Կրեմլը հայտարարել է, որ այսպես կոչված հատուկ ռազմական գործողությունը կշարունակվի։ Այդ նպատակով Մոսկվան նոր փաստարկ է դրել շրջանառության մեջ՝ որպեսզի կանխվի ռուսական տարածքի նոր գնդակոծությունը։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարն այս մասին խոսել է՝ արձագանքելով Թելեգրամ ալիքների հաղորդումներին, թե այսօր առավոտյան Ուկրաինայի զինված ուժերը Բելգորոդի շրջանը ռմբակոծել են իբր ֆոսֆորային ռումբերով։
«Իհարկե, մենք դա դատապարտում ենք ամենախիստ ձևով։ Հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է և կշարունակվի, որպեսզի դա տեղի չունենա», - ասել է Պեսկովը։
Ուկրաինական կողմը չի մեկնաբանել ռուսական Թելեգրամ ալիքների հաղորդագրությունները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինայի ՀՕՊ-ը խոցել է գիշերն արձակված բոլոր 18 հրթիռներըՄինչ այդ, այս գիշեր ինտենսիվ հրթիռակոծվել է Ուկրաինայի մայրաքաղաքը։ Կիևը պնդում է, թե բանակը խոցել ռուսների բոլոր հրթիռները։
Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային հրամանատարության տվյալներով, անցած գիշերվա ընթացքում խոցվել է վեց «Կինժալ», ինը «Կալիբր» թևավոր հրթիռ և երեք «Իսկանդեր» ու «Էս-400» հրթիռ, ինչպես նաև վեց հարձակողական և երեք հետախուզական անօդաչու թռչող սարք:
Մինչդեռ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, թե ռուսական հրթիռներից մեկին հաջողվել է Կիևում խոցել Patriot զենիթահրթիռային համակարգը։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հաստատել է, որ հրթիռներից մեկի բեկորներն ընկել են Կիևի կենդանաբանական այգու տարածքում՝ միաժամանակ նշելով, որ աշխատակիցներն ու կենդանիները չեն տուժել։
Ռազմի դաշտում ամենաթեժ հատվածը մնում է Բախմուտը, որտեղ ուկրաինական ուժերը վերջին օրերին ոչ միայն պաշտպանվում են, այլև անցել են հակագրոհների և արդեն որոշ հաջողությունների են hասել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինական զինվորները տարածքներ են ազատագրել Բախմուտում. Աննա ՄալյարԲախմուտում կռվող ուկրաինացի զինվորականները լավատես են, համոզված են, որ հաղթելու են։
«Իհարկե, մենք լավատես ենք: Մենք գիտենք, թե ինչ ենք անում, մենք գիտենք, թե ինչպես պետք է անենք մեր հարձակումը կամ պաշտպանությունը: Մենք գիտենք, որ ի վերջո, գուցե երկու, երեք, հինգ տարի, չգիտեմ... մենք կհաղթենք այս պատերազմում», - ասում է զինվորներից մեկը։
Նրա զինակիցը հավելում է. - «Նրանց զորքերը վերջանում են, «Վագների» վարձկանները վերջանում են։ Ընդամենը մեկ ամիս առաջ նրանք շրջապատել էին գրեթե ամբողջ Բախմուտը, իսկ այժմ նրանք կանգնած են քաղաքի միայն մեկ հատվածի վրա, քանի որ նրանք այլևս չունեն բավարար ուժ»:
Սպասվող ուկրաինական լայնածավալ հակահարձակման ֆոնին նախագահ Զելենսկին անցած օրերին այցելել էր եվրոպական մայրաքաղաքներ: Լոնդոնը, Փարիզը, Բեռլինը խոստացել են Կիևին տրամադրել ռազմական օգնության նոր փաթեթներ։ Խոսքը և' տանկերի, և' զրահամեքենաների, և' հեռահար հրթիռների մասին է։ Ուկրաինան սակայն ավելին է ուզում։ Պաշտպանության նախարարության խորհրդական Յուրի Սաքը, մասնավորապես, Politico-ին ասել է․ - «Կիևը ցանկանում է դաշնակիցներից ստանալ 40-50 F-16 կործանիչ, որոնցից հնարավոր կլինի երեք-չորս էսկադրիլյա կազմել՝ Ուկրաինայի երկինքը ռուսական ռմբակոծություններից պաշտպանելու համար»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Պեսկով. «Կրեմլը չափազանց բացասական է գնահատում Կիևին նոր սպառազեն տրամադրելու Լոնդոնի մտադրությունը»Լոնդոնը հայտարարում է Կիևին ՀՕՊ համակարգի հրթիռներ, հարձակողական ԱԹՍ-ներ տրամադրելու մասինՖրանսիան և Ուկրաինան համատեղ հռչակագիր են հրապարակելՈւկրաինայի ԶՈւ-ն «չեն հարձակվի Ռուսաստանի վրա այն հզոր զենքով», որ Կիևն ակնկալում է ԱրևմուտքիցՄեծ Բրիտանիան, Իտալիան, Ֆրանսիան և Գերմանիան չեն կարող ամերիկյան այդ կործանիչները տրամադրել, սակայն Կիևը հույս ունի, որ նրանք «կխրախուսեն» դաշնակիցներին՝ ԱՄՆ-ին և Թուրքիային։
Ուկրաինան ամիսներ շարունակ խնդրում է դաշնակիցներին իրեն տրամադրել ժամանակակից մարտական ինքնաթիռներ, առաջին հերթին F-16, սակայն դաշնակիցներն առայժմ մերժում են: Սկզբում դա բացատրում էին Ռուսաստանին անհարկի հրահրելու իրենց չցանկությամբ, հետո՝ տեխնիկական և այլ դժվարություններով։ Ու թեև այս հարցում Կիևը դեռ Արևմուտքից չի ստացել այն, ինչ կենսական նշանակություն ունի երկիրը պաշտպանելու համար, նախագահ Զելենսկու խորհրդականը կրկին խոսել է ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին ու վստահություն հայտնել, թե պատերազմից հետո, մի քանի ամսվա ընթացքում, Ուկրաինան կստանա դաշինքին անդամակցելու հրավեր. - «Մենք հասկանում ենք, որ պատերազմի ժամանակ մեզ ոչ ոք ՆԱՏՕ-ին անդամակցություն չի տա։ Հասկանում ենք, որ հենց պատերազմն ավարտվի, երեքից վեց ամսում Ուկրաինայի անդամակցության պլանը հստակ կֆիքսվի»։
Միխայիլ Պոդոլյակը նաև պնդել է, թե այսօր Ուկրաինայի անդամակցությանն ամենաշատ ընդդիմացող երկիրը՝ Հունգարիան, պատերազմից հետո արագ կփոխի դիրքորոշումը։ Գերմանական DW-ի հետ զրույցում Պոդոլյակը պնդել է, թե Բուդապեշտը միակն է ՆԱՏՕ-ում, որ դեմ է Կիևի անդամակցությանը։
Գերմանիայում անցկացված վերջին հարցումները, սակայն, փաստում են, որ Եվրամիության առաջատար այդ երկրում ևս բնակչության մեծամասնությունը դեմ է Ուկրաինայի անդամակցությանը Հյուսիսատլանտյան դաշինքին։ Ավելին, գերմանացիների 55 տոկոսը կողմ է , որ Կիևի և Մոսկվայի միջև բանակցություններ սկսվեն պատերազմի դադարեցման շուրջ, և միայն 28 տոկոսն է դեմ այդ գաղափարին։