Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել «ադրբեջանցի զինծառայողին խոշտանգելու փաստով»:
Գերատեսչության հաղորդագրության համաձայն` «մի շարք լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի էջերում տեսանյութեր են տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես է Հայաստանում գերեվարված Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, 2003 թվականին ծնված Ախունդով Հուսեյն Ահլիման օղլուն անմարդկային վերաբերմունքի և խոշտանգումների ենթարկվում»:
«Հրապարակված տեսանյութերի առնչությամբ Գլխավոր դատախազության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 115.2 հոդվածով (գերիների նկատմամբ խոշտանգում, դաժան կամ անմարդկային վերաբերմունք)», - ասվում է Ադրբեջանի գլխավոր դատախազության կայքէջում հրապարակված հաղորդագրությունում:
Ադրբեջանի իրավապահները հավաստիացնում են, թե անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ են ձեռնարկում «մեղավորներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»:
Երկու զինծառայողի մոլորվելու մասին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց ապրիլի 10-ին: Անցած օրերին Հայաստանում ադրբեջանցի մեկ զինվոր էր ձերբակալվել, երկրորդին հայտնաբերելու և ձերբակալելու մասին հաղորդվեց այսօր:
Ներքին գործերի նախարարությունից «Ազատությանը» փոխանցել են, որ հայտնաբերված երկրորդ ադրբեջանցին ոստիկանության բաժանմունքում է։
Հայկական կողմը Բաքվի մեղադրանքներին առայժմ չի արձագանքել: