Մատչելիության հղումներ

The Washington Post. Պրիգոժինն ուղղակի շփումների մեջ է ուկրաինական հետախուզության հետ


«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժին, արխիվ
«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժին, արխիվ

Ռուսաստանյան «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինն ուղղակի շփումների մեջ է ուկրաինական հետախուզության հետ։ Այս մասին գրել է The Washington Post պարբերականը՝ վկայակոչելով Միացյալ Նահանգների ռազմական գերատեսչության գաղտնի փաստաթղթերը, որոնց արտահոսքի հեղինակն ամերիկացի զինվորական Ջեք Թեյշեյրան էր։ Նա, հիշեցնենք, պետական գաղտնիք պարունակող հարյուրավոր փաստաթղթերը հրապարակել էր ապրիլին Discord սոցիալական ցանցում։

Գաղտնազերծված փաստաթղթերի համաձայն՝ Պրիգոժինը Կիևի ներկայացուցիչներին առաջարկել է տեղեկություններ տրամադրել մի շարք ռուսական ստորաբաժանումների տեղակայման վայրերի մասին՝ դրանք հրետանային և հրթիռային հարվածների թիրախ դարձնելով։ «Այս տեղեկատվության դիմաց Պրիգոժինը ուկրաինացիներին առաջարկել է զորքերը հետ քաշել Բախմուտից», - նշված է Պենտագոնի փաստաթղթերում։

«Վագներ»-ի վարձկանները Բախմուտի ուղղությամբ ռուսական հարձակման մեջ ներգրավված ուժերի հիմնական մասն են կազմում, իսկ ինքը՝ Պրիգոժինը դեռ ամիսներ առաջ խոստացել էր քաղաքը վերցնել մինչև Հաղթանակի օրը՝ մայիսի 9-ը», - հիշեցնում է The Washington Post-ը՝ հավելելով նաև, որ ռուսաստանյան մասնավոր ռազմական ընկերության ղեկավարին այդպես էլ չի հաջողվել կատարել իր այս խոստումը։ Թերթը նաև հիշեցնում է, որ Բախմուտում իր և ենթակաների տապալման մեղքը «Վագներ»-ի ղեկավարը բարդել էր Ռուսաստանի Զինված ուժերի հրամանատարության՝ մասնավորաբար Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի վրա։

Պրիգոժինի հետ շփումները The Washington Post-ի հետ զրույցում հաստատել են նաև Ուկրաինայի ռազմական հետախուզության առնվազն երկու աշխատակիցներ՝ նշելով, սակայն, որ նրանք «Վագներ»-ի հիմնադրի առաջարկները մերժել են, քանի որ «Պրիգոժինի մտադրություններն իրենց վստահելի չեն թվացել»։

The Washington Post-ի պնդմամբ, ի դեպ, Պրիգոժինի և ուկրաինական հետախուզության շփումներն այսքանով չեն սահմանափակվել։ Թերթի տեղեկություններով` Պրիգոժինն աֆրիկյան պետություններից մեկում անձամբ է հանդիպել ուկրաինական հետախուզության աշխատակիցների հետ։

«Այդ հանդիպման ընթացքում Պրիգոժինն ուկրաինացիներին պատմել է ռուսական ստորաբաժանումներում նկատվող սպառազինության պակասի մասին, ինչպես նաև Կիևին խորհուրդ է տվել հարձակում սկսել Ղրիմի ուղղությամբ», - գրում է The Washington Post-ը։

«Վագներ»-ի հիմնադիրն ամերիկյան թերթի հոդվածին հեգնանքով է արձագանքել՝ Տելեգրամի իր ալիքում հրապարակված ձայնային հաղորդագրության մեջ պնդելով, թե ինքն ու ուկրաինական ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովը «մինչև հիմա էլ դեռ Աֆրիկայում են»։

«Իսկ եթե լուրջ խոսենք, ապա ես Աֆրիկայում չեմ եղել այս հակամարտության սկզբից ի վեր։ Ավելին, վերջին անգամ ես Աֆրիկա եմ այցելել հատուկ ռազմական գործողության մեկնարկից մի քանի ամիս առաջ, այնպես որ, որևէ մեկի հետ հանդիպելու ֆիզիկական հնարավորություն պարզապես չունեի», - պնդում է Եվգենի Պրիգոժինը։

XS
SM
MD
LG