Մատչելիության հղումներ

Շուշիում «Գորշ գայլերի» հովանու ներքո դպրոցի ստեղծման նախագիծը չեղարկվել է


Շուշի, 29-ը հոկտեմբերի, 2020թ․
Շուշի, 29-ը հոկտեմբերի, 2020թ․

Շուշիում թուրք ազգայնականների «Գորշ գայլեր» կազմակերպության հովանու ներքո դպրոցի ստեղծման նախագիծը չեղարկվել է պաշտոնական Բաքվի կողմից։ Այս մասին շաբաթ երեկոյան Թվիթերում արված գրառմամբ տեղեկացրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիվ մեկ քաղաքական դաշնակիցը՝ «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին։

«Հունվարի 16-ին սոցիալական ցանցերում հրապարակված հայտարարությամբ տեղեկացրել էինք Ադրբեջանի ինտելեկտուալ և մշակութային կյանքում առանձնահատուկ տեղ զբաղեցնող Շուշի քաղաքում դպրոց կառուցելու մեր հանձնառության մասին։Այդ նախաձեռնության հեղինակը «Իդեալիստ սրտեր» կազմակերպության կրթական և մշակութային հիմնադրամն էր», - նշել է Բահչելին՝ իր ղեկավարած կուսակցության արմատական թևը համարվող «Գորշ գայլեր» կազմակերպությունը հիշատակելով պաշտոնական անվանմամբ։

Բահչելիի խոսքով՝ «Ազգայնական շարժումը» հրապարակել էր ապագա դպրոցի նախագիծը և նույնիսկ ընտրել դրա անվանումը։

«Այն պետք է կրեր Շուշիում ծնված կոմպոզիտոր, Ադրբեջանի պետական օրհներգի հեղինակ Ուզեիր Հաջիբեյլիի անունը», - թվիթերյան գրառման մեջ նշում էր Դևլեթ Բահչելին՝ հավելելով․ - «Ադրբեջանի կառավարությունը, սակայն, այս նախագծի իրականացումը նպատակահարմար չի համարել և մեկ այլ դպրոցի ստեղծման ծրագիր է շրջանառության մեջ դրել։Դա նրանց բնական իրավունքն է, և մեզ այլ բան չի մնում, քան հարգել [ադրբեջանական կառավարության] այդ որոշումը»։

Բահչելիի խոսքով՝ «վերը շարադրված զարգացումների պատճառով «Ազգայնական շարժումը» հրաժարվում է Շուշիում դպրոց կառուցելու մտադրությունից։ Այն հանգանակությունները, որ դպրոցի կառուցմանն օժանդակելու նպատակով կատարվել են մեր եղբայրների կողմից, կվերադարձվեն առանց որևէ հապաղման և ողջ ծավալով»։

Պաշտոնական Բաքուն Բահչելիի այս հայտարարությանն արձագանքեց հաշված ժամերի ընթացքում։Կիրակի օրն արդեն Շուշիում դպրոցի կառուցման շուրջ ստեղծված իրավիճակին անդրադարձավ Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

Նրա խոսքով՝ Բաքուն չի հրաժարվում դպրոցի կառուցման գաղափարից և դրա հիմնարկեքի պաշտոնական արարողությունը կայանալու է Էրդողանի՝ Շուշի կատարելիք առաջիկա այցի ընթացքում։ Հաջիևի խոսքից դատելով, սակայն, խոսքը ոչ թե հանրակրթական դպրոցի կառուցման մասին է, ինչը նախատեսում էին թուրք ազգայնականները, այլ՝ երաժշտական կրթօջախի։

«Չի բացառվում, որ այս թյուրըմբռնման պատճառը գործի էությանը վերաբերող ամբողջական զեկույցի բացակայությունն էր», - Azertag պետական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել էՀաջիևը։

Շուշիում դպրոցի հիմնադրման շուրջ ծագած թուրք-ադրբեջանական հակասությունների ֆոնին պաշտոնական Բաքուն շարունակում է ուշադրության կենտրոնում պահել 44-օրյա պատերազմի ընթացքում իր վերահսկողության տակ հայտնված այլ շրջանները ևս, մասնավորաբար՝ Հադրութը։

«Ադրբեջանը պատրաստ է քննարկել հայ բնակչության՝ Հադրութ վերադարձի հարցը», - ռուսական «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում այսօր ասել է Ադրբեջանի փախստականների և բռնի տեղահանվածների հարցերով պետական կոմիտեի ղեկավար Ռովշան Ռզաևը։

«Մեր երկիրն ամենաբարձր մակարդակում բազմիցս հաստատել է Ադրբեջանի տարածքում նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի հայ բնակչության ինտեգրման պատրաստակամությունը։Սակայն, [Ադրբեջանի] տարածքում բնակվելու իրավունքը չպետք է նենգափոխվի՝ վերածվելով տարածքների օտարման իրավունքի։ Մեր պատասխանը հետևյալն է՝ այո՛, հայերը կարող են ապրել Ադրբեջանում որպես մեր երկրի քաղաքացիներ, այնպես, ինչպես ապրում էին մինչև հակամարտության մեկնարկը», - հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան։

Ռուսաստանյան պարբերականին տված հարցազրույցում Ադրբեջանի փախստականների հարցերով կոմիտեի ղեկավարը նաև նշել է, որ, ըստ պաշտոնական հաշվարկների, 44-օրյա պատերազմի ընթացքում Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներ կվերադառնա շուրջ կես միլիոն ադրբեջանցի։

«Կարծում եմ մարդկանց մեծամասնությունը կվերադառնա հարազատ տներ։ Ըստ իս, դա կազմելու է 750 հազար բռնի տեղահանվածների 60-70 տոկոսը», - նշել է Ռովշան Ռզաևը՝ ընդգծելով, սակայն, որ մինչ այդ ադրբեջանական կառավարությունը դեռ շատ անելիք ունի։

«Ենթակառույցները հարկավոր է նորից ստեղծել՝ ապահովել ջրի, գազի և էլեկտարականության մատակարարումը, ճանապարհներ կառուցել։ Հարկավոր է նաև ժամանակակից գյուղեր և քաղաքներ կառուցել։ Երբ այդ ամենը լինի, նոր կծագի վերաբնակեցման հարցը», - նշել է Ռզաևը՝ պնդելով, որ այդ ամենն անհնարին է առանց լայնածավալ ականազերծման։

«Այս ողջ տարածքը ականապատված է։ Մասնագետների գնահատմամբ, այդ շրջանների ականազերծումը կարող է տևել հինգից տասը տարի», - «Իզվեստիային» տված հարցազրույցում նշել է Ադրբեջանի փախստականների հարցերով պետական կոմիտեի ղեկավար Ռովշան Ռզաևը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG