Հակարիի կամրջին անցակետ տեղադրելով Ադրբեջանն ամբողջությամբ վերականգնեց իր տարածքային ամբողջականությունը, այս մասին հայտարարեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա նաև պնդեց՝ զուգահեռ Բաքուն մեծ թափով վերականգնում է իր վերահսկողության տակ անցած տարածքները, շարունակում լրացուցիչ ֆինանսական միջոցներ հատկացնել բանակին։
«Ինչո՞ւ, որովհետև մենք պետք է միշտ պատրաստ լինենք։ Մեծանում են սպառնալիքները, մեծանում է վտանգը, և մենք միշտ պետք է ի վիճակի լինենք հաղթահարելու ցանկացած սպառնալիք», - հայտարարեց Ադրբեջանի նախագահը՝ առանց փակագծեր բացելու։
Ի տարբերություն իր նախորդ ելույթների՝ Ալիևն այս անգամ չսպառնաց բանակով «թշնամու գլուխը ջախջախել», Հայաստանի և հայերի հասցեին ռազմատենչ ու վիրավորական հայտարարություններ չարեց, միայն շեշտեց՝ Ադրբեջանի զինված ուժերն աշխարհի տասը ամենաուժեղ բանակներից մեկն է․ թե ի՞նչ վարկանիշային աղյուսակի համաձայն, Ադրբեջանի նախագահը չհստակեցրեց, բայց հատուկ ընդգծեց, որ իր բանակը նույնիսկ մեկ դասալիք չի ունեցել, 44-օրյա պատերազմի ընթացքում էլ որևէ զինվոր հետքայլ չի արել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանի կառավարությունը Հակարիի կամրջի անցակետը ներառել է իր պետական սահմանի անցակետերի ցանկումԱդրբեջանի նախագահն այս մասին խոսեց Շուշիում՝ քսան տարի առաջ երկրի իշխանությունն իրեն փոխանցած հոր՝ Հեյդար Ալիևի 100-ամյակին նվիրված հատուկ հեռուստատեսային ուղերձում, որը նկարահանվել է քաղաքի գլխավոր հրապարակում՝ շրջվարչակազմի շենքի առաջ․ դատելով կադրերից՝ Ադրբեջանի իշխանությունները փոխել են նաև այս պատմական շինության արտաքին տեսքը։
«Եթե Հեյդար Ալիևը մնար իշխանության ղեկին, հայ ազգայնականները չէին համարձակվի բռնակցել Լեռնային Ղարաբաղը»
Մոտ հիսուն րոպեանոց ելույթի ընթացքում Իլհամ Ալիևը թվարկեց Ադրբեջանի համազգային առաջնորդ հռչակված հոր ղեկավարման տարիների ձեռքբերումները երկրի զարգացման և կայացման ճանապարհին՝ էներգետիկ, լոգիստիկ խոշոր նախագծերը, Ղարաբաղի հարցով Բաքվի տեսակետը միջազգային ատյաններ հասցնելը, բանակի կազմավորումը։
Ադրբեջանի պարտություններին էլ անդրադարձավ, բայց ասաց՝ այդ ամենի համար նախկիններն են մեղավոր, Ղարաբաղյան առաջին պատերազմում կրած բոլոր պարտությունները վերագրելով Ադրբեջանի նախկին իշխանություններին՝ «Մուսավաթ» և «ժողովրդական ճակատ» կուսակցություններին։ Ալիևը պնդեց՝ նրանց դավաճանության արդյունքում է 1992 թվականին ընկել Շուշին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիևը հանձնարարել է հաստատել Շուշին «Թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք» հռչակելու գործողությունների ծրագիրը«Իշխանությունը պահելու համար նրանք նույնիսկ քաղաքացիական պատերազմ սանձազերծեցին։ Մենք հողեր էինք կորցնում, 1992-ի մայիսին ազգային դավաճանության արդյունքում էր, որ Շուշան [Շուշի] հանձնվեց թշնամուն։ Շուշան [Շուշի] անառիկ ամրոց է, սա բոլորը գիտեն։ Հենց իշխանության գալու համար էլ թողեցին Շուշան [Շուշի], որի գրավումից մեկ ամիս անց իշխանության եկավ «Ժողովրդական ճակատ» - «Մուսավաթ» տանդեմը և հասավ իր ուզածին»։
Ադրբեջանի ղեկավարի կարծիքով՝ ադրբեջանական ժողովրդի ողբերգությունները սկսվել են Հեյդար Ալիևի հրաժարականից (ԽՍՀՄ տարիներին) հետո, և եթե նա մնար իշխանության ղեկին, ըստ Իլհամ Ալիևի, «հայ ազգայնականները չէին համարձակվի բռնակցել Լեռնային Ղարաբաղը»։ Ադրբեջանի նախագահի խոսքերով՝ նաև Հեյդար Ալիևի շնորհիվ է կանգուն մնացել Նախիջևանը, հակառակ դեպքում «հայերը պլանավորում էին գրավել նաև Նախիջևանը»։
Ալիևի համոզմամբ՝ նավթի և գազի պաշարների շնորհիվ Բաքվի աշխարհաքաղաքական նշանակությունը մեծացել է
Բացի հոր իշխանության տարիների ձեռքբերումներից, Ալիևը նաև իր կառավարման տարիների հաջողություններով հպարտացավ՝ չթաքցնելով, որ դրանցում մեծ դեր են խաղում երկրի բնական ռեսուրսները։
Ադրբեջանի առաջնորդի համոզմամբ՝ նավթի և գազի պաշարների շնորհիվ Բաքվի աշխարհաքաղաքական նշանակությունը մեծացել է, Ադրբեջանը գազ է արտահանում վեց երկիր, առաջիկայում այդ թիվը կարող է հասնել տասի, ապա՝ ընդգրկել էլ ավելի մեծ աշխարհագրություն։
«Դա և՛ եկամուտ է բերում, և՛ բարձրացնում մեր քաղաքական կշիռն ու մեր ազդեցության հնարավորությունները», - ընդգծեց նա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվրամիությունը 2022-ին մոտ 15.6 միլիարդ եվրոյի գազ է գնել ԱդրբեջանիցԱլիևը վստահեցրեց՝ այդ եկամուտների շնորհիվ են խոշոր ներդրումներ արվում Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում, պատմեց, որ ավելի քան մեկ շաբաթ է շրջում է այդ բնակավայրերում, որտեղ իր խոսքերով կառուցվում կամ վերակառուցվում են ենթակառուցվածքներ, բնակելի տներ։
Միջազգային հեղինակավոր կառույցների գնահատականներով՝ ազատությունների առումով աշխարհի ետնապահներից, տասնյակ քաղբանտարկյալներ ունեցող Ադրբեջանի առաջնորդը այսօր Շուշիում նաև պնդեց՝ իր երկիրը ժողովրդավար պետություն է։ Ալիևն ասաց՝ իր ղեկավարած երկրում բոլորն ազատ են՝ բոլորը, այդ թվում՝ ազգային փոքրամասնության ներկայացուցիչները։
Ադրբեջանի նախագահի կողմից հաճախ հնչող այս հավաստիացումը միջազգային որևէ կառույց չի հաստատել․ Եվրախորհրդարանը իր վերջին զեկույցներից մեկում պնդել է, որ Ալիևի վարչակազմը չի կատարում էթնիկ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հարցով ստանձնած պարտավորությունները, ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեն իր հերթին արձանագրել է, որ Ադրբեջանում «ռասայական ատելություն են հրահրում և ռասիստական կարծրատիպեր տարածում»՝ այդ թվում պետական պաշտոնյաները, և այդ արարքները Ադրբեջանում չեն պատժվում։ Էթնիկ փոքրամասնությունների խնդիրներով զբաղվող Minority Rights Group International -ը ևս փաստել էր՝ Ադրբեջանում փոքրամասնությունների նկատմամբ խտրականությունը, սահմանափակումները վերացնելու ուղղությամբ կառավարության քայլերն անբավարար են։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրավապաշտպանների հաշվարկով՝ այս պահին Ադրբեջանում 93 քաղբանտարկյալ կա