Քովիդի շրջանում ենթադրյալ չարաշահումների գործով կալանավորված առողջապահության նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանն ազատ կարձակվի։
Սիմոնյանի փաստաբան Էմին Խաչատրյանը Վերաքննիչ դատարան բողոք էր ներկայացրել խափանման միջոց կալանավորումը վերացնելու հիմքով: Դատարանը բավարել է բողոքը։
«Ազատության» հետ զրույցում այսօր Խաչատրյանն ասաց՝ դատարանը խնդիր է տեսել հիմնավոր կասկածի մասով, այսինքն՝ դատարանը վերացրել է կալանքի համար անհրաժեշտ հիմնարար կասկածի շեմը։
«Գնում եմ կալանավայր, շուտով ազատ կարձակվի», - ասաց Խաչատրյանը։
Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ Սիմոնյանը, պատասխանատու լինելով պետական ֆինանսավորման բաշխման համար, քավոր-սանիկական կապ ունենալով «Մեդլայն» կլինիկայի տնօրենի հետ, բավարար վերահսկողություն չի իրականացրել, ինչի հետևանքով Բաբկեն Շահումյանը հափշտակել է շուրջ 120 միլիոն դրամ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պետբյուջեից շուրջ 120 մլն դրամ հափշտակելու մեջ մեղադրվող «Մեդլայնի» տնօրենը կմնա կալանքի տակԸստ իրավապահների՝ պատասխանատուները բուժվողների վերաբերյալ «Մեդլայն կլինիկի» տրամադրած կեղծ տվյալները չեն համադրել բուժառուների փաստացի առողջական վիճակի հետ ու չեն արձանագրել անհամապատասխանությունները:
2020-2022-ին առողջապահության փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած Սիմոնյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Երևանի ներկայիս փոխքաղաքապետը կալանքի տակ էր շուրջ երկու ամիս։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի երկու՝ նախկին և գործող պաշտոնյաներ