 2 տարի է ընտանիքները սպասողական վիճակում են, տղաների հետ հեռախոսով են խոսում, բայց գիտեն՝ հսկողության տակ գտնվող մարդու իրական վիճակի մասին ստույգ տեղեկություն ստանալը դժվար է։
Նախօրեին Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ բանակցություններից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտնեց, թե կա ըմբռնում, որ առաջիկա շաբաթներին ձերբակալվածներ են ազատ արձակվելու։ Թե քանիսն են տուն վերադառնալու, չնշեց։ Սակայն ընդգծեց, որ իր համոզմամբ, այս պայմանավորվածությունը պետք է վերաբերի նաև այն զինվորներին, որոնք մոլորվել են ու անցել սահմանը. - «Ըմբռնում կա նաև, որ առաջիկա շաբաթներին ձերբակալվածներ ազատ կարձակվեն։ Ես նաև ընդգծեցի այս փոխադարձ ըմբռնումը պաշտպանելու անհրաժեշտությունը, որ այն զինվորները, ովքեր պարզապես մոլորվել են և մյուս կողմն են անցել, շարունակեն ազատ արձակվել արագացված ընթացակարգով»։
Ադրբեջանում հայ ռազմագերիները մեղադրվում են տարբեր հոդվածներով՝ սահմանն ապօրինի հատելուց մինչև զինված խմբավորում կազմելու համար դատապարտվել են 6-20 տարի ժամկետով ազատազրկման։ Ադրբեջանը հրաժարվում է նրանց արտահանձնել՝ պնդելով, թե նրանք հանցագործներ են։
Բաքուն միաժամանակ Երևանից պահանջում է վերադարձնել մեկ ամիս առաջ Հայաստանի սահմանն անցած իր երկու զինծառայողներին, որոնցից մեկը նաև սպանության համար է մեղադրվում։ Ադրբեջանի պնդմամբ, զինվորները մոլորվել են անբարենպաստ եղանակի պատճառով, իսկ հայկական կողմը նրանց գերի է վերցրել։ Մինչդեռ վարչապետ Փաշինյանը խորհրդարանում ասել էր, որ Հայաստան ներթափանցած ադրբեջանցին զորամասից փախել է ճնշումների պատճառով։
Հայաստանում երկու ադրբեջանցի զինծառայող կա, մեկն արդեն 11,5 տարվա ազատազրկման է դատապարտվել սահմանն ապօրինի հատելու և ռազմամթերք փոխադրելու համար։ Մյուս զինծառայողը նաև սպանության համար է մեղադրում, նրա գործի նախաքննությունը դեռ շարունակվում է։
Արդյո՞ք Շառլ Միշելի հայտարարությունը նշանակում է, որ Հայաստանը պետք է Բաքվին փոխանցի հանցագործության համար մեղադրվող ադրբեջանցիներին։ Այս կապակցությամբ պաշտոնապես ոչինչ չի հաղորդվում։ Հայաստանի փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանն այսօր չհստակեցրեց, միայն շեշտեց, թե Եվրոպական խորհրդի նախագահի հայտարարությունը վերաբերում էր նախկին պայմանավորվածությունների կատարմանը. - «Շատ պարզ նշվեց, որ հայ գերիների վերաբերյալ կային բազմաթիվ պայմանավորվածություններ, և պետք է այդ պայմանավորվածությունները կատարվեն։ Դա ուղիղ ուղերձ էր։ Ես չեմ հիշում որևէ հիշատակում փոխանակման առումով»։
Այսօր փոխարտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, սակայն, Շառլ Միշելի հայտարարությունն այսպես է մեկնաբանել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը. - «Կա ընդհանուր ընկալում, որ պահվող անձինք պետք է ազատ արձակվեն գալիք շաբաթների ընթացքում։ Շատ կոնկրետ նախադասություն է, որ հայտարարության մեջ կա, ես կարդացի։ Եվ նախագահ Միշելը նաև ընդգծում է, որ շատ կարևոր է երաշխավորել փոխըմբռնումը այն առումով, որ այս աշխատանքը կշարունակվի, և այս մարդիկ կազատվեն արագացված գործընթացով։ Մնացածը պետք է քննարկվի»։
Խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը («Քաղաքացիական պայմանագիր») կարծում է, որ փոխանակում պետք է լինի՝ հավելելով, որ օր առաջ գերիները պետք է վերադառնան. - «Գերիների հարցը շատ զգայուն է։ ես գուցե անզգույշ, իմպերատիվ ասեցի՝ այո, բայց էդ ընթացքը անխուսափելիորեն պետք է բերի նրան, որ օր առաջ գերիները վերադառնան»։
Եվրադատարանում հայ ռազմագերիների փաստաբան Սիրանուշ Սահակյանը թերահավատ է, թե Բաքուն բոլոր 33 հայ ռազմագերիներին կվերադարձնի. - «Կարծում եմ, իրենց ստրատեգիային համապատասխան մաս-մաս են հայրենադարձնելու։ Օգտագործում են թույլ բանակցային դիրքը, ստեղծված փակուղային իրավիճակը, որի պայմաններում մենք կասեցում ունենք հայրենադարձման գործընթացում»։
Իրավապաշտպանը, միևնույն ժամանակ, պնդում է, որ հայ ռազմագերիները ադրբեջանական բանտերում պահվում են ապօրինի, բայց ստացվում է, որ Հայաստանում սպանության և այլ հանցագործությունների համար մեղադրվող ադրբեջանցիներն ու հայ ռազմագերիների միջև դրվում է հավասարության նշան. - «Սա է, որ մեզ մտահոգում է։ Եթե Հայաստանում լինեին ադրբեջանցի ռազմագերիներ, որևէ խոսք չէր կարող լինել փոխանակման անթույլատրելիության մասով։ Այս դեպքում մենք տեսնում ենք, որ պաշտպանության տակ չգտնվող անձանց պաշտպանությունը մեծացվում է, և նրանք դառնում են քաղաքական առումով մի գործընթացի մաս, որտեղ չէին կարող գտնվել»։
44-օրյա պատերազմից հետո Հայաստանում հանցագործության համար դատապարտված ադրբեջանցիներին արտահանձնելու նախադեպ եղել է։ Սպանության ու դիվերսիայի համար պատիժը կրող Շահբազ Գուլիևի ու Դիլհամ Ասքերովի դիմաց Ադրբեջանը Հայաստանին 44 ռազմագերի փոխանցեց։ Այն ժամանակ հայտարարվել էր, որ այս փոխանակումն իրականացվել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն։