Կապանի մոտակայքում ադրբեջանցի զինծառայողին երեկ բռնած երիտասարդները պատմում են, որ ադրբեջանցուն վնասազերծելու ժամանակ նրա մոտ հայտնաբերել են հեռախոս, որը ենթադրաբար պատկանում է Կապանում նախօրեին սպանված Պղնձամոլիբդենային կոմբինատի 56-ամյա պահակին։
18-ամյա Լևոն Հայրապետյանն ու 19-ամյա Գոռ Օհանջանյանը պատմում են, որ համագյուղացիներից մեկը ճանաչել է սպանված տղամարդու հեռախոսը, ու հենց այդ պատճառով են ենթադրում, որ հենց իրենց բռնած ադրբեջանցին կապ ունի կապանցու սպանության հետ։
«Ազատության» հետ զրույցում նրանց ասացին, որ ադրբեջանցու մոտ եղել են ավտոմատի փամփուշտներ, սև դիմակ, պտուտակահան, կրակայրիչ ու հեռախոս, որն անջատված է եղել։ Հարցին, թե ինչու են ենթադրում, որ Կապանում սպանված պահնորդի հեռախոսն է, երիտասարդներից մեկը պատասխանեց. - «Մեր գյուղան մարդ ա իլալ, ասալ ա՝ նույն հեռախոսան ա, բայց կարալ չեմ ասեմ իրանն ա։ Ասում ա՝ տոչնի նույն հեռախոսներն ա՝ յա էդ թորքին ձեռքինը, յա էդ մարդուն հեռախոսը»։
Երիտասարդներին միայն այսօր են ոստիկանություն կանչել, զրուցել։ Հենց այսօր էլ նրանք իրավապահներին են հանձնել ադրբեջանցու մոտից հայտնաբերած կրակայրիչը։
Երեկ Աղվանի գյուղի բնակիչ Արա Սուքիասյանն «Ազատությանը» պատմել էր, որ ինքն է բռնել ադրբեջանցուն, մինչդեռ Լևոնն ու Գոռը պնդեցին, թե իրենք են առաջին են նրան նկատել, երբ մեքենայով Կապան էին գնում։ Արդեն ադրբեջանցուն բռնել ու ձեռքերը կապել էին, երբ Սուքիասյանը եկել է ու իր մոտի լուսանկարով ճանաչել է փնտրվող ադրբեջանցուն։
Կապանում երեկ ձերբակալված երկրորդ ադրբեջանցին ոստիկանությունն արդեն փոխանցել է Ազգային անվտանգության ծառայությանը (ԱԱԾ)։ Ապրիլի 10-ին Սիսիանում ձերբակալված մյուս ադրբեջանցին նույնպես ԱԱԾ-ում է։
Շուրջ 5 օր է, սակայն, ԱԱԾ-ն լռում է և Հայաստան ներթափանցած ադրբեջանցիների վերաբերյալ որևէ տեղեկություն չի հրապարակում։ Պարզ չէ նաև արդյոք Հայաստանի սահմանն ապօրինի հատելու դեպքով քրեական վարույթ նախաձեռնվել է, թե ոչ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Բռնեցի, ձեռքերը կապեցինք, տիկնոջս ասացի՝ զանգի միլիցիա». ադրբեջանցուն գտած բնակիչԻրավապահներն առայժմ պաշտոնապես չեն հաստատել նաև, թե արդյոք նախօրեին Կապանում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահակի սպանությունը կապ ունի Հայաստան ներթափանցած ադրբեջանցիների հետ։
Տղամարդու սպանության վարույթը թեև իրականացնում է Քննչական կոմիտեն, սակայն կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանն «Ազատությանը» փոխանցեց, որ երեկ ձերբակալված ադրբեջանցին սպանության վարույթի շրջանակներում Քննչական կոմիտեին չի փոխանցվել, նրա հետ քննչական գործողություններ չեն իրականացվել, հետևաբար, մամուլի հրապարակումների առնչությամբ հաստատող կամ հերքող տվյալներ չեն կարող հայտնել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայտնաբերված ադրբեջանցու մոտ գտել են սպանված կապանցու հեռախոսը. Քաջարանի համայնքապետՄամուլը դեռ երեկվանից էր գրում, թե սպանված կապանցի տղամարդու հեռախոսը հայտնաբերվել է Աճանան գյուղի մոտակայքում բռնված ադրբեջանցու մոտ։
Ընդ որում, երեկ համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ ենթադրաբար երեկ ձերբակալված ադրբեջանցին ուղիղ եթեր էր մտել, խոսել հայերի սպանությունների մասին ու պնդել, թե ինքը դավաճան չէ, այլ մեկը, որը պատրաստ է զոհվել հանուն հայրենիքի: Տեսանյութը հետո ջնջվել էր։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանցի զինվորները փախուստի են դիմել նվաստացումների պատճառով. իրավապահների եռօրյա լռությունը վարչապետը խախտեց ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանը քրեական գործ է հարուցել իր զինծառայողին «խոշտանգելու փաստով»Ադրբեջանական լրատվամիջոցների պնդմամբ, հարազատները տեսանյութերում ճանաչել են իրենց որդիներին
Պաշտոնական Բաքուն դեռևս չի հրապարակել Հայաստանի տարածք ներթափանցած ադրբեջանցի զինծառայողների անունները, բայց ադրբեջանական լրատվամիջոցների պնդմամբ, նրանց հարազատները տեսանյութերում ճանաչել են իրենց որդիներին ու ասել, որ երեկ Կապանում ձերբակալվածը Հուսեյն Ախունդովն է, իսկ Սիսիանում ապրիլի 10-ին հայտնաբերվածը՝ Աքշին Բեբիրովը։
Ախունդովի մայրը «Մեյդան Թի-Վի»-ի հետ զրույցում ասել է, թե ո'չ իր տղան և ո'չ էլ Բեբիրովը որևէ պաշտոն չէին զբաղեցնում, սովորական զինվորներ էին։
«Մեզ ասացին, թե նրանց ուղարկել են դիրքերը ստուգելու, մոլորվել են։ Ես դեռ այն ժամանակ Պաշտպանության նախարարությանը հարցրի՝ ինչպե՞ս եք երեխայիս, որ որևէ լիազորություն չունի, գիշերով ուղարկում դիրքերը ստուգելու», - հավելել է նա։
Սիսիանում ձերաբակալված Աքշին Բեբիրովի հորեղբայրը ևս քննադատել է Ադրբեջանի իշխանություններին. - «Իշխանությունները փափուկ բարձ են դնում մեր գլխի տակ՝ թե հանգիստ եղեք, համբերեք։ Բայց ժամանակն անցնում է, քանի օր է արդեն, խելագարվում եմ։ Մինչև ե՞րբ է այսպես շարունակվելու, մտքիս ինչ ասես գալիս է»։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն դիմել է Հայաստանի իշխանություններին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ձերբակալված ադրբեջանցիներին անհապաղ տեսակցելու հարցով արդեն երկխոսության մեջ է Հայաստանի իշխանությունների հետ, կազմակերպությունը նաև կապի մեջ է այդ անձանց ընտանիքի անդամների հետ, «Ազատությանը» փոխանցեց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին։
Նրա խոսքով, այս պահին տեսակցություն դեռ տեղի չի ունեցել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ձերբակալված ադրբեջանցիներին տեսակցելու հարցով ԿԽՄԿ-ն երկխոսության մեջ է ՀՀ իշխանությունների հետ