Խորհրդարանը փակ, գաղտնի քվեարկությամբ այսօր Մհեր Սահակյանին զրկեց անձեռնմխելիությունից։ 65 կողմ ձայնով Ազգային ժողովը համաձայնություն տվեց, որ դատախազությունը ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցի՝ խուլիգանության և առողջությանը թեթև վնաս պատճառելու հոդվածներով։
Սահակյանը մոտ երկու շաբաթ առաջ Ազգային ժողովում Պետաիրավական հանձնաժողովի նիստում բռունցքով հարվածել էր հանձնաժողովի իշխանական նախագահ Վլադիմիր Վարդանյանի հոնքին։ Դեպքից հետո պատգամավորին խորհրդարանից ոստիկանները բերման ենթարկեցին, նա երեք օրով ձերբակալվեց։ Ընդդիմադիրները թեև դատապարտում են բռնությունը, բայց նաև պնդում են, թե թեժ նիստի ընթացքում Սահակյանն ինքնապաշտպանվել է։ Սակայն գլխավոր դատախազը երեկ իր միջնորդությունը ներկայացնելիս հերքեց ինքնապաշտպանության վարկածը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դատախազը Մհեր Սահակյանի դեմ քրեական հետապնդման համար դիմեց ԱԺ«Մեղադրական կողմի դիրքորոշումն այն է, որ անհրաժեշտ պաշտպանությանը բացակայել է», - ասաց Աննա Վարդապետյանը:
Սահակյանն էլ պնդեց՝ դիմել է անհրաժեշտ պաշտպանության. - «Որպեսզի տպավորություն չստեղծվի, որ թաքնվում եմ անձեռնմխելիության քողի տակ, կարծում եմ, գործընկերներս էլ դեմ չեն լինի, որ անձամբ կողմ քվեարկեմ այս միջնորդագրին, քանի որ ինքս շահագրգռված եմ, որ իրականությունը բացահայտվի»:
Մհեր Սահակյանն այսօր չմասնակցեց քվեարկությանը։ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը տեղեկացրեց, որ պատգամավորը մեկնել է Սյունիք։
«Մհեր Սահակյանն այսօր գտնվում է հենց այդ սահմանային գոտում՝ Սյունիքում, և ինքը չի հասցնի քվեարկելու, հաշվենք, որ ինքը կողմ է քվեարկել, որպեսզի իրեն անձեռնմխելիությունից զրկեն, բայց միևնույն է՝ իր կողմ կամ կողմ չքվեարկելը ազդեցություն չի ունենալու, որովհետև քաղաքական մեծամասնությունը որոշել է նրան զրկել անձեռնմխելիությունից», - նշեց Օհանյանը:
Երկակի ստանդարտներն են գործում, պնդում են ընդդիմադիրները՝ թվարկելով՝ ինչ միջադեպերի մասնակիցներ են եղել իշխող խմբակցության պատգամավորները, սակայն իրավապահ մարմինները այսպիսի շտապողականություն չեն դրսևորել։ Օհանյանն այսօր էլ պնդեց՝ Գլխավոր դատախազությունը գործը միակողմանի է քննել։
«Միակողմանի, հրահրող գործունեությամբ, դիրքից, պաշտոնից ելնելով լարում ստեղծելու պայմանավորվածությամբ անցանկալի միջադեպ է տեղի ունեցել, և այդ ամենը դատախազը փորձեց միակողմանի ներկայացնել, իսկ Մհեր Սահակյանն իր խոսքով ճիշտ իրողությունը ներկայացրեց, ընդ որում, նաև հարցադրումներում դրա մասին մեր գործընկերները խոսեցին և ասացին», - նշեց նա:
Գլխավոր դատախազը երեկ պարզաբանեց՝ Սահակյանի մեղքն ապացուցվելու դեպքում նրան սպառնում է հանրային աշխատանք կամ տուգանք։
«Ֆորմալ առումով սա մեկ արարք է, մեկ ոչ մեծ ծանրության հանցագործություն, ուստի Քրեական նոր օրենսգիրքը կատեգորիկ թույլ չի տալիս անձի նկատմամբ ազատազրկման ձևով պատժատեսակը կիրառել», - նշեց Վարդապետյանը:
Գլխավոր դատախազությունը դեռևս տեղեկություն չի հայտնել անձեռնմխելիությունից զրկված Մհեր Սահակյանին մեղադրանք առաջադրելու վերաբերյալ։
Մհեր Սահակյանը ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության արդեն երրորդ պատգամավորն է, որ զրկվում է անձեռնմխելիությունից։ Փետրվարին էլ իշխանականները համաձայնություն տվեցին, որ խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի ու պատգամավորներից Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսվի։
Սեյրան Օհանյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով գույք վատնելու և պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար։ Նրա գործն առնչվում է Պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող շինությունների, ենթադրաբար, ապօրինի վաճառքին։
«Իզմիրլյան» կենտրոնի նախկին տնօրեն Արմեն Չարչյանն էլ, ըստ քրեական գործի, այն բժշկական հանձնաժողովում է եղել, որը 2017 թվականին կեղծ բժշկական եզրակացություն է տվել «Սասնա ծռերի» գործով անցնող մեղադրյալ Արթուր Սարգսյանի առողջական վիճակի մասին։ Երկուսի դեպքում էլ վաղեմության ժամկետի հիմքով կալանավորման միջնորդություն չեղավ։ Չարչյանի գործն արդեն դատարանում է, իսկ Օհանյանի գործով նախաքննությունը նոր է ավարտվել։