Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում խորը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղության գործընթացում վստահություն հաստատելու ջանքերը՝ ընդգծելով Լաչինի միջանցքը հնարավորինս արագ վերաբացելու կարևորությունը։
Ըստ Վաշինգտոնի հաղորդագրության՝ Բլինքենը խոստացել է Վաշինգտոնի շարունակական աջակցությունը հայ-ադրբեջանական խաղաղ բանակցություններին՝ համոզմունք հայտնելով, որ խաղաղությունը հնարավոր է:
Ըստ Բաքվի՝ Ալիևը Բլինքենին ասել է, որ Լաչինում անցակետը տեղադրվել է Ադրբեջանի ինքնիշխան իրավունքների շրջանակներում և միջազգային բոլոր նորմերին համապատասխան։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Զանգեզուրյան միջանցքը» չստանալու պատճառով, թե՞ «զենքի տեղափոխումը» կանխելու նպատակով Լաչինի ճանապարհին տեղադրվեց ադրբեջանական անցակետԱդրբեջանի նախագահն ընդգծել է, որ անցակետի նպատակը ոչ թե երթևեկության սահմանափակումն է, այլ վերահսկողության ապահովումը, և մարդիկ արդեն անցնում են այդ անցակետով։
Ալիևը նաև հայտարարել է, որ Ղարաբաղի հայ բնակչության իրավունքները կապահովվեն Ադրբեջանի Սահմանադրության և միջազգային փաստաթղթերի շրջանակներում, որոնց միացել է Բաքուն:
Նախօրեին պետքարտուղար Բլինքենը հեռախոսազրույց էր ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այսօր Վաշինգտոնում տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները