44-օրյա պատերազմից ավելի քան երկուսուկես տարի անց զոհված ու անհետ կորած զինծառայողների բազմաթիվ ծնողներ դեռ իրենց որդիներից ինչ-որ լուրի են սպասում։ Չնայած պաշտոնապես չի հաստատվել, սակայն, որոշ հարազատներ հավատում են՝ իրենց տղաները ողջ են ու գերեվարված։ Ծնողները պնդում են՝ անգամ ապացույցներ ունեն։
«Մենք ամեն ձևով ապացույցներ ներկայացրել ենք իրանց, որ կան փաստեր, բայց ոնց ասում են՝ մինչև հիմա անտեսվում ա այդ ամեն ինչը: Մենք էդ էլ ենք հասկանում, որ եթե մի ծնողի հանկարծ իրանք էդ հարցով աջակցեցին, իրանք պիտի պատրաստ լինեն մնացածներին, ամբողջ ծնողներին պատասխան տան», - ասաց անհետ կորած զինծառայողի մայր Իրա Ամիրյանը:
Անգամ որդիներից մասունքներ ու ԴՆԹ նույնականացում ստացած որոշ հարազատներ են թերահավատ։ Համոզված են՝ իրենց որդիների ողջ լինելը չի հաստատվում, քանի որ պետությունըբավարար աշխատանք չի անում այդ ուղղությամբ։ Ծնողները վստահ են՝ գերիների թիվը պաշտոնականից ավելի մեծ է։
«Մենք մեր խնֆորմացիաներով հասկանում ենք, որ երեխաները ողջ են, էն, ինչը որ ներկայացնում են, էդ ԴՆԹ-ները, որ տալիս են, դա էլ ա սուտ, մարդիկ կան փաստացի ապացուցում են տեսանելի, որ սուտ ա, նենց որ չենք տարանջատում մենք անհայտները ԴՆԹ-ների հետ, որովհետև մենք որոնում ենք բոլորին, մեր համար բոլորը ողջ են, որովհետև ապացույցներ կան: Իսկ ի՞նչ ա արվում, էդ երևի բոլորն են տեղյակ, որ ոչ մի բան չի արվում», - նշեց անհետ կորած զինծառայողի հորեղբայր Էդիկ Արևշատյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 33 հայ քաղաքացի դեռ ադրբեջանական գերության մեջ էԱդրբեջանում մինչ օրս 33 հաստատված գերի է պահվում։ Սա պաշտոնական վերջին տվյալն է։ Իսկ 44-օրյա պատերազմից անհետ կորածների թիվը 196 է, ևս երկու անհետ կորած զինծառայող կա սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով։
«Ահռելի աշխատանք են կատարել հետաքննականն, և կարելի է ասել Քննչականից ավելի շատ փաստեր են հավաքել իրենց որդիների գտնվելու վայրի և ընդհանրապես զոհվելու հանգամանքների կամ ոչ զոհվելու, գերի ընկնելու հանգամանքի մասին: Այդ տվյալները երբ որ նույնացնում են և ամփոփում, ստացվում է, որ նրանք առնվազն չհաստատված գերիների ցանկում պիտի լինեն, բայց փաստորեն որևէ կերպ այդ գերիները չեն հաստատվում», - ասաց Ազգային ժողովում Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:
Զոհված ու անհետ կորած զինծառայողների հարազատներն այսօր Ազգային ժողովում Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի կազմակերպած քննարկմանն էին մասնակցում։ Հանձնաժողովի նախագահ Թովմասյանն ասաց՝ ծնողները թերահավատ են ԴՆԹ նույնակացումներին՝ քանի որ կասկածներն ավելացրել են նաև մասունքները, որ իրենց աչքով տեսել են։
«Շատ ծանր խոսակցություն էր ներսում գնում իրականում», - նշեց նա:
Հարազատների հայտարարությունների, պնդումների վերաբերյալ լրագրողներին պարզաբանումներ ստանալ նրանցից չհաջողվեց, հանդիպման մի մասն էր բաց, քննարկումից հետո էլ՝ նրանք հրաժարվեցին խոսել տեսախցիկների առաջ։
Շաբաթներ առաջ լրագրողների հետ զրույցում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել էր, որ դեռ կան աճյուններ, որոնք հուղարկավորված չեն, հարազատները չեն ընդունում ԴՆԹ արդյունքները։ Թե քանի նման աճյուն կամ մասունք կա, նախարարը թիվ չէր հրապարակել։ Սակայն, ըստ նրա, փորձաքննության արդյունքները հավաստի են։