Ռուսաստանի ԱԳՆ այսօր տարածած հայտարարության մեջ լուրջ մտահոգություն է հայտնում՝ «Լեռնային Ղարաբաղում՝ ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում, հայ-ադրբեջանական շփման գծում, ինչպես նաև Բաքվի և Երևանի միջև երկխոսության շուրջ ստեղծված իրավիճակի առթիվ»։
«Ծայրահեղ մտահոգությամբ երկու կողմից պարբերաբար զոհերի հանգեցնող հրադադարի ռեժիմի խախտումների և տարատեսակ միջադեպերի թվի աճ ենք արձանագրում։ Պակաս վտանգավոր չէ Հայաստանի և Ադրբեջանի հանրային դաշտում ագրեսիվ և մեղադրական հռետորաբանության թեժացումը։ Ապրիլի 23-ի իրադարձությունների զարգացման կոնտեքստում հատուկ ընդգծում ենք ցանկացած միակողմանի քայլի անթույլատրելիությունը, որ խախտում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության հիմնարար դրույթները՝ լինի դա Լաչինի միջանցքի կենսագործունեության ռեժիմի չհամաձայնեցված փոփոխության, թե խաղաղ օրակարգին չհամապատասխանող նպատակներով դրա օգտագործման փորձ», - հայտարարում է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանցիները փակել են Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամուրջը, տեղում անցակետ են տեղադրում«Կոչ ենք անում կողմերին անհապաղ կերպով վերադառնալ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը։ Ելնում ենք այն հանգամանքից, որ որևէ պարագայում խաղաղ բնակչությունը չպետք է տուժի և նրա կենսագործունեությանը խոչընդոտներ չպետք է հարուցվեն։ Կարծում ենք, որ ծագած բազմաթիվ խնդիրները երկար ամիսներ տևող պարապուրդի և Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև ձեռք բերված հիմնական պայմանավորվածությունների շուրջ ընթացող բանակցային գործընթացում առաջընթացի բացակայության հետևանք են», - պնդում է Ռուսաստանի ԱԳՆ-ը՝ նշելով, որ խոսքը վերաբերում է՝ «տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը, հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի մեկնարկին և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղ պայմանագրի չափանիշների համաձայնեցմանը»։
«Հուսով ենք, որ Բաքուն և Երևանը քաղաքական կամք կդրսևորեն և մոտ ապագայում կկարողանան հաղթահարել այդ բացասական դինամիկան», - հայտարարում է Ռուսաստանի արտգործնախարարությունը՝ նշելով, որ ռուսական կողմը պատրաստ է՝ «իրեն մերձավոր Ադրբեջանին ու Հայաստանին ողջ անհրաժեշտ աջակցությունը ցուցաբերել թե՛ քաղաքական մակարդակում և թե՛ տեղում՝ ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի հրամանատարության մասնակցությամբ»։