Քովիդի շրջանում ենթադրյալ չարաշահումների գործով անցնող «Մեդլայն» բժշկական կենտրոնի տնօրեն Բաբկեն Շահումյանը կմնա կալանքի տակ։
Դատական իշխանության տելեգրամյան ալիքից այսօր տեղեկանում ենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Շահումյանի խափանման միջոց կալանավորման դեմ ներկայացված բողոքը՝ ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը։
Մեկ ամիս առաջ կալանավորված Շահումյանը մեղադրվում է պետբյուջեից շուրջ 120 միլիոն դրամ հափշտակելու մեջ։
Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ «Մեդլայնի» տնօրենի կազմակերպմամբ, կեղծվել են պացիենտների բժշկական պատմագրերը, և ստացիոնարում բուժված 385 պացիենտ ներկայացվել է որպես ռեանիմացիայի հիվանդ։ Ենթադրվում է, որ հիվանդանոցն այդպես ավելի շատ գումար է ստացել պետությունից։
Այս գործի շրջանակներում արդեն մեկ ամիս է ինչ կալանքի տակ է նաև առողջապահության նախկին փոխնախարար, Երևանի գործող փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը։
Ըստ իրավապահների՝ Սիմոնյանը քավոր-սանիկական կապ ունենալով «Մեդլայնի» տնօրենի հետ, բավարար վերահսկողություն չի իրականացրել, ինչի հետևանքով տնօրեն Բաբկեն Շահումյանը պետական միջոցներից հափշտակել է շուրջ 120 միլիոն դրամ։
Սիմոնյանն ու Շահումյանը չեն ընդունում առաջադրված մեղադրանքը։