Թուրքիայի խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցությունները ևս հայտարարություններ են արել արցախյան շփման գծում տեղի ունեցող ռազմական գործողությունների վերաբերյալ:
Իշխանական կոալիցիայում գտնվող «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին պաշտոնական Երևանին մեղադրել է «Հարավային Կովկասում անկայունություն ստեղծող, զավթողական քաղաքականություն վարելու մեջ՝ հայտարարելով, թե ռազմական գործողությունների վերսկումը սպառնալիք է և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի ազգային անվտանգությանը»:
Ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Էնգին Օզքոչը միացել է իշխանական վերնախավի՝ Ադրբեջանին սատարող հայտարարություններին: Կուսակցության թվիթերյան էջում ևս Հայաստանին դատապարտող հրապարակումներ են արվել:
Խորհրդարանական ուժերից միայն Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունն է կոչ արել թուրքական իշխանություններին զերծ մնալ լարվածությունը թեժացնող գործողություններից: «Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսված բախումները կարող են վերածվել լայնածավալ պատերազմի: Թուրքիան պետք է միջնորդական ջանքեր գործադրի ոչ թե պատերազմի ծավալների մեծացման, այլ երկու երկրների միջև խաղաղության հաստատման ուղղությամբ», - ասված է կուսակցության հայտարարության մեջ:
Այսօր առավոտյան հայկական կողմը հաղորդեց Արցախի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի սկսած հարձակման մասին՝ շփման գծի ամբողջ երկայնքով:
Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք: