Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը հերթական հրթիռային հարձակման ժամանակ խոցել է բոլոր 18 հրթիռները, այդ թվում՝ «Կինժալ»-ները, հաղորդում են ուկրաինական Զինված ուժերը:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին պնդում է, որ ամսվա սկզբից ի վեր ութերորդ զանգվածային հարձակման ժամանակ Ռուսաստանը կիրառել է տարբեր տեսակի օդային, ծովային և ցամաքային հրթիռներ։ Տելգրամ ալիքում հրապարակված նրա հայտարարության համաձայն՝ ժամը 3:30-ի սահմաններում ռուսական կողմը հարձակվել է Ուկրաինայի վրա հյուսիսային, հարավային և արևելյան ուղղություններով։
«Մայիսի լույս16-ի գիշերը հակառակորդը հարձակվել է նաև «Շահեդ-136/131» տիպի հարվածային անօդաչու թռչող սարքերով, ինչպես նաև օդային հետախուզություն է իրականացրել օպերատիվ-մարտավարական մակարդակի երեք անօդաչու թռչող սարքերով, դրանք բոլորը նույնպես ոչնչացվել են», - հայտարարել է Զալուժնին:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանել այս հայտարարությունը:
Ավելի վաղ Ուկրաինայի մայրաքաղաքի իշխանությունները հայտարարել էին, որ Կիևը ենթարկվել է «բացառիկ խտության» հարձակման՝ «ամենակարճ ժամանակահատվածում առավելագույն թվով» հրթիռների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ։ Քաղաքի վարչակազմը հայտարարել է Կիևի օդային տարածքում «թշնամու թիրախների ճնշող մեծամասնության» ոչնչացման և հինգ շրջաններում բեկորների ընկնելու մասին։