Արցախը Հայաստանին կապող Հակարիի կամրջին ադրբեջանական անցակետի տեղադրումից հետո Շուշիի շրջանի 4 համայնքները՝ Հին Շենը, Մեծ Շենը, Լիագորն ու Եղցահողն արդեն 13 օր է երկկողմանի շրջափակման մեջ են։ Այսօր, առաջին անգամ այդ համայնքներ առաջին անհրաժեշտության բեռներ են մտել, ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։
Պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանին հարցրինք՝ «ի՞նչ է հասել շրջափակման մեջ հայտնված մարդկանց»:
«Այսօր մեկ բեռնատար արդեն մատակարարել ենք ռուս խաղաղապահների միջոցով, հիմնականում սնունդ և դեղորայք է եղել, ընդհանուր առմամբ իրենց սուր հումանիտար կարիքները բավարարվել են, բայց, իհարկե, դրանով հնարավոր չէ բոլոր բնակիչների բոլոր հիմնական կարիքները բավարարել: Մենք փորձելու է ենք աշխատել ռուս խաղաղապահների հետ, որպեսզի իրենց աջակցությամբ, իրենց միջոցով գույքագրված խնդիրներին առաջիկա օրերին լրացուցիչ լուծում տանք», - պատասխանեց Բեգլարյանը:
Ապրիլի 29-ից մինչև այսօր, Լաչինի միջանցքով ոչ մի շարժ չի իրականացրել միջազգային Կարմիր խաչի արցախյան առաքելությունը։ Կազմակերպության ներկայացուցիչ Էթերի Մուսայելյանը հիշեցրեց՝ իրենց հիմնական առաքելությունը հիվանդների տեղափոխումն ու ընտանիքների վերամիավորումն է։
«Ոչ մի բան չի փոխվել երեկվանից, դեռևս քննարկումների մեջ ենք կողմերի հետ, բոլոր որոշում կայացնողների հետ՝ հասկանալու, թե ինչ ձևով ենք մենք մեր շարժն իրականացնելու Լաչինի միջանցքով, և հուսով ենք, որ մոտ ապագայում շատ շուտ վերականգնվելու է մեր գործունեությունը», - նշեց Մուսայելյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Փլավ եմ սարքում, հացի տեղը փլավ են ուտում, շատ դժվար է». Հին շենի բնակիչ
Այսօր վերջապես ճնշման դեղ, սուրճ ու մի շարք այլ կարևոր պարագաներ է ստացել նաև շրջափակված գյուղերից մեկի՝ Եղցահողի բնակիչ Էդվարդ Եդիգարյանը։ 55-ամյա տղամարդն ասում է՝ անգամ, եթե այսօր սուրճ ունեն, միևնույնն է այն դարձել է տոնական հաճույք, որովհետև՝ խմելու ջուրը ծորակից էլ չի հոսում, եղածն էլ խնայելով են օգտագործում:
«Կարկոտ ա եկել, սելավ ա արել, խմելու ջուր չի, լավացք-մվացք տենց բաներ կարելի ա անել, խմելու ջուր չունենք, մեր ջուրը սարից ա գալիս, հիմա իրանք կտրել են, տանում են Լաչին: Աղբյուր կա, մի 1,5 կմ գնում ենք խմելու ջուրը բերում», - ներկայացրեց Եդիգարյանը:
Եղցահողցի Էդվարդի կինը հարևան համայնքի բուժքույրն է, արդեն 13 օր է Ստեփանակերտից չի կարողանում տուն հասնել։
Ակցիա-ստորագրահավաքներ Երևանում և Արցախում
Արցախում ու նաև Երևանում այս օրերին բողոքի ակցիա-ստորագրահավաքներ են տեղի ունենում՝ Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետը հեռացնելու պահանջով։ Նույն պահանջով Շառլ Ազնավուրի հրապարակում երեկվանից ստորագրահավաք է սկսել նաև Մարդու իրավունքների պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։ Ընդդիմադիր պատգամավորը խորհրդարանում ասել է՝ շատ արցախցիներ են մասնակցել ստորագրահավաքին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Խաղաղ ակցիա Ստեփանակերտ-Շուշի ճանապարհին՝ ադրբեջանական անցակետը հանելու պահանջով«Մարդիկ հատուկ գալիս էին ընտանիքներով ստորագրում էին և նորից հետ էին գնում, այսինքն, ստորագրահավաքն ակնհայտորեն տալիս է իր դրական և այն ցանկալի արդյունքները ինչի համար ես կազմակերպեցի: Տարբեր խմբերի ենք բաժանվել, մի մասը Հանրապետության հրապարակում է կանգնած, մի մասը՝ Հյուսիսային պողոտայում, ես՝ Մոսկվա կինոթատրոնի մոտ եմ: Դրանք պիտի վերջում հավաքենք ու սկսենք հաշվել», - ասաց Թովմասյանը:
Ստորագրահավաք նախաձեռնած արցախցի երիտասարդներին Երևանում միացածներից Սոնա Հովհաննիսյանն ասում է՝ Արցախում և Երևանում մի քանի հազար ստորագրություններ են հավաքվել, բայց սպասվելիք թիվը 120 հազարն է։ Երիտասարդների պահանջն է՝ դադարեցնել «Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը»։
«Ավելի կոնկրետ՝ ադրբեջանական զինված ուժերի դուրսբերում օկուպացված տարածքներից Հայաստանի, հրադադարի ռեժիմի պահպանում, միջանցքի անհապաղ ապաշրջափակում և գերության մեջ պահվող անձանց ու փախստականների իրենց հայրենիք վերադարձ», - նշեց Հովհաննիսյանը:
Անցակետի հարցով բանակցելու համար Բաքու էր մեկնել Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարը, հանդիպել պաշտպանության նախարարին, արդյունքների մասին, սակայն, առայժմ չի հաղորդվում, մինչ այդ Հակարիի կամրջի անցակետը Ադրբեջանը ներառել է իր պետական սահմանի անցակետերի ցանկում։