ԱԱԾ-ն դեռ որևէ բացատրություն չի տալիս, թե ինչպես են ադրբեջանցիները հատել սահմանն ու հասել Բնունիս, Աշոտավան

Սյունիքի Բնունիս, Աշոտավան համայնքներում՝ հայ-ադրբեջանական սահմանից մոտ 20 կիլոմետր խորության վրա ադրբեջանցիների գտնվելուց մեկ օր անց Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) որևէ բացատրություն չի տվել, թե որտեղից են նրանք հատել հայ-ադրբեջանական սահմանը, ինչպես են հասել Սիսիան, ինչ նպատակով են ներթափացնել, ձերբակալված մեկ ադրբեջանցուց բացի կա արդյոք այլ ձերբակալված։

«Առաջին հերթին հասցեատերը, Հայաստանի պետական սահմանն անցնելու հետ կապված՝ ապօրինի հատելու, և, ընդհանրապես, հատկապես դիվերսիոն խմբի ներխուժման հետ կապված, հասցեատերը Ազգային անվտանգության ծառայության հակահետախուզության ծառայությունն է, նա պետք է պատասխան տա, թե այդ ինչպես է ծառայությունն իրականացրել, կազմակերպել, որ թեկուզ մեկ հոգի անցել է սահմանը», - ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը։

Ադրբեջանցիների ներթափանցման մասին ԱԱԾ-ից պարզաբանումներ սպասող իրավապաշտպանի կարծքիով՝ անորոշությունը մեծացնում է անհանգստությունը Սյունիքի բնակիչների շրջանում, որոնք երեկ «Ազատությանը» պատմել էին, որ սեփական տներում արդեն իրենց ապահով չեն զգում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բնունիս մտած երկու ադրբեջանցիներից մեկին բռնել են, մյուսին փնտրում են․ Սիսիանի համայնքապետ

Երեկ գիշերը դիմակավորված անձինք թակել էին Բնունիսի բնակիչներից մեկի տան դուռը, ոչինչ չէին խոսել, ինչից հետո բնակիչը փակել էր դուռն ու զանգել ոստիկանություն։ Ավելի ուշ Սիսիանի մեկ այլ համայնքի՝ Աշոտավան գյուղի փողոցներից մեկում տեղացիները հայտնաբերել էին մեկ ադբեջանցու ու հանձնել նրան ոստիկաններին։

Երեկ Պաշտպանության նախարարությունը հաստատեց, որ Հայաստանի տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի Զինված ուժերի զինծառայող, որն էլ պատմել է, թե իր հետ եղել է ևս մեկ զինծառայող։

Սիսիանի բնակիչները, սական, վստահ չեն, որ Հայաստան են ներթափանցել ընդամենը երկու հոգի և կասկածներ ունեն, որ հնարավոր է խումբ է հատել հայ-ադրբեջանական սահմանը։ Ո՞վ պետք է պատասխանի բոլորին անհանգստացնող հարցերին։

«Անցած տարվա սեպտեմբերին էլ Ջերմուկի ուղղությամբ, երբ որ հարձակում էին կատարել, մինչև այդ էլ՝ մայիսի 12-ին, էդ բոլոր դեպքերում ոչ մի անգամ մենք չիմացանք, թե ինչ բացատրություն տվեց ԱԱԾ-ի հակահետախուզական այդ բաժինը՝ վարչությունը։ Սա ոչ թե թերություն է, այլ հանցավոր անգործություն է», - ասաց Սաքունցը։

Մինչ իշխանությունները դեռ բացատրություններ չեն տալիս Հայաստան ներթափանցած ադրբեջանցիների մասին, Բնունիսում գյուղացիներն այս գիշեր պինդ կողպել են դռները։ Պաշտոնապես չի հստակեցվել անգամ, թե հայ-ադբեջանական սահմանի որ հատվածից էին ադրբեջանցի զինծառայողները մտել Հայաստան։

Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը երեկ հայտնել էր, թե Սյունիքին սահմանակից նախիջևանի Շահբուզ շրջանի ուղղությամբ ադրբեջանցի երկու զինծառայողներ են մոլորվել՝ «անբարենպաստ եղանակային և սահմանափակ տեսանելիության պայմաններում»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նախիջևանում՝ Հայաստանի հետ սահմանին, ադրբեջանցի երկու զինծառայող է մոլորվել. Ադրբեջանի ՊՆ