Ֆիրդուսի թաղամասի բնակիչներից շատերը դժգոհ են առաջարկվող փոխհատուցումից

Չնայած կառուցապատման ծրագիրը հաստատված է, շինարարությունն էլ սկսված, Երևանի Ֆիրդուս թաղամասում բնակվող մի քանի տասնյակ ընտանիքներ հրաժարվում են դուրս գալ իրենց տներից՝ հայտարարելով, որ կառավարությունը օտարման ծրագրով խախտում է սեփականատերերի իրավունքները։

«Մարդուց դու վերցնում ես գույք, գնահատում ես, լավ ես անում։ Բայց որ դու դա գնահատում ես, որ ամեն ինչը ունենա օբյեկտիվ ավարտ, ընկալելի հասարակության համար, ուրեմն եթե մարդը հրաժարվում ա էդ գումարը վերցնի, դու իրան նույնատիպ ալտերնատիվ գույք առաջարկի», - ասում է թաղամասի բնակիչ Ռուբեն Աթոյանը։

Կառավարությունը մտադիր է մինչև վերջին տունը քանդել Երևանի ամենահին թաղամասը՝ խոստանալով, որ տեղում նոր, ժամանակակից բարձրահարկեր կխոյանան։ Դրանք սակայն հասանելի չեն լինի այստեղ սերունդներով ապրող ընտանիքներին։ Դեռևս կիսակառույց կամ էլ նոր-նոր կառուցվող բնակարաններն արդեն վաճառքի են դրվել՝ քառակուսի մետրը սկսած 3500 դոլարից։ Բայց թաղամասի մեկ տասնյակից ավելի կառուցապատողները տեղի բնակիչներին առաջարկում են մոտ 2 անգամ պակաս գումար՝ հրաժարվելով նրանց տների դիմաց բնակարան հատկացնել իրենց նորակառույցներում։

«Էն հանգամանքը, որ Սահմանադրությունը և օրենքը ասում ա պետք ա փոխհատուցումը տրվի նախնական, հաշվի առնելով էդ օրենքի դրույթը՝ կառավարությունը 2018 թվականին շեշտեց իր որոշման մեջ, որպեսզի բացառվի, ուշադրություն եմ դարձնում էդ բառի վրա ապագայում տեղում կառուցված շենքից բնակարան տրամադրելու փոխհատուցման սկզբունքը», - ասում է Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Շողիկ Երանյանը։

Կառավարության շենքի առջև մի քանի օրվա բողոքի ակցիաներից հետո նա այսօր ընդունեց Ֆիրդուսի բնակիչներին։ Երանյանը օրերս նամակներ էր ուղարկել բնակիչներին, դրանց կցել կառուցապատողի և բնակչի միջև կնքվելիք պայմանագրի օրինակը, առաջարկել ծանոթանալ և կես ամվա ընթացքում դիտողություններ ու առաջարկություններ ներկայացնել։ Պետության պահանջը մեկն է՝ բնակելի տարածքները հանուն գերակա շահի ենթակա են իրացման, բնակիչներն պետք է ազատեն տարածքները՝ փոխհատուցման դիմաց։

«Այնուամենայնիվ, բանակցությունների արդյունքում միգուցե իրենց ուզած գինը վճարվում է։ Իսկ եթե էդ համաձայնությունը չի լինում, այս պարագայում ամեն դեպքում էդ քաղաքաշինական ծրագիրը պետք ա իրականացվի, էդ թաղամասը պետք է վերակառուցվի», - պնդեց Երանյանը։

Եթե նախկինում կառուցապատողները պարտավորվում էին տուն տալ նորակառույցներում, հիմա, ըստ պաշտոնյայի, խնդիրն այլ է. որպեսզի չկրկնվի նախկին ձախողված փորձը, երբ կառուցապատողները բնակիչների սեփականությունը վերցնելուց հետո այդպես էլ տուն չեն տվել, հարցը որոշվել է լուծել նախնական պայմանավորվածության ճանապարհով՝ բնակչին փոխանցելով ողջ գումարը։ Կառուցապատողը կարող է նաև այլ տարածքում բնակարան տալ բնակչին, սակայն ֆիրդուսցիներն ասում են՝ կառուցապատողը գերադասում է էժան տարբերակը՝ իրենց ուղղակի վճարելը։

Նախկին խոստումների պատճառով այս թաղամասում մոտ 7 ընտանիք փակուղում է հայտնվել։ Վլադիմիր Գսպոյանը պատմում է, որ տարիներ առաջ տուն պետք է ստանային հենց այստեղ կառուցվող շենքում, շենքն արդեն կանգուն է, բայց նոր կառուցապատողը հրաժարվում է կատարել հնի պարտավարությունը. - «Իրանք շենքը վաճառել են ուրիշին, ուրիշն էլ ասում ա՝ ես առել եմ առանց ոչ մեկի պարտավորության... ոչ մի բան չեն առաջարկում։ Ասում եմ՝ չե՞ք ուզում, սեփականության վկայականը հետ տվեք մեր։ Մեր տունը էսօր ուզող կա, ծախենք, էրկու հատ բնակարան առնենք։ Էրկու ախպեր ենք, էրկու բնակարան ա մեզ պետք։ Ասում են՝ էդ էլ չենք կարա անենք, հարկային պարտավորվածություն ունենք։ Բա ի՞նչ եք անելու... Հեսա տենանք...»

Չվստահելով կառուցապատողներին՝ բնակիչներն ավելի քան 100 ստորագրությամբ նամակ են ուղարկել կառավարություն՝ առաջարկելով աշխատանքային խումբ ձևավորել ու իրենց հետ քննարկել բոլոր հարցերը՝ ասում է Ռուբեն Աթոյանը. - «Բնակիչները ընտրում են մի հատ կառուցապատող կազմակերպություն։ Էդ կազմակերպությունները անգամներ ավելի լավ պայմաններով կգան, ստեղ կկառուցապատեն»։

Ֆիրդուսի թաղամասի կառուցապատումը 17 տարվա պատմություն ունի։ Հանրային գերակա շահի մասին առաջին անգամ հայտարարվեց 2006 թվականին։ Այն ժամանակ, սակայն, ներդրումային ծրագիրը կիսատ մնաց։

2018-ի մարտին այս ամբողջ տարածքը կրկին գերակա շահ ճանաչվեց, իշխանություններն էլ հայտարարեցին թաղամասի վերակառուցման մեկնարկի մասին։ Այստեղ նախատեսվում է հրապարակ, նոր փողոցներ, բիզնես կենտրոններ ու հյուրանոցներ կառուցել։ Թաղամասի որոշ հատվածներում շինարարությունը սկսվել է մոտ մեկ տարի առաջ, շենքերից մեկն արդեն կանգուն է։

Եթե ամիսներ առաջ բնակիչներին մեկ քառակուսի մետրի համար 750 դոլար էին առաջարկում, այժմ այն կազմում է 1300-1700 դոլար։ Բայց մայրաքաղաքի սրտում գտնվող տարածքում այս գումարով տուն գնել չես կարող, դժգոհում են են բնակիչները։

Ծովինար Գալստյանի բնակարանը Տիգրան Մեծ պողոտայից բաժանված է մի կամարով։ Կառուցապատողների հետ տարիների անպտուղ շփումը խորացրել է նրա անվստահությունը. - «Առաջ, երբ որ գալիս էին բակ, խոսում էին հարևանների հետ, հարևանների խաբում էին, ասում էին բազմաբնակարանային շենք ա, էդ շենքից և' հողից ա հասնում քեզ, և' բալկոններից ա հասնում։ Սա պիտի միացվի, կիսվի հարևանության մեջ ու էդ չափով ստանաք»։

Ֆիրդուսում ժամանակին շուրջն 400 միավոր գույք է եղել, դրանցից 110-ի տերերը հրաժարվում են դուրս գալ տարածքից։ Պաշտոնյայի խոսքով, նրանք գնի շուրջ պետք է բանակցեն կառուցապատողների հետ, հակառակ դեպքում կհասնեն դատարան, այս հարցով դատարանում արդեն 17 վեճ կա։

Փոխհատուցման չափն էլ սահմանում են ոչ թե բնակիչները, այլ մասնագիտական ընկերությունները։ Իսկ թե ինչու է փոխհատուցման չափը էականորեն տարբերվում վաճառքի գներից, ո՛չ կառուցապատողները, ո՛չ էլ պետությունը չեն բացատրում։