Մատչելիության հղումներ

«Բողոքը էն ա, որ երեխեքի տեղը իմանանք». անհետ կորած զինծառայողի հայր


Վլադիմիր Հարությունյան, անհետ կորած զինծառայող Գարեգին Հարությունյանը հայրը
Վլադիմիր Հարությունյան, անհետ կորած զինծառայող Գարեգին Հարությունյանը հայրը

Շուշեցի Հարությունյանների ընտանիքի ամենափոքր անդամը՝ 3 տարին դեռ չբոլորած Ալեքսը հորը չի հիշում։ 4 ամսական էր, երբ հայրը գնաց պատերազ ու չվերադարձավ։

Պատերազմը փոխեց Ալեքսի ու ընտանիքի կյանքը, Շուշին ընկավ, սեփական ընդարձակ տունը թողեցին ու տեղափոխվեցին Երևան։ Երկուս ու կես տարի է ընտանիքը որոնում է այս հունվարին արդեն 34 տարեկան դարձած Գարեգինին։

«Հերացիում դիահերձարան կա, չէ՞։ Էնտեղ անընդհատ ախպերս ա գնում, ինձ խնայում ա։ Վերջը էնքան ա գնացել, էնտեղ մի աղջիկ կա, ասում ա՝ այ, հոպար, գնա ողջերի մեջ փնտրի», - ասում է Գարեգինի հայրը՝ Վլադիմիր Հարությունյանը։

Նա միացել է բախտակից ծնողներին, որոնք պարբերաբար հանդիպում են, պետական գերատեսչությունների դռները թակում։ Երեկ էլ գլխավոր դատախազություն էին գնացել՝ փորձելով հստակություն մտցնել իրենց տանջող հարցերում՝ ի վերջո, ի՞նչ է անում պետությունը անհետ կորածներին հայտնաբերելու համար. - «Պետությունը շատ բան կարա անի։ Դե ասում են... որոնողական աշխատանք անում են, բայց դե արդյունքը չի երևում»։

Մինչև պատերազմը Գարեգին Հարությունյանը Շուշիի դպրոցում զինղեկ էր աշխատում։ Հենց պատերազմի առաջին օրը միացավ զինակիցներին, անցավ հրետանավորի գործին։ Մի անգամ զանգել է Մատաղիսից, ասել՝ ողջ առողջ է։ Մինչև հոկտեմբերի 15-ը խոսել էր մոր ու կնոջ հետ, փոխանցել էր, որ տեղափոխում են Հադրութ. - «Էնտեղից, ասում էր, կապը լավ չի աշխատում, եթե չզանգեմ, չանհանգստանաք։ Ըստ արդեն էնտեղ եղած տղաների պատմածի, տարել են գիշերվա կես, լցրել ինչ-որ տեղ պոստեր, լրիվ անծանոթ միջավայր... Լուսացել ա, լուսանալուն հետ զուգահեռ թուրքերը չորս կողմից վրա են տվել»։

Գարեգինի ընտանիքի սեփական հետաքննությունն է սկսել։ Հայրն ասում է, թե ադրբեջանական օղակի մեջ հայտնված տղաներից ոմանք հասցրել են փախչել։ Որդին, սակայն, չի փախել. - «Տեսել են, որ վիրավորվել ա... հազար ու մի բան են պատմում։ Մի խումբը պատմում էր, որ իբր Գարեգինին խփել են, ընկել ա, մեկը գնացել ա, որ օգնի, դրան էլ են խփել, ընկել ա վրեն։ Երրորդը գնացել ա երկուսին օգնելու, ինչ-որ սնարյադ ա պայթել, դա էլ ընկել ա իրենց վրա։ Հիմա էդ վրա ընկած երկու հոգուն գտել են որոնողական աշխատանքների ընթացքում, իրեն՝ չէ։ Էդ երեքը եթե իրար վրա են եղել, էդ երեքին էլ պիտի գտնեին...»

