Ադրբեջանի գործողությունների նպատակը շատ որոշ է և հստակ՝ հայաթափել Արցախը և տիրանալ Արցախին, այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, «Ազատության» խնդրանքով անդրադառնալով երեկ Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու Ադրբեջանի գործողություններին ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդը։
«Մենք դատապարտում ենք նման անմարդկային գործողությունը, որ պարբերաբար իրականացվում է մեր ժողովրդի զավակաց նկատմամբ Արցախում ապրող», - ասաց Կաթոնիկոսն ու խոսքն ուղղեց արցախցիներին․ - «Սիրելի՛ արցախցիներ, զորեղ մնացեք՝ հավատքով, ամուր՝ ոգով և ձեր կամքի մեջ։ Ձեզ բնորոշ արիությամբ, Աստծո զորակցությամբ և օժանդակությամբ կարող պիտի լինենք դիմագրավել և այս փորձությունը։ Մենք հավատում ենք, որ համատեղ ջանքերով ազգիս և միջազգային հանրության զորակցությամբ պիտի ապահովենք ձեր ազատ, ապահով, անվտանգ, անկախ կյանքը։ Տերն օգնական ու պահապան ձեզ, մնացեք Տիրոջ սիրո և խաղաղության մեջ», - ասաց Կաթողիկոսը։
Ադրբեջանը երեկ փակեց Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամուրջը, որը Լաչինի միջանցքում է`ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում։ Բաքվից հայտնեցին, թե տեղում նոր անցակետ են տեղադրել՝ պարզաբանելով՝ «անվտանգության նկատառումներից ելնելով»։ Ադրբեջանի արտգործնախարարությունը մեղադրել է հայկական կողմին Լաչինի ճանապարհի անօրինական օգտագործման մեջ, նշելով, որ այն օգտագործվել է «զենքի և զինամթերքի տեղափոխումը, բնական ռեսուրսների և մշակութային պաշարների ապօրինի արտահանումը, ականների տեղադրումը» կազմակերպելու համար։
Պաշտոնական Ստեփանակերտը Բաքվի այս գործողությունները 2020թ. եռակողմ հայտարարության դրույթների հերթական կոպտագույն խախտում է համարել՝ նշելով՝ Ադրբեջանը սա անում է՝ զուգահեռաբար շարունակելով ապատեղեկատվություն տալ Հայաստանից Արցախ զենքի տեղափոխության վերաբերյալ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ստեփանակերտն ակնկալում է Ռուսաստանի համարժեք արձագանքն ադրբեջանական գործողություններին