Ճապոնիայում Մեծ յոթնյակի արտգործնախարարների հանդիպման արդյունքում որոշվել է ուժեղացնել համակարգումը երրորդ երկրների կողմից Ռուսաստան զենք մատակարարելու դեմ։ Այն պետությունները, որոնք աջակցում են ռուսական ներխուժմանը Ուկրաինա, դրա համար «բարձր գին» կվճարեն, ասվում է այսօր G7-ի ԱԳ նախարարների ընդունած ամփոփիչ հայտարարությունում։
Առաջատար արդյունաբերական պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները խստորեն դատապարտել են Բելառուսում մարտավարական միջուկային զենք տեղակայելու Մոսկվայի սպառնալիքները՝ դրանք անվանելով «անընդունելի»։ «Ռուսաստանի կողմից քիմիական, կենսաբանական կամ միջուկային զենքի ցանկացած կիրառում կունենա ծանր հետևանքներ»,- ասվում է փաստաթղթի տեքստում։
Նախարարները խոստացել են ուժեղացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ «Մենք վճռական ենք մնում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն է՛լ ավելի ինտենսիվ դարձնելու հարցում», - ասվում է հայտարարությունում։ Հանդիպման մասնակիցները Ռուսաստանի Դաշնությանը կոչ են արել անհապաղ և անվերապահորեն դուրս բերել Ուկրաինայից բոլոր զորքերը և խոստացել են շարունակել աջակցել Կիևին երկրի վերականգնման գործում:
G7-ի արտգործնախարարները Պեկինին մեղադրել են Հարավչինական ծովում լարվածություն հրահրելու մեջ։ «Չկա ոչ մի իրավական հիմք Հարավչինական ծովում Չինաստանի լայնածավալ պահանջների համար, և մենք դատապարտում ենք Չինաստանի ռազմատենչ ակտիվությունը տարածաշրջանում», - հայտարարել են նրանք երկօրյա հանդիպումներից հետո:
G-7-ի ԱԳ նախարարները նաև կոչ են արել Հյուսիսային Կորեային զերծ մնալ միջուկային զենքի կամ բալիստիկ հրթիռների հետագա փորձարկումներից: Նրանք սպառնացել են «արագ, միասնական և վճռական միջազգային պատասխան» Փհենյանի նոր հրթիռային փորձարկումներին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Մեծ յոթնյակի» ԱԳ նախարարները պայմանավորվել են շարունակել աջակցությունը Կիևին