Հայաստան ներթափանցած երկու ադրբեջանցիներից մեկը դատապարտվել է 11,5 տարվա ազատազրկման, նա ընդունել է մեղքը

Գյուղացիները բռնել են Հայաստան ներթափանցաց երկրորդ ադրբեջանցուն, ով մեղադրվում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահակին սպանելու համար

Մեկ ամիս առաջ Հայաստան ներթափանցած, ապա սահմանամերձ գյուղերի բնակիչների կողմից հայտնաբերված երկու ադրբեջանցիներից մեկը՝ զինծառայող Ագշին Բաբիրովը դատապարտվել է 11.5 տարի ազատազրկման։

Ադրբեջանը, որ իր զինվորների արտահանձնումն է պահանջում, արդեն դատապարտել է Հայաստանի դատարանի որոշումը և նրանց ազատման հարցով դիմել միջազգային կազմակերպություններին։

Պաշտոնական Բաքուն կրկին ընդգծել է՝ Նախիջևանում ծառայող զինվորները մոլորվել են անբարենպաստ եղանակի պատճառով, իսկ հայկական կողմը նրանց գերի է վերցրել։

Մինչդեռ շաբաթներ առաջ վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստան ներթափանցած ադրբեջանցին զորամասից փախել է ճնշումների պատճառով։

«Ադրբեջանի բանակի զինվորն ուղղակի փախուստի է դիմել իրենց դիրքերից իր ծառայակցի հետ՝ մյուս համածառայակիցների կողմից ճնշումների և նվաստացումների ենթարկվելու պատճառով», - խորհրդարանում հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանցի զինվորները փախուստի են դիմել նվաստացումների պատճառով. իրավապահների եռօրյա լռությունը վարչապետը խախտեց

Երեկ Հայաստանի բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) փոխանցեց, որ Բաբիրովն ընդունել է սահմանն ապօրինի հատելու պետական սահմանով հրազեն ու ռազմամթերք տեղափոխելու մեղադրանքը, ուստի դատավարությունն անցկացվել է արագացված ընթացակարգով՝ առանց մանրամասն քննության։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահակին սպանելու համար մեղադրվող երկրորդ ադրբեջանցու գործը դեռ նախաքննության փուլում է, խորհրդարանում նախորդ շաբաթ հայտարարել էր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

«Երկու անձ ունենք, որոնցից մեկի վերաբերյալ վարույթն արդեն ավարտվել է, և գործն ուղարկվել է դատարան, երկրորդի վերաբերյալ դեռ քննությունը շարունակվում է: Երկրորդ անձն, այո՛, մեղադրվում է ծանրացնող հանգամանքներում կատարված սպանության մեջ», - նշել էր նա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանցու մոտ հայտնաբերված հեռախոսը ենթադրաբար պատկանում է Կապանի սպանված բնակչին  

Ըստ քրեական գործի՝ Հուսեյ Ախունդովն ապրիլի 12-ին Կապանում, հրազենով սպանելով Հայրապետ Մելիքսեթյանին, ցանկացել է կրկին ապօրինի հատել Հայաստանի սահմանն ու անցնել Իրան։ Այդ նպատակով էլ Ախունդովը հափշտակել էր պահակի բջջային հեռախոսը, փորձել գործարկել տարածքում կայանված մեքենան, սակայն չկարողանալով՝ դիմել էր փախուստի: Ավելի ուշ նրան Կապանի մոտակայքում հայտնաբերել ու իրավապահներին էին հանձնել տեղի բնակիչները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Բռնեցի, ձեռքերը կապեցինք, տիկնոջս ասացի՝ զանգի միլիցիա». ադրբեջանցուն գտած բնակիչ

Արդյո՞ք Հայաստանի իշխանությունները դիտարկում են 11,5 տարվա ազատազրկման դատապարտված Բաբիրովին արտահանձնելու հնարավորությունը։ Այս հարցի պաշտոնական պատասխանը դեռ չկա, բայց անցած շաբաթ գլխավոր դատախազ Վարդապետյանն, ըստ էության, չէր բացառել այս սցեանարը՝ ընդգծելով, որ սովորաբար արտահանձնում են դատապարտյալներին, որոնց վերաբերյալ կան օրինական ուժի մեջ մտած դատավճիռներ։