Հարցերն ավելի շատ են, քան պատասխանները, որոնք մինչև օրս հայրը փորձում է ստանալ՝ անցնելով տարբեր պաշտոնյաների աշխատասենյակներով; Պատասխանը նույնն է՝ աշխատում են. - «Դե ասում են, որոնողական աշխատանք անում են, բայց դե արդյունքը չի երևում։ Սիրում են մի տեղից պաս տալ մի ուրիշ տեղ։ Էդպես ֆռռացնել կրուգի մեջ»։

Դատարանը Գարեգին Հարությունյանին ճանաչել է անհայտ բացակայող։ Որդու որոնողական աշխատանքներին զուգահեռ մեծանում է պաշտոնական փաստաթղթերի թղթապանակը։ Վլադիմիր Հարությունյանն արդեն անգիր է արել ոչինչ չասող գրությունները. - «Ձեր դիմումը ստացվել է Քննչական կոմիտեի զինվորական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում։ Դիմումի քննարկման արդյունքները ձեզ կներկայացվեն ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից»։

Երեկ դատախազությունում արցախցին գրել է, որ երկուս ու կես տարի ձգվող քննությունից տեղեկություններ չունի, որդու պատմությանը տեղյակ զինվորներին չեն կանչել հարցաքննությանն, իրեն էլ չեն ճանաչել տուժողի իրավահաջորդ։

Սա ակնհայտ հանցավոր անտարբերություն է, ասում է հայրը. - «Էս վերջերքս աղջկաս են կանչել ու տղուս Քննչական կոմիտե։ Ասում եմ՝ ի՞նչ են ներկայացրել, ասում են՝ նույն փաստաթղթերը։ Փաստորեն պիտի մի հատ գործ լինի կարած, որտեղ պիտի լինի հարցաքննությունները, չգիտեմ ինչ, ոնց, և համապատասխան փաստաթղթերը։ Եվ ինչ փաստաթուղթ մենք տվել ենք, դրա վրա մի թուղթ չի ավելացել»։

Ինչպես Վլադիմիր Հարությունյանն, այնպես էլ անհետ կորած մյուս զինվորների հարազատները պարբերաբար մասնակցում են հոկտեմբերից գործող գերիների ու անհայտ կորածների հանձնաժողովի նիստերին։ Մեծ ակնկալիքներ, սակայն, չունեն, այն վերջերս է սկսել գործել, ասում է մեկ այլ անհետ կորած զինվորի՝ Սարգիս Ղուկասյանի հորեղբայրը՝ Արսեն Ղուկասյանը։

Ղուկասյանի խոսքով, այլ է անհետ կորածների գործերը քննող քննչական մարմինների դեպքում. - «Քանի որ քննչական մարմինները իրենց վրա դրված պարտականությունները չեն կատարել։ Այսինքն՝ էսօր նույնիսկ հանձնաժողովի շրջանակում Քննչականից նյութեր են ուզում, ասում են՝ քննչական մարմիններ, տրամադրեք մեզ էսինչ նյութերը անհետ կորածների վերաբերյալ, նյութեր չունեն...»

Քննչական կոմիտեից, մինչդեռ, հավաստիացնում են՝ ամեն ինչ անում են բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Տուժող են ճանաչվել բռնությամբ անհետացած 30 քաղաքացիները, մյուսների հարցը դեռ քննվում է։ 44-օրյա պատերազմի հետևանքով անհայտ է ավելի քան 200 զինվորի ճակատագիր։

Հարազատներին սպասող ընտանիքներում անորոշությունը միայն խորանում է։ Գարեգինի վեցամյա դստեր համար հայրը միայն հեռախոսի լուսանկարներում է։ Հորը հիշեցնող բոլոր իրերը, ընտանեկան ալբոմները, բոլորը մնացել են Շուշիում։

XS
SM
MD
LG