Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 16-ին ասել է, որ Ազգայնական շարժման կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին կդառնա խորհրդարանի՝ Ազգային մեծ ժողովի ժամանակավոր խոսնակը:
Այդ մասին նախագահ Էրդողանը հայտնել է CNN Turk հեռուստակայանի թղթակիցների հետ մայիսի 16-ին տեղի ունեցած զրույցում:
Նախկին փոխվարչապետ Բահչելիի առաջնորդած կուսակցությունը հանդես է գալիս ծայրահեղ աջակողմյան և ազգայնական դիրքերից և համարվում է «Գորշ գայլեր» երիտասարդական ազգայնական կառույցի հովանավորը:
Դևլեթ Բահչելին պահանջում է կոշտ քաղաքականություն իրագործել ազգային փոքրամասնությունների, հատկապես քրդերի նկատմամբ: Նա տարբեր առիթներով նաև հակահայկական մեկնաբանություններ է հնչեցրել:
Բահչելին ժամանակին քննադատել է Էրդողանին, բայց 2015 թվականից սկսվել է երկու լիդերների և նրանց ղեկավարած կուսակցությունների հարաբերությունների բարելավումը:
2023 թվականի մայիսի 14-ի խորհրդարանական ընտրություններում «Արդարություն և զարգացում»-ն ու Ազգայնական շարժումը կազմել են Ժողովրդական դաշինք, որին միացել են նաև Մեծ միասնության կուսակցությունը և «Նոր բարեկեցություն» կուսակցությունը:
Էրդողանը հայտնել է, որ Բահչելին ընդունել է խորհրդարանը ժամանակավոր ղեկավարելու առաջարկը: