Բաքուն դիմել է միջազգային կազմակերպություններին Հայաստանի հետ սահմանին անհետ կորած ադրբեջանցի զինծառայողների վերաբերյալ, հինգշաբթի օրը հայտարարել է Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովը։
«Հայաստանի հետ սահմանին անբարենպաստ եղանակային պայմաններում սահմանափակ տեսանելիության պատճառով Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շահբուզի շրջանի ՊՆ զինծառայողներ Ագշին Բաբիրովը (ծնված 2004թ.) և Հուսեյն Ախունդովը (ծնված 2003թ.) անհետացել են։ Հաշվի առնելով զինծառայողներին Հայաստանի տարածքում պահելու հավանականությունը՝ նրանց ազատ արձակելու վերաբերյալ պաշտոնական դիմում է ներկայացվել համապատասխան միջազգային կազմակերպություններին», - ասված է հանձնաժողովի հաղորդագրությունում։
Երկու զինծառայողի մոլորվելու մասին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց ապրիլի 10-ին: Անցած օրերին Հայաստանում ադրբեջանցի զինվոր է ձերբակալվել, ևս մեկին որոնում են: Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը չի հրապարակել ձերբակալված ադրբեջանցու անուն-ազգանունը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ երկրորդ զինվորը «սահմանը հատելուց շատ չանցած՝ հենց սահմանամերձ գյուղում ասել է, որ փոշմանել է և ուզում է վերադառնալ»: