Վաշինգտոնում ավարտին մոտեցող հայ-ադրբեջանական բանակցությունների ֆոնին պաշտոնական Մոսկվան կրկին պնդում է՝ առանց Ռուսաստանի մասնակցության Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը գործնականում անհնարին է, դրա հիմքն էլ եռակողմ հայտարարություններն են։ «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում այսօր այդ մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Առաջին հերթին հենց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գործադրած ջանքերի շնորհիվ էր, որ ժամանակին հնարավոր եղավ վերջ տալ հակամարտության թեժ փուլին։ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից ստորագրված հայտարարության մեջ խոսքը կրակի դադարեցման, հայ-ադրբեջանական կարգավորման ուղղությամբ գործողություններ սկսելու, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի տեղակայման մասին էր։ Այդ զորախումբը պետք է վերահսկեր և վերահսկում է Լաչինի միջանցքը, այն դեպքում, երբ անվտանգությունը դրանում ապահովում է ադրբեջանական կողմը», - նշել է Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալը։
Անդրադառնալով Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրմանը՝ Գալուզինը դա որպես «բարդություն» է բնութագրում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանցիները փակել են Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամուրջը, տեղում անցակետ են տեղադրում«Այնպիսի վաղեմի և զգայուն հակամարտությունների կարգավորումը, ինչպիսին է Լեռնային Ղարաբաղի և դրա շուրջ ծավալվող հակամարտությունը, ցանկալի կլիներ, որ անցներ առանց տեղում բարդությունների և անհարթությունների ի հայտ գալու։ Դա, սակայն, քիչ հավանական է։ Նման բաներ, ցավոք սրտի, տեղի են ունենում և նման դեպքեր արձանագրվեցին անցած շաբաթավերջին և այս շաբաթվա սկզբին։ Մենք, որպես ԱԳՆ անցած երկուշաբթի օրը արագորեն հանդես եկանք ծավալուն և շատ հստակ հայտարարությամբ։ Դրանում մենք կոչ էինք անում հակամարտող կողմերին զերծ մնալ ցանկացած ապակառուցողական գործողություններից՝ լինի դա Լաչինի միջանցքում իրավիճակի փոփոխությունը, թե քայլեր, որոնք հակառակ կողմը խաղաղության օրակարգին հակասող կարող է ընկալել», - ասել է փոխարտգործնախարարը։
Խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ընդհանուր գործընթացի մասին՝ փոխարտգործնախարար Գալուզինը նշում է, որ այն հիմնական չորս ուղղություններից է բաղկացած՝ տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակում, խաղաղության պայմանագրի կնքման նպատակով ծավալվող երկխոսություն, հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիա և հանրային ու խորհրդարանական մակարդակներում երկխոսության խթանում։ Նրա պնդմամբ՝ Մոսկվայի դերը այս բոլոր ուղղություններում որոշիչ է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանն ու Բաքուն հաստատել են Մոսկվայում հանդիպելու պատրաստակամությունը. Զախարովա«Այս բոլոր սկզբունքները ձևակերպվել են և սկսել են կյանքի կոչվել միմիայն և բացառապես Ռուսաստանի Դաշնության և դրա նախագահի միջնորդական առաքելության շնորհիվ։ Դա ինքնին լուրջ քայլ է հայ-ադրբեջանական կարգավորման ուղղությամբ։ Այս տարիների ընթացքում այդ չորս ուղղություններով էլ մենք փորձել ենք կոնկրետ, գործնական ջանքեր ձեռնարկել։ Ընդհանուր առմամբ՝ այդ բոլոր ուղղություններով լուրջ ներուժ է կուտակվել, հետագա առաջընթացի համար լուրջ հիմքեր են ձևավորվել», - հայտարարել է դիվանագետը։
Ռուսաստանի արտգործնախարարի՝ հետխորհրդային տարածքը համակարգող տեղակալի պաշտոնում Միխայիլ Գալուզինը նշանակվել էր անցած տարեվերջին։ Բառացիորեն մի քանի օր առաջ էլ՝ ապրիլի վերջին օրերին Գալուզինը աշխատանքային այցով Երևանում էր։