12 օր անց Թուրքիայում ձայնի իրավունք ունեցող մոտ 64 միլիոն քաղաքացիներ պետք է որոշեն, թե ով է առաջիկա 5 տարում նախագահելու երկիրը՝ գործող ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողա՞նը, թե՞ Քեմալ Քըլըչդարօղլուն:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Թուրքիայում կկայանա մայիսի 28-ին«Արդարություն և զարգացում» կուսակցության լիդեր Էրդողանն, ըստ վերլուծաբանների, այսօրվա դրությամբ առավել ամուր դիրք ունի Ժողովրդա-հանրապետական կուսակցության ղեկավար Քըլըչդարօղլուի համեմատությամբ: Նա ասել է, թե մայիսի 28-ը պետք է դառնա «Թուրքիայի 100-ամյակի» հայեցակարգի նախանշանը:
Արդիական Թուրքիան հիմնադրվել է 1923 թվականի հոկտեմբերի 29-ին՝ մեծավ մասամբ թուրք անվանի ռազմական և քաղաքական ղեկավար, աշխարհիկ պետության ջատագով Քեմալ Աթաթուրքի և նրա առաջնորդած ազգայնական շարժման ջանքերով:
Այս ամբողջ տարում Էրդողանը ցանկանում է առաջ տանել «Թուրքիայի 100-ամյակի» հայեցակարգը՝ կառուցվում են նոր ռազմանավեր, ստեղծվում են անօդաչուներ և ինքնաթիռներ, ավարտին է հասցվում առաջին ատոմակայանի կառուցումը և նույնիսկ առաջին թուրք տիեզերագնացը 2023-ի երկրորդ կեսին պետք է ուղևորվի տիեզերք:
Այդ բոլոր զարգացումներին հոբելյանական տրամադրություն է հաղորդվում: Էրդողանի թիմը մարդկանց համոզում է, որ այդ ամենը հնարավոր է շնորհիվ նախագահի տքնաջան աշխատանքի:
Իսկ Քըլըչդարօղլուն, ըստ Էրդողանի զինակիցների, չար և բացասական կերպար է, և նրա հաջողությունը դժբախտություն կբերի երկրին:
Նմանօրինակ մեկնաբանություններ կան ադրբեջանական մամուլում և, ինչն ինքնին ուշագրավ է՝ նաև ռուսական:
Վերլուծաբան Պյոտր Մակեդոնցովի համոզմամբ, Քըլըչդարօղլուի հնարավոր հաղթանակը լուրջ վտանգ է երեք երկրների՝ Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի համար:
Մակեդոնցովը թշնամական մոտեցում է համարում այն, որ 2022-ի մարտին Քըլըչդարօղլուն՝ Էրդողանին քննադատելիս, նրան և նրա մերձավորներին համեմատել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և արևմտյան բանկերում հարստությունները պահող ռուսաստանցի օլիգարխների հետ:
Քըլըչդարօղլուն խոստացել է հաղթանակի դեպքում հետևել հակառուսական պատժամիջոցներին, հզորացնել Թուրքիայի դերը ՆԱՏՕ-ում և վերականգնել Եվրամիությանն անդամակցելու գործընթացը:
Քըլըչդարօղլուն, ըստ վերլուծաբանի, ցանկանում է հակառուսական արշավում միանալ Արևմուտքին: Նրա «մեղքերը» դրանով չեն ավարտվում, Մակեդոնցովը հիշեցնում է, որ Քըլըչդարօղլուն դեմ էր թե՛ «Ակկույու» ատոմակայանի և թե՛ S-400 հրթիռների գործարքներին:
Իսկ տակավին օրերս նա խստորեն քննադատել է ռուսներին և նրանցից պահանջել է չմիջամտել թուրքական ընտրութուններին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Քըլըչդարօղլուն Մոսկվային մեղադրում է Թուրքիայի նախընտրական գործընթացներին միջամտելու համարՆա վտանգավոր է Իրանի համար, քանի որ եթե շեշտը դնի Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի առանցքային անդամը լինելու վրա, ապա անխուսափելիորեն կսրի հարաբերություններն Իրանի հետ: Չէ՞ որ արևմտյան ընկալմամբ Իրանը Ռուսաստանից ոչ պակաս սպառնալիք է:
Այնպես որ, ըստ Մակեդոնցովի, Քըլըչդարօղլուի ղեկավարած Թուրքիան առանց վարանելու կմիանա նաև հակաիրանական սանկցիաներին:
Եվ վերջապես, վերլուծաբանը պնդում է, որ Քըլըչդարօղլուն որոշ չափով վտանգավոր է նաև Ադրբեջանի համար:
Ճիշտ է, նա սատարել է Բաքվին 44-օրյա պատերազմի ժամանակ, շնորհավորել է Շուշին գրավելու և հաղթելու կապակցությամբ: Բայց պաշտոնական Բաքվին տհաճություն է պատճառում այն, որ Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը քննադատում է Իլհամ Ալիևի կառավարման ավտորիտար ոճը և նկատել է տալիս, որ Ադրբեջանին անհրաժեշտ են դեմոկրատական բարեփոխումներ:
Բացասական է գնահատվում նաև այն, որ Քըլըչդարօղլուն առաջարկում է վերականգնել «Մետաքսի ճանապարհը» մեկ այլ նշանաբանի ներքո՝ «Ո՛չ Արևմուտք, ո՛չ Արևելք, դա է Թյուրքական ուղին», և ներկայացրել է ծրագիր, ըստ որի Թուրքիան պետք է տրանսպորտային հաղորդակցություն հաստատի Չինաստանի հետ Իրանի տարածքով՝ շրջանցելով Ադրբեջանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիևը շնորհավորել է Էրդողանին ընտրությունների արդյունքների կապակցությամբԱյդ և մի շարք այլ հանգամանքների բերումով Էրդողանն է համարվում Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի համար առավել ընդունելի թեկնածու:
Բայց, ինչպես արդարացիորեն նշում է հենց ինքը Մակեդոնցովը՝ «վերջին խոսքը թուրք ժողովրդինն է, և նա այն կասի մայիսի 28-ին»: