Մադրիդյան սկզբունքները ճիշտ հակառակի մասին են․ նախկին արտգործնախարար Վարդան Օսյանյանը, ով հենց այդ սկզբունքների շուրջ է ժամանակին բանակցություններ վարել ադրբեջանական կողմի հետ, հակադարձում է վարչապետին։
Նիկոլ Փաշինյանը վերջին մեկ շաբաթում երկու անգամ հայտարեց, թե այս սկզբունքներով Արցախն, ըստ էության, ճանաչվել է Ադրբեջանի մաս, սակայն այդ մասին չի ասվել ժողովրդրին։
Օսկանյանը, մինչդեռ, պնդում է Մադրիդյան սկզբունքները հայկական դիվանագիտության կարևոր ձեռքբերումներից էին, դրանք այսօր էլ իրենց ուժը չեն կորցրել, իսկ գործող իշխանությունը փորձում է այն փոշիացնել։
«Եթե այդ իմաստով որևէ բան է թելադրում այդ փաստաթուղթը, ապա այն է, որ այդ փաստաթուղթը համանախագահների կողմից ներկայացնելով որպես իրենց առաջարկություն և Ադրբեջանը որպես բանակցությունների հիմք ընդունելով, փաստորեն, նրանք ճանաչում են, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս չէ, և Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իր ճակատագիրը պետք է որոշի հանրաքվեի միջոցով։ Ես իրոք չեմ հասկանում Նիկոլ Փաշինյանի այստեղ դատողությունը, տրամաբանությունը: Միգուցե Նիկոլ Փաշինյանին պետք է հարց տալ, նույն տրամաբանությունից ելնելով, ինչի՞ է ինքն այսօր խաղաղության պայմանագիր ուզում ստորագրի Ադրբեջանի հետ, որի հիմքում լինելու է փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչումը երկու երկրների», - ասաց Օսկանյանը։
Ապրիլի 18-ին խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «Վարդան Օսկանյանը Մադրիդյան սկզբունքներով շիլաշփոթն ավելի խորը շիլաշփոթ է սարքել»։
«Լուծեիք, ժողովուրդ ջան։ Էդքան լավ էր ամեն ինչ, լուծեիք», - ասաց Փաշինյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ակնկալում, որ Ադրբեջանը նույնը անի. ՓաշինյանՕսկանյանն ավելի քան 30 րոպեանոց տեսաուղերձի միջոցով ներկայացրել է՝ ինչ տարբերակներ է առաջարկել փաստաթուղթը և ինչու Փաշինյանին նախորդած երկու ղեկավարները հաջողության չեն հասել։
Ըստ նրա՝ Ռոբերտ Քոչարյանին ժամանակը չի հերիքել, Սերժ Սարգսյանն էլ շեշտը դրել էր երկրորդ՝ ոչ մաքսիմալիստական տարբերակի վրա՝ Ադրբեջանին վերադարձվում էր 5 շրջան, աշխարհը ճանաչում էր Արցախի միջանկյալ կարգավիճակը։
Այս տարբերակին Ադրբեջանը չի համաձայնել, սակայն 1998-ից 2008 թվականը արտաքին գերատեսչությունը ղեկավարած Օսկանյանի պնդմամբ, Փաշինյանն արհամարհեց բոլոր բանակցությունները և հայտարարեց՝ ամեն ինչ զրոյական կետից սկսելու մասին։
Նախկին դիվանագետն ասում է՝ եթե 2018-ին Փաշինյանին հանդիպելու հնարավորություն ունենար, նրան խորհուրդ կտար։ Նման հայտարարություն նա ավելի վաղ էլ էր արել։
«Սեղանի վրա կա նման փաստաթուղթ, մի՛ արհամարհեք, զրոյական կետից մի՛ սկսեք, դա իր մեջ վտանգներ է պարունակում։ Ես իրեն խորհուրդ էի տալու, որ ինքը գնա երրորդ տարբերակով․ ինքը համաձայնվեր Ադրբեջանին վերադարձնել 5 տարածքները փաստաթղթի ստորագրման դեպքում և բանակցել Ադրբեջանի հետ որ Քելբաջարի և Լաչինի ոչ խորհրդային մասը վերադարձվի, դա արդեն իր դիվանագիտական հմտությունների հետ կապված կլիներ, երեքից հինգ տարվա ընթացքում, բայց մինչ այդ Ադրբեջանը պետք է ապացուցեր, որ ինքը ի վիճակի է խաղաղ գոյատևելու իր հարևանի հետ՝ Հայաստանի հետ, բոլոր մյուս երաշխիքները, որ այդ փաստաթղթում կային՝ անվտանգության խորհուրդ, խաղաղապահ ուժերի ներկայություն, միջանկյալ կարգավիճակ, բոլորը պետք է ուժի մեջ մտնեին», - ասաց Օսկանյանը։
Օսկանյանր վստահ է, որ եթե Փաշինյանը գնար այդ ճանապարհով, բոլոր երեք նախկին նախագահները կկանգնեին նրա կողքին։
Նախօրեին Փաշինյանը արձագանքել էր Օսկանյանի հայտարարությանը ու ընդգծել՝ եթե նախկիններն իրեն ասելու բան ունեին, թող գային, ասեին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ի՞նչ կարգավիճակ է առաջարկվել Արցախի համար բանակցությունների ընթացքում. Մադրիդյան սկզբունքներ, Կազանյան պլան