«Նշեմ, որ մինչ դատական վարույթում արտահանձնում չի կարելի և չի լինում, արտահանձնումները լինում են միայն դատապարտված անձանց նկատմամբ, օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի պայմաններում: Արտահանձնումները կարգավորվում են մի շարք կոնվենցիաներով, եթե կոնկրետ Ադրբեջանն է հետաքրքրում, դա Մոսկվայի կոնվենցիան է 1998 թվականի և Ստրասբուրգի կոնվենցիան է», - ասել էր նա:

Ագշին Բաբիրովի մեղադրական դատավճիռը դեռ ուժի մեջ չի մտել։ Օրենքով դրա համար սահմանված է մեկ ամիս ժամկետ։ Հայտնի չէ՝ նրա հանրային պաշտպանը կբողոքարկի այն, թե՝ ոչ։ Փաստաբանների պալատը անվտանգության նկատառումներով չի հրապարակում ադրբեջանցի զինվորի պաշտպանի անունը։

Բաքուն երկակի ստանդարտներ է կիրառում՝ հրաժարվելով արտահանձնել հայ ռազմագերիներին. Սիրանուշ Սահակյան

Բաքուն պնդում է, թե հայկական կողմը, ադրբեջանցի զինծառայողներին մեղադրանքներ վերագրելով, խախտել է մարդասիրական իրավունքի նորմերը։ Եվրոպական դատարանում հայ ռազմագերիների շահերը ներկայացնող փաստաբան Սիրանուշ Սահակյանը, սակայն, հակադարձում է՝ Բաքուն երկակի ստանդարտներ է կիրառում՝ հրաժարվելով արտահանձնել հայ ռազմագերիներին, փոխարենը պահանջում է Հայաստանում հանցանք կատարած իր զինվորներին։

«Ադրբեջանցի զինծառայողների հստակ է եղել սահմանի գոյությունը և օտարերկյա տարածք մուտք գործելը, նրանց գործողությունները զուգակցվել են և քաղաքացիական անձանց նկատմամբ Քրեական օրենսգրքով արգելված արարքների կատարմամբ։ Այստեղ Ադրբեջանը, հասկանալի է, կարող է հղում կատարել մարդասիրությանը՝ զուտ քննության շրջանակներում վարվելակերպի հետ կապված, սակայն պնդել, որ նրանք չէին կարող դատապարտվել, հիմնազուրկ է, և միջազգային իրավունքը կամ մարդասիրական իրավունքը նման երաշխիքներ չի տրամադրում», - ասաց նա։

Այժմ Ադրբեջանի բանտերում պաշտոնական տվյալներով իրենց պատիժն են կրում 33 հայ ռազմագերիներ։ Նրանք տարբեր մեղադրանքներով՝ սահմանն ապօրինի հատելուց մինչև զինված խմբավորում կազմելու համար, դատապարտվել են 6-ից մինչև 20 տարի ժամկետով ազատազրկման։ Ադրբեջանը հրաժարվում է նրանց արտահանձնել՝ պնդելով՝ նրանք հանցագործներ են, հիշեցնում է իրավապաշտպան Սահակյանն ու պնդում՝ հայ ռազմագերիների դատավարություններն Ադրբեջանում խոցելի են, նրանք գերեվարվել են կա՛մ ակտիվ ռազմական գոտուց, կա՛մ վայրերից, որտեղ եռակողմ հայտարարությունից հետո ռուս խաղաղապահներն էին։

«Եվ այս տղաների (հայերի) գործունեությունը զուգորդված չի եղել քաղաքացիական անձանց նկատմամբ խաղաղ պայմաններում հանցագործությունների կատարմամբ», - հավելեց նա։

44-օրյա պատերազմից հետո Հայաստանում հանցագործության համար դատապարտված ադրբեջանցիներին արտահանձնելու նախադեպ եղել է։ Սպանության ու դիվերսիայի համար պատիժը կրող Շահբազ Գուլիևի ու Դիլհամ Ասքերովի դիմաց Ադրբեջանը Հայաստանին 44 ռազմագերի փոխանցեց։ Այն ժամանակ հայտարարվել էր, որ այս փոխանակումն իրականացվել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն։