Միացյալ Նահանգների ուղերձը հայ - ադրբեջանական սահմանին երկու շաբաթ առաջ սկիզբ առած բախումների առնչությամբ մնում է նույնը՝ Վաշինգտոնը կոչ է անում Բաքվին վերադարձնել զորքերը ելման դիրքեր, կողմերին՝ աշխատել առկա բոլոր խնդիրները լուծել խաղաղ բանակցությունների միջոցով: Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը՝ երեկ ճեպազրույցի ժամանակ պատասխանելով Նյու Յորքում անցած շաբաթ կայացած ԱՄՆ, Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների եռակողմ հանդիպմանը վերաբերող հարցին:
«Մենք կոչ ենք անում Ադրբեջանին վերադարձնել զորքերը ելման դիրքեր: Մենք հորդորում ենք դուրս բերել ռազմական ուժերը և աշխատել Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա բոլոր խնդիրները լուծել խաղաղ բանակցությունների միջոցով», - հայտարարել է Փրայսը՝ շարունակելով. - «Ուժի կիրառումն ընդունելի ճանապարհ չէ: Մենք դա պարզաբանել ենք մասնավոր կերպով, մենք դա նաև հրապարակայնորեն ենք ասել, և ուրախ ենք, որ մեր շարունակական ներգրավվածությունը երկու երկրների հետ, ներառյալ՝ բարձր մակարդակներում, ներառյալ՝ անցյալ շաբաթ Նյու Յորքում, օգնեց դադարեցնել ռազմական գործողությունները, և մենք կշարունակենք ներգրավված լինել ու խրախուսել տևական խաղաղության հասնելու համար անհրաժեշտ աշխատանքը, քանի որ այս հակամարտությունը չունի ռազմական լուծում»:
Փրայսն ընդգծել է, որ ԱՄՆ պետքարտուղարը կարևորել է Նյու Յորք եռակողմ հանդիպումը, և հույս է հայտնել, որ երկխոսությունն առաջիկայում ևս կշարունակվի: «Պետքարտուղարը երկու ղեկավարների հետ զրույցներում նշել է հրադադարի պահպանման կարևորությունը, հանգստություն պահպանելու կարևորությունը, ասել է, որ մենք նվիրված ենք կայուն հրադադարին և խաղաղ կարգավորմանը։ Մենք երկու արտգործնախարարների համար էլ հստակեցրել ենք, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել», - ասել է Պետդեպարտամենտի խոսնակը:
Հարցին՝ «պետքարտուղարը նրանց հորդորեց կրկին հանդիպել մինչև ամսվա վերջ, Ձեր մտքում կա՞ որևէ հատուկ վայր կամ ամսաթիվ», Փրայսն արձագանքել է, որ դա երկու երկրների որոշելիքն է լինելու, ԱՄՆ-ը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև անմիջական ներգրավվածությունը բխում է երկու կողմերի շահերից:
«Մենք առաջարկել ենք օգնել՝ երկկողմ, եռակողմ, բազմակողմ [ձևաչափերով], և իհարկե Եվրամիությունը նույնպես կարևոր դեր է խաղում», - ասել է Պետդեպարտամենտի խոսնակը՝ հավելելով, որ Միացյալ Նահանգները կապի մեջ է ինչպես հայաստանցի, այնպես էլ ադրբեջանցի պաշտոնյաների հետ, և դա կշարունակվի։