Մատչելիության հղումներ

Տարածաշրջանում ռազմաքաղաքական վիճակը շարունակում է մնալ լարված, հայտարարեց վարչապետի պաշտոնակատարը


Տարածաշրջանում ռազմաքաղաքական վիճակը շարունակում է մնալ լարված, այսօր կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով՝ Ադրբեջանի սադրիչ քայլերը և առավելապաշտական նկրտումները նոր սպառնալիքներ են ստեղծում տարածաշրջանի համար, Հայաստանի և Արցախի համար։

Վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց այն առանցքային դերը, որ կատարում է Ռուսաստանը՝ տարածաշրջանում կայունությունն ու անվտանգությունն ապահովելու գործում։

«Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի զիված ուժերի միացյալ խմբավորումը և Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելությունն անկյունաքարային նշանակություն ունեն տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործում։ Միևնույն ժամանակ շարունակում եմ կարծել, որ Ադրբեջանը նպատակ ունի խափանել նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրագործումը՝ մասնավորապես տարածաշրջանային կոմունիկացիաների բացման և Հայաստանի ապաշրջափակման մասով», - ասաց Փաշինյանն՝ ընդգծելով․ - « Ինչպես և նախկինում, Հայաստանը շատ կարևոր և առաջնային է համարում տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը, և մենք պատրաստ ենք շարունակել աշխատանքն այս ուղղությամբ՝ կոնկրետ արդյունքների հասնելու ակնկալիքով»։

Վարչապետի պաշտոնակատարը շեշտեց՝ ակնկալում են, որ Ադրբեջանն օր առաջ կկատարի գերիներին, պատանդներին և այլ պահվող անձանց վերադարձնելու իր ստանձնած գրավոր պարտավորությունը։

Փաշիննյանն անընդունելի համարեց մայիսի 12-ից Սոթք-Խոզնավար հատվածում Հայաստանի սահմանի խախտումը՝ վերահաստատելով երկու կողմերի ստորաբաժանումների հայ-ադրբեջանական սահմանագծից հայելային հետքաշման, ռուս սահմանապահների և/կամ միջազգային դիտորդների տեղակայման ճանապարհով ճգնաժամի լուծման՝ Հայաստանի առաջարկը, ինչը, ինչպես վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց, կարող է անհրաժեշտ պայմաններ ստեղծել սահմանազատման և սահմանգծման ուղղությամբ։

«Վերահաստատում ենք նաև խաղաղ բանակցությունները վերսկսելու նախկինում արտահայտած մեր պատրաստակամությունը։ Տարածաշրջանում խաղաղությունը և կայունությունն այլընտրանք չունեն և ՀՀ կառավարությունը հանձնառու է իրականացնել Հայաստանի, Արցախի և տարածաշրջանի համար խաղաղ դարաշրջան բացելու Հայաստանի ժողովրդից ստացած մանդատը», - եզրափակեց Փաշինյանը։

«ՔՊ-ն տրամադրված է կառուցողական, փոխադարձ հարգանքի վրա հիմնված աշխատանքի»

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նիստի մեկանարկին նախ շնորհավորեց ճգնաժամային պայմաններում «ազատ և մրցակցային խորհրդարանական ընտրությունների» անցկացման կապակցությամբ։

Նա շնորհավորեց նաև «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներին խորհրդարան անցնելու առիթով՝ ընդգծելով՝ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ընտրությունները դարձան ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման միջոց։

«Մենք նախկինում սովոր ենք եղել ընտրությունների արդյունքներով ներքաղաքական ճգնաժամեր ունենալու պրակտիկային», - ասաց Փաշինյանն՝ ընդգծելով՝ «Քաղաքացիական պայմանագիրն» Ազգային ժողովում և Ազգային ժողովից դուրս տրամադրված է կառուցողական, փոխադարձ հարգանքի վրա հիմնված աշխատանքի՝ հանուն երկրի անվտանգության, բարեկեցության և զարգացման։

«Մենք վճռական ենք ժողովրդի առաջ մեր ստանձնած պարտավորությունները լիարժեք կատարելու գործում և պատրաստ ենք համագործակցային, ատելության խոսքից, բռնության խոսույթից, վիրավորանքից, արժանապատվությունը նվաստացնող բառապաշարից զերծ աշխատանքի, ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական ուժերի հետ։ Ինչպես գիտեք, արտախորհրդարանական ուժերի հետ համագործակցությունը ինստիտուցիոնալ տեսք է ստանում այս օրերին, իսկ խորհրդարանական ուժերի հետ համագործակցությունը ինստիտուցիոնալացված է Սահմանադրությամբ և օրենքներով։ Ընդգծում եմ, որ կառավարությունը և խորհրդարանական մեծամասնությունն ընդունում են Սահմանադրական դատարանի ուղերձը և ինչպես քաղաքական, այնպես էլ օրենսդրական և իրավական անհրաժեշտ միջոցները կձեռնարկեն՝ Հայաստանը և ժողովրդին ատելության խոսքից, վիրավորանքից, արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված խոսույթից զերծ պահելու համար»։

Սահմանադրական դատարանն անփոփոխ է թողել ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ-ի որոշումը։ Նոր խորհրդարանը կազմված կլինի 107 պատգամավորից։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա 71 մանդատ, «Հայաստան» դաշինքը` 29, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 7 մանդատ։ Սահմանադրության 90-րդ հոդվածում նորընտիր խորհրդարանի առաջին նիստի գումարման ժամկետ սահմանվում է կազմավորումից հետո` երկրորդ երկուշաբթի օրը։ ​

XS
SM
MD
LG