Մատչելիության հղումներ

«Մեդլայն կլինիկ»-ից պնդում են՝ համավարակի շրջանում բուժկենտրոնը նույնիսկ իր ֆոնդից է հաճախ գումար ծախսել


Մինչ իրավապահները «Մեդլայն կլինիկի» տնօրենին մեղադրում են քովիդի շրջանում պետական միջոցներից շուրջ 120 միլիոն դրամ հափշտակելու համար, կալանավորված Բաբկեն Շահումյանի ղեկավարած հիվանդանոցից պնդում են՝ համավարակի շրջանում բուժկենտրոնը նույնիսկ իր ֆոնդից է հաճախ գումար ծախսել։

«Պետական ֆինանսավորումը յուրաքանչյուր պացիենտի համար սահմանափակված էր որոշակի ժամանակահատվածով, այդուհանդերձ, հարյուրավոր պացիենտների բուժումն ու վերականգնումն ավելի երկար ժամանակահատված է պահանջել և «Մեդլայն կլինիկ» բժշկական կենտրոնն առանց երկմտելու այդ ժամանակահատվածի բուժումը հոգացել է ինքնուրույն՝ գերակա համարելով մարդկանց կյանքն ու առողջությունը, գիտակցելով իր մասնագիտական առաքելությունը», - ասված է կլինիկայի պաշտոնական հաղորդագրությունում:

Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ «Մեդլայն»-ի առնվազն 8 բժիշկ, հիմնադիր տնօրենի կազմակերպմամբ, ստացիոնար բաժանմունքում բուժված 385 պացիենտի հիվանդության պատմագրերում գրել են, թե իբր նրանք վերակենդանացման բաժանմունքում են բուժվել։ Ենթադրվում է, որ հիվանդանոցն այդպես ավելի շատ գումար է ստացել պետությունից։ Մինչդեռ տնօրենի նկատմամբ հարուցված քրեական գործը «Մեդլայն կլինիկը» որակում է որպես բժշկական գիտության և բուժական ընթացակարգերի վերաբերյալ ոչ ճիշտ պատկերացումների ու մեկնաբանությունների վրա հիմնված սխալ եզրահանգումներ։

Այս գործով նախօրեին կալանավորվել է նաև առողջապահության նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանը, որն այժմ Երևանի փոխքաղաքապետն է։ Ըստ Հակակոռուպցիոնի՝ նա պատասխանատու լինելով պետական ֆինանսավորման բաշխման համար, քավոր-սանիկական կապ ունենալով «Մեդլայն» կլինիկայի տնօրենի հետ, բավարար վերահսկողություն չի իրականացրել, ինչի հետևանքով Բաբկեն Շահումյանը հափշտակել է շուրջ 120 միլիոն դրամ։

Նախկին փոխնախարարի փաստաբան Էմին Խաչատրյանը պնդում է՝ Սիմոնյանն այդպիսի լիազորություններ չի ունեցել, նա անկետա ստուգող չէ. - «Երբ որ Գևորգ Սիմոնյանն ամենօրյա ռեժիմով դուրս գրման տրիաժի աշխատակիցների հետ ամբողջ Հայաստանի տարածքում այցելեր ու զբաղվեր մենակ դուրս գրման հարցերով, այն ժամանակ էլ ասելու էին՝ առողջապահության փոխնախարարն իր բան ու գործը թողած զբաղվում է այլ հարցով: Չմոռանանք՝ էդ թվականներին ինչ էր կատարվում»:

Արսեն Թորոսյանը պնդում է՝ փոխնախարարը Հակակոռուպիցոնի վերագրած լիազորությունները չի ունեցել

Թեև քովիդի սկզբում Առողջապահության նախարարությունը ղեկավարած, այժմ իշխանական պատգամավոր Արսեն Թորոսյանն այս գործով չի անցնում, բայց արդեն երկու օր է՝ գրառումներ է անում իր ֆեյսբուքյան էջում, ընդգծելով՝ իրեն չեն հարցաքննել, ստիպված է հրապարակումներով հանդես գալիս։ Թորոսյանը նույնպես նշում է՝ փոխնախարարը Հակակոռուպիցոնի վերագրած լիազորությունները չի ունեցել։ Երեկվա իր գրառմամբ Թորոսյանն անդրադարձել էր Հակակոռուպցիոնի ձերբակալություններին ու հարուցված քրեական գործին և ընդգծել՝ սա հաղորդագրություն է ամբողջ պետական ապարատին, որ հանկարծ նախաձեռնողականություն չցուցաբերեն տարբեր հարցեր լուծելիս, որոշումներ չընդունեն, այլ միշտ թույլտվություն հարցնեն վերադասից, որովհետև վաղը կարող են հանիրավի մեղադրվել «որոշում կայացնելու համարձակություն» ունենալու համար։

Թե այս դեպքում ո՞վ է վերադասը, ո՞վ ումի՞ց պետք է թույլտվություն վերցներ՝ Թորոսյանն այսօր չմանրամասնեց, նրա հետ զրուցել մեզ չհաջողվեց։ Ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում անդրադարձել էր իրավապահների աշխատանքին:

«Ընդհանուր միտում կա երևի բոլոր նախաքննական մարմինների մոտ, որ ցույց տան, որ իրենց գոյությունն ապարդյուն չի և իրենք տենց ուժեղ պայքարում են կոռուպցիայի կամ հանցավորության դեմ, ուրիշ անձնական միտումների մասին չեմ ուզում մտածել», - ասել է Թորոսյանը:

«Ազատության» դիտարկմանը՝ իսկ քավոր-սանիկական հարաբերությունների մասին ի՞նչ կասի, որ հենց պաշտոնական տեքստում է ընդգծված, Արսեն Թորոսյանն արձագանքել է. - «Էդ էլ տարօրինակ է ընդհանրապես, այսինքն եթե ինչ-որ մեկն ինչ-որ մեկի ժամանակին քավոր-սանիկն է եղել, ուրեմն ենթադրյալ մեղադրանք պետք է լինի, էդ հիպոթեզն էլ հիմնավորելու համար էդ հիմնավորումները դրվե՞ն»:

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը տարօրինակ չի համարում այն, որ իշխանական պատգամավորն է իրավապահներին մեղադրում: Ավելին՝ այսօր լրագրողների հետ զրույցում նա ընդգծել է. - «Հենց սա է կոռուպցիայի դեմ պայքարը, որտեղ չկան յուրայիններ, կմնա քաղաքական թիմում գտնվող մարդկանց կամ պաշտոնյաների համար այլ երաշխիքներ, այլ իրավունքներ, քան ուրիշ քաղաքացիների համար: Ես ուրախ եմ, որ նման քննարկումները կան, և նմա քրեական վարույթներով ամբողջ պետական ապարատը, համայնքային աշխատողները, բոլորը հասկանում են, որ կոռուպցիայի դեմ անզիջում պայքար է: Ուղղակի ուզում եմ հիշեցնել, որ ոչ ոք մեղավոր չի քանի դեռ չկա օրինական ուժի մեջ մտած դատական վճիռ»:

«Ազատության» տեղեկություններով այս գործի շրջանակներում ձերբակալված 8 բուժաշխատողները «Մեդլայն»-ից են, նրանք կարգավիճակ չունեն ու այս պահին ազատ են արձակվել։

Գլխավոր դատախազությունից տեղեկացանք՝ Արսեն Թորոսյանին պատգամավորական լիազորություններից զրկելու միջնորդություն չունեն։ Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հնարավոր է հարուցել միայն Ազգային ժողովի համաձայնությունից հետո։

XS
SM
MD
LG