Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ագրեսիայից մեկ ամիս անց զորքերի դուրսբերման որևէ մեխանիզմ դեռ չի համաձայնեցվել


Սեպտեմբերյան բախումներից մեկ ամիս անց Պաշտպանության նախարարությունը միայն հայտնում է, որ սահմանին իրավիճակը չի փոխվել. տեղացիներն այսօր էլ անզեն աչքով տեսնում են արդբեջանցի զինվորներին, պարզ չէ, թե ինչ ճակատագրի արժանացավ Ջերմուկի բարձունքում շրջափակված ադրբեջանական խումբը, որի մասին հայկական կողմն էր հաղորդել։

Հարձակման պատճառների մասին վարչապետը խոսեց նույն օրը խորհրդարանում հայտարարելով, որ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել նաև Հայաստանի առաջարկած սկզբունքերը հաշվի առնելով. - «Իրենց դիրքորոշումն այն է, որ Ղարաբաղի հարցը լուծված է, կամ առնվազն դա Ադրբեջանի ներքին հարցն է, և իրենք չենք ուզում այդ հարցը քննարկել Հայաստանի Հանրապետության հետ»։

Երբ մարտերը շարունակվում էին Հայաստանի տարածքում, Փաշինյանը Ազգային ժողովի ամբիոնից մտավախություն հնչեցրեց, որ անգամ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելը կարող է չզսպել Ադրբեջանի ախորժակը. - «Նրանք երբեմն սկսում են Նռնաձորից, շարունակում են Զանգեզուրով, կամ Սյունիքի մարզով և ավարտում են Հայաստանի մայրաքաղաք Երևանով»։

Թեև հաջորդ օրը երեկոյան կողմերը հաստատում են հրադադար, լարվածությունը վերջին ամսում պարբերական բռնկումներով պահպանվում է։ Երևանը բարձրաձայնում է, որ նոր հարձակման վտանգ կա, այդ թվում՝ Նախիջևանի կողմից։

Հենց հարձակման գիշերը Հայաստանն անվտանգության խորհրդի նիստ է հրավիրում՝ դիմելով Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի և ՄԱԿ-ի օգնությանը: Ռուսաստանի աջակցության վերաբերյալ պաշտոնական պարզաբանումներ մինչև օրս չեն հնչել՝ արդյո՞ք գործարկվելու է փոխօգնության պայմանագիրը։ Տևական քննարկումներից հետո Ռուսաստանի արտգործնախարարը երեկ միայն ասաց, թե ՀԱՊԿ-ը պատրաստ է դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան։ Դաշինքը, միաժամանակ շտապեց հայտարարել՝ զորք ուղարկելու ծրագրեր չկան։

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, որ Ղազախստան զորք ուղարկելիս հույս էր հայտնում, թե առաջին անգամ ՀԱՊԿ մեխանիզմները գործարկվում են, դժգոհեց՝ այդ հույսն այլևս չկա. - «Այդ հույսը ամբողջովին ի չիքս է դարձել և չկա այդպիսի հույս այլևս։ Միայն քայլերը ՀԱՊԿ-ից, առարկայական քայլեր եթե լինեն, կարող ենք մտածել դրա մասին»։

Հայկական կողմը, սակայն, ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում չունի։ Արցախյան պատերազմից հետո առաջին անգամ հայ-ադրբեջանական բախումների հարցը քննարկման դրվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում․ հինգ մշտական անդամներից չորսը` Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Ռուսաստանը և Մեծ Բրիտանիան (բացառությամբ Չինաստանի) հայտարարեցին, որ հայկական և ադրբեջանական զորքերը պետք է վերադառնան նախկինում զբաղեցրած դիրքեր:

Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Ռուսաստանի հաստատած հրադադարի կոպիտ խախտումն այս անգամ դադարեցվում է Միացյալ Նահանգների՝ անձամբ պետքարտուղար Բլինքենի միջնորդությամբ։

Երևան ժամանած Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին՝ խիստ դատապարտում է ադրբեջանական ագրեսիան. - «Մեր այցը կարևոր է նաև այն առումով, որ այստեղ ենք` լսելու, հասկանալու, թե ինչ կարող ենք անել, ինչ կարող է ակնկալվել մեզանից»։

Առաջին անգամ ամերիկյան կողմն ամենաբարձր մակարդակով՝ Հայաստանի պաշտպանության նախարարի հետ քննարկում է պաշտպանական ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր, կողմերը չեն մանրամասնում՝ ինչի մասին է խոսքը։

Իսկ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Նյու Յորքում կազմակերպում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները. - «Թե' Հայաստանի, թե' Ադրբեջանի առաջնորդների հետ իմ հեռախոսազրույցներում Իլհամ Ալիևն էլ, Նիկոլ Փաշինյանն էլ ասացին, որ պատրաստ են խաղաղության։ Դիվանագիտական այդ ջանքերին աջակցելու համար է Միացյալ Նահանգները բանակցությունների հրավիրել երկու կողմերին»։

Երևանի թափանցիկ ակնարկների ֆոնին, որ հրադադարը ամերիկյան ջանքերով է կյանքի կոչվել, Իլհամ Ալիևը Լաչինից սպառնում է՝ ոչ մեկի զանգը իրեն չի կանգնեցնի. - «Սեպտեմբերի 13-ին, երբ մեր դեմ հերթական սադրանքը իրականացվեց, ադրբեջանական բանակը պատասխանեց ու թշնամուն իր տեղը դրեց: Ես հուսով եմ, որ սա վերջապես դաս կլինի նրանց: Քանի որ տեսան, որ մեզ ոչ ոք և ոչինչ չի կանգնեցնի»։

Ուկրաինական ճակատում նահանջող Ռուսաստանը նյարդային է արձագանքում Արևմուտքի միջնորդական ջանքերին՝ բաց տեքստով դժգոհելով, թե փորձում են խլել Մոսկվայի դերը։ Սակայն բախումներից մեկ շաբաթ անց միայն լռությունը խախտած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկու կողմին է կոչ անում պահպանել հրադադարը՝ չնշելով ով է հրահրել լարվածությունը. - «Ցանկացած կոնֆլիկտային իրավիճակ մեզ մտերիմ պետությունների միջև մեր լուրջ մտահոգությունն է հարուցում: Կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել, անվերապահորեն պահպանել հրադադարը և խստորեն հետևել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների եռակողմ հայտարարություններին»։

Օրեր անց Նիկոլ Փաշինյանը Միացյալ Նահանգներում ՄԱԿ-ի ամբիոնից առանց անուններ տալու քննադատում է Հայաստանի դաշնակիցներին՝ պնդելով, որ անվտանգության տարածաշրջանային կազմակերպությունները պատշաճ չեն արձագանքում Հայաստանի նկատմամբ ագրեսիային՝ լրջագույն հարցեր առաջացնելով հայաստանյան հասարակությունում։

Ապա Հայաստանի ղեկավարը խորհրդարանի ամբիոնից առաջին անգամ դժգոհում է, որ դաշնակից երկիրը զենք չի մատակարարում, զուգահեռ մամուլը գրում է Հնդկաստանիից զենք գնելու գործարքի մասին, Երևանը չի հերքում։

Հայաստանի վրա լայնածավալ հարձակումից հետո Եվրամիությանն է հաջողվում բանակցությունների սեղան վերադարձնել Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին։ Հանդիպմանն ընդառաջ Հայաստանի ղեկավարը Երևանում հնչեցնում է հակամարտության լուծման, ըստ էության, նոր մոտեցում՝ այլևս չխոսելով կարգավիճակի մասին. - «Այո, Հայաստանը և Ադրբեջանը պիտի փոխադարձաբար ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, իսկ Ղարաբաղի հարցի քննարկման հիմնական շահառուն պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը՝ իր ընտրված ներկայացուցիչների միջոցով»։

Լեռնային Ղարաբաղի մասին հիշատակում, սակայն, տեղի չի գտնում Եվրոպական խորհրդի նախագահի և Հայաստանի, Ադրբեջանի ու Ֆրանսիայի առաջնորդների Պրահայում քառակողմ հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարությունում։ Երևանն ու Բաքուն համաձայնում են ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը՝ 1991-ին ընդունված Ալմա Աթիի հռչակագրով ու սկսել սահմանազատումը։

Դեռ բանակցությունները չավարտված՝ ընդմիջմանը Իլհամ Ալիևը շտապում է հստակեցնել. երրորդ կողմի հետ չի քննարկելու Ղարաբաղի հայերի ճակատագիրը. - «Ով կընդունի, որ պետք է ապրել որպես Ադրբեջանի քաղաքացի, կարծում եմ՝ չի զղջա, իսկ եթե ինչ-որ մեկին ինչ-որ պատճառով դա հարմար չէ, կարող են իրենց համար բնակության այլ վայր ընտրել»։

Պրահայում Երևանը նաև համաձայնում է Եվրամիության քաղաքացիական դիտորդներ տեղակայել սահմանին, Բաքուն, մինչդեռ վերապահում է հայտնում. եվրոպացի դիտորդների հետ կհամագործակցի այնքանով, որքանով որ առնչություն կունենա։ Հայաստանի տարածքի օկուպացիայի, ադրբեջանական զորքերի հետքաշման մասին կողմերը հայտարարությունում լռում են։

Ադրբեջանին բացահայտ աջակցում է Թուրքիան՝ պաշտոնական մակարդակով Հայաստանին զգուշացնելով դասեր քաղել ու Ադրբեջանի հետ կնքել խաղաղության պայմանագիրը։ Պրահայում էլ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Ռեջեփ Էրդողանն ասում է՝ նախապայման չունեն, բայց սահմանը կբացեն, եթե Երևանը Բաքվի հետ խաղաղության պայմանագիր կնքի. - «Հենց երկու երկրների միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի, նրանք հասնեն այդ մակարդակին, կարծում եմ՝ մեր կողմից որևէ խնդիր չի լինի, և մենք կբացենք սահմանները, կսկսենք բեռնափոխադրումները և օդային փոխադրումները»։

Մինչև այդ դեռ թղթի վրա է հայ-թուրքական նախորդ պայմանավորվածությունը՝ բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ հնարավոր խաղաղության պայմանագրին, կողմերը հույս ունեն հասնել փաստաթղթի ստորագրմանը մինչև տարեվերջ։ Առաջիկայում Բրյուսելում Ալիև-Փաշինյան բանակցություններն են։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG