Թուրքիայի հիմնական ընդդիմադիր ուժը, որի առաջնորդը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում պայքարելու է գործող նախագահի դեմ, պնդում է, որ կիրակի օրը տեղի ունեցած նախագահական և և խորհրդարանական ընտրությունների առաջին փուլի հաշվարկի ընթացքում անճշտություններ են հայտնաբերվել։ Այսօր այս մասին ասել է Ժողովրդահանրապետական կուսակցության փոխնախագահ Մուհարեմ Էրքեկը։
«Նախագահական ընտրություններում մենք անճշտություններ ենք հայտնաբերել 2269 քվեատուփերում։ Իհարկե, դրանք կարող են չորս թեկնածուներից որևէ մեկին կողմ կամ դեմ լինել։ Մենք հաղորդում ենք ներկայացրել նաև մեր Ազգային դաշինքի թեկնածու պարոն Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ ուղղված սխալների մասին»,- ասել է նա։
Նա նաև նշել է, որ խորհրդարանական ընտրությունների դեպքում անճշտությունների թիվը կազմում է 4 հազար 825։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Քեմալ Քըլըչդարօղլուն Թուրքիայի անցանկալի լիդեր է Ռուսաստանի և Ադրբեջանի համարԹերությունների մասին խոսել էին նաև եվրոպական դիտորդական առաքելության ներկայացուցիչները։ Մայիսի14-ի ընտրությունները դիտարկելու համար Թուրքիան իր միջազգային պարտավորություններին համապատասխան հրավերներ էր ուղարկել Եվրոպայի խորհրդին և ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և Մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելությանը։
Եվրոպացի դիտորդները ընտրությունների հաջորդ օրը ասել են, որ քվեարկության գործընթացը ընդհանուր առմամբ լավ էր կազմակերպված, բայց «գործող նախագահը և իշխող կուսակցությունը օգտվել են չարդարացված առավելություններից, այդ թվում՝ լրատվամիջոցների կողմնակալ լուսաբանման միջոցով»։
«Այսպիսով, կային իրական քաղաքական այլընտրանքներ, բայց սահմանափակված անհավասար խաղադաշտով», - ընտրության հաջորդ օրը կայացած մամուլի ասուլիսում նշել է ԵԱՀԿ համակարգող Մայքլ Լինքը։
Նա ասել էր, որ ընտրական հանձնաժողովի աշխատանքում կար թափանցիկության և հաղորդակցության պակաս, ինչպես նաև մտահոգություններ անկախ լինելու հետ կապված։ Արձանագրվել են նաև քաղաքացիների ազատ հավաքների սահմանափակումներ, կոշտ հռետորաբանության, վարչական լծակների կիրառման և ընդդիմադիր կուսակցություններից մեկի վրա ճնշում բանեցնելու ու ընդդիմադիր մրցակիցներին ահաբեկելու դեպքեր։
Անկարան պատասխանել է եվրոպացի դիտորդական առաքելությանը՝ նրանց մեղադրելով կողմնակալության մեջ։
Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ միջազգային դիտորդական առաքելության մեղադրանքները դուրս են գալիս ընտրական գործընթացի շրջանակից և ցավալիորեն անտեսում են անկախ ու անաչառ դիտորդական սկզբունքները։
«Պետք չէ մոռանալ, որ քաղաքական և կողմնակալ մեկնաբանությունները միայն հարցականի տակ են դնում ԵԱՀԿ դիտորդական առաքելության հանդեպ վստահությունը»,- նշված է Թուրքայի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ։
Մայիսի 14-ի ընտրությունների արդյունքում գործող նախագահ Ռեջեփ Էրդողանը ստացել է քվեների 49,52 տոկոսը, ընդդիմության միասնական թեկնածուն, Ժողովրդահանրապետականների առաջնորդ՝ Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 44, 88 տոկոսը, ազգայնական Սինան Օղանը՝ 5,17 տոկոսը, չորրորդ թեկնածուն՝ Մուհարեմ Ինջեն, քվեարկությունից առաջ հանել էր իր թեկնածությունը, բայց նրա անունը մնացել էր քվաթերթիկում․ ավելի քան 200 հազար մարդ նրան ձայն էր տվել, ինչը կես տոկսոս էլ չի կազմում։
Այսպիսով, Թուրքիայի ժամանակակից պատմության մեջ մոտավորապես հարյուր տարվա ընթացքում առաջին անգամ նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի։ Քվեարկությունը մայիսի 28-ին է։
Արմատներով ադրբեջանցի Սինան Օղանը ասել է, որ մի քանի օրվա ընթացքում որոշում կընդունեն, թե երկրորդ փուլ անցած թեկնածուներից ում են սատարելու, միաժամանակ նշել, որ Քըլըչդարօղլուին սատարելը դինամիկա կհաղորդի ընդդիմությանը, բայց մյուս կողմից՝ Էրդողանին աջակցելու դեպքում ժողովրդական դաշինքը վերջնական մեծամասնության կհասնի, ինչը նրանց կօգնի ուժեղ կառավարություն ձևավորել, իսկ դա նշանակում է ուժեղ Թուրքիա՝ ըստ նրա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Սա լավ լուր չէ»․ Փայլանի համոզմամբ, Էրդողանն ընտրությունների երկրորդ փուլում կհաղթիՌեջեփ Էրդողանը CNN Turk-ի հետ հարցազրույցում համոզմունք է հայտնել, որ երկրորդ փուլում ավելի շատ ձայն է ստանալու։ Էրդողանն արդեն խոսել է ապագա պլաններից։ Նա ասել է, որ նոր ժամկետում ուժեղ կառավարություն է ձևավորելու՝ վերացնելով առկա թերությունները։ Ընտրությունից հետո իշխող ուժի նախագահությունը նիստ է գումարել, քննարկվել է, թե որտեղ ինչ թերություններ են եղել։
«Պետք է նախապատրաստվել գալիք ժամանակաշրջանին՝ վերացնելով այդ թերությունները, հատկապես ՏԻՄ ընտրություններում»,- նշել է Էրդողանը։
Վերջին ՏԻՄ ընտրություններում խոշոր քաղաքներում հաղթել էին ընդդիմության թեկնածուները, նախագահական ընտրություններում ևս Էրդողանը խոշոր քաղաքներում պարտվել է։
Նա հարցազրույցում ասել է, որ աշխարհի բոլոր առաջնորդների հետ շփումներ է պահպանելու. - «Ռուսաստանին դիմակայելու մասին խոսք լինել չի կարող, ինչը արեց Ժողովրդահանրապետականը»։
Նա նաև ասել է, որ երկրորդ փուլից առաջ հանրահավաքներ չի պլանավորում, միայն հանդիպումներ է ունելնաու երկրաշարժից տուժած աղետի գոտում։
Եվրոպացի դիտորդները թերություններ էին արձանագրել նաև աղետի գոտում։ «Երկրաշարժից տուժած քաղաքացիների գրանցումն ու քվեարկությունը հեշտացնելու համար նախատեսված միջոցառումները սահմանափակ էին, ինչը լրացուցիչ դժվարություններ է ստեղծել իրականացնելու նրանց ընտրական իրավունքը»,- ասել էր Մայքլ Լինքը